Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Աչաջրի բնակիչների արքայանարնջի փողը չի տվել

Ապրիլ 12,2017 14:45

2015թ. սեպտեմբերին Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ Բարեղամ Բադալյանը մեկնել է Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր գյուղ, որտեղ որպես Գարիկ ներկայանալով՝ ծանոթացել, մտերմացել է Աչաջրում պարտաճանաչ մարդու համբավ ունեցող Նշան Գասպարյանի հետ:

Բ. Բադալյանը օգտելով նրանից, որ Ն. Գասպարյանը գյուղում բարի անուն ունի, նրան համոզել է համագյուղացիների մոտ միջնորդել, որպեսզի հետագայում վճարելու պայմանով իրեն արքայանարինջ վաճառեն:

Ն. Գասպարյանը չկասկածելով Բարեղամ Բադալյանի ոչ բարի մտադրության մասին, աչաջրեցիներ Գառնիկ Շահնազարյանին, Սվետլանա Ստեփանյանին, Կարեն Քոքոբելյանին, Հովհաննես Սարիբեկյանին, Նարինե Փիրումյանին, Էմիլյա Սաղաթելյանին, Լյուդմիլա Օհանյանին, Ռուբեն Սաքանյանին, Անահիտ Դովլաթբեկյանին, Սարիբեկ Ասլիբեկյանին, Գարեգին եւ Լիպարիտ Սարուխանյաններին խնդրել է, որ գումարը մի քանի օրից վճարելու պայմանով նրան արքայանարինջ վաճառեն: Նշված անձինք վստահելով Ն. Գասպարյանին՝ ընդհանուր 1943 կգ արքայանարինջ են տվել Բ. Բադալյանին, որի դիմաց պետք է ստանային 371 հազար 800 դրամ:

Բարեղամն անհետացել է, խաբված աչաջրեցիները ստիպված դիմել են ոստիկանություն: 2016թ. հունվարի 13-ին ոստիկանության Իջեւանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: 2016թ. հունիսի 8-ին Բ. Բադալյանը 178 հոդվածի 1-ին մասով նախատեսված 5 ավարտված հանցանքներ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել:

Նկատի ունենալով, որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, Բ. Բադալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նշված պատճառով 2016թ. հուլիսի 16-ին քրեական գործով վարույթը կասեցվել է: 2017թ. հունվարի 20-ին քրեական գործով վարույթը վերսկսվել է, Բ. Բադալյանը ցուցմունք է տվել, որ աչաջրեցիներից վերցված արքայանարինջը տեղափոխել է Արարատի մարզ՝ ավելի թանկ վաճառելու նպատակով, սակայն դա չի կարողացել, մրգի մի մասն էժան է վաճառել, մյուս մասը փչացել է, դեն է նետել: Նա հայտնել է, որ ինքը ցանկացել է աչաջրեցիների պարտքը վերադարձնել, սակայն գումար չի ունեցել, առաջին իսկ հնարավորության դեպքում այդ պարտքերը կմարի:

2017թ. փետրվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա. Ղազարյանը տուժած աչաջրեցիներին հայտնել է, որ Բ. Բադալյանի կողմից խաբեությամբ արքայանարինջ հափշտակելու դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Տուժած աչաջրեցիներն այդ որոշման դեմ բողոք են ներկայացրել Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանին, դատախազը մարտի 13-ին մերժել է բողոքը:

Տուժածներից Գառնիկ Շահնազարյանը մեզ հայտնեց, որ Բարեղամ Բադալյանի խարդախություններից հանրապետության տարբեր բանկեր, վարկային կազմակերպություններ, ֆիզիկական անձինք են տուժել, Բարեղամը մի եզդիից խաբեությամբ 50 ոչխար է հափշտակել, Աչաջուր գյուղից՝ 30 խոճկոր, 100 կգ տավարի միս, թթի օղի:

Իրավապահները տուժած աչաջրեցիներին խորհուրդ են տվել վնասի բռնագանձման հայցով դատարան դիմել, սակայն Գ. Շահնազարյանը վստահ է, որ Բ. Բադալյանն անձնական ունեցվածք չունի,նրա գտնվելու վայրն անհայտ է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930