«Ելք» դաշինքով առաջադրված ավագանու անդամի թեկնածու Անահիտ Բախշյանի համոզմամբ, առաջիկա ավագանու ընտրություններում «Ելքը» հաղթական շանսեր ունի:
«Թիմը երիտասարդ է, աշխատող, բանիմաց, հաճույք է այդ երիտասարդների հետ աշխատելը… այսօր աշխատում ենք ծրագրի վրա, ներկայացվելու է մի ծրագիր, որը շատ կոնկրետ երեւանցիների խնդիրների լուծման ուղղությամբ է գնալու, առաջարկելու է այդ խնդիրների լուծման հնարավոր ճանապարհները: Միակ մտահոգությունս այն է, որ երիտասարդները դեռ տնտեսություն կառավարելու փորձ չունեն, բայց իրենք տեսականորեն տիրապետում են շատ խնդիրների, հույս ունեմ՝ ընթացքում իրենց ձգտումը հմտություն կդառնա, հավատում եմ իրենց»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց տիկին Բախշյանը:
Նա ակնկալում է՝ ավագանու ընտրություններից հետո ավագանու գործունեությունն արմատապես կփոխվի, հասարակությունը կտեսնի Երեւանի ավագանու դեմքը, կհասկանա՝ որքան կարևոր մարմին է. «Երեւանի քաղաքապետի գործունեության վերահսկողության գործառույթը յուրաքանչյուր երեւանցի պետք է կարեւորի, ցանկանա մասնակցել իրեն վերաբերող յուրաքանչյուր որոշմանը»:
Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ որոշեց հենց «Ելք»-ի ցուցակով առաջադրվել, տիկին Բախշյանը պատասխանեց՝ «Հո ՀՀԿ չէ՞ի գնալու, այ քեզ բան»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչո՞ւ ոչ Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանիի» ցուցակով, Անահիտ Բախշյանը պատասխանեց՝ այդ կուսակցությունը բավականին ուշ գրանցվեց, իսկ բացի դրանից. «Զարուհու բոլոր այն քայլերին, որոնք տանում էին նոր կուսակցության ստեղծմանը, ես մասնակից չեմ եղել, անհաղորդ եմ եղել: Բաներ կան, որ ինչպես Զարուհին է ասում՝ ես այդքան բծախնդիր չեմ, ասում է՝ իսկ ինքը բծախնդիր է, ոչ բծախնդրությունս թույլ չտվեց այդ ուղղությամբ գնալ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ