Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ աշակերտը ինքնավնասվել է դպրոցի տնօրենի հետ զրույցից հետո

Ապրիլ 12,2017 13:38

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 127 դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանը (լուսանկարում) պատմում է՝ ինչու իրենց դպրոցի երկու աշակերտները հենց նույն օրը ինքնավնասման փորձ կատարեցին: Պարզվում է՝ երկու տղաները նախկինում այլ դպրոցում համադասարանցիներ են եղել ու տարբեր ժամանակահատվածներում տեղափոխվել են 127 դպրոց, այս պահին նրանք սովորում են նույն դպրոցում, բայց տարբեր դասարաններում. Մեկը՝ տասներորդ, մյուսը՝ տասնմեկերորդ դասարանում:

Պարոն Էլոյանը Aravot.am-ին պատմեց, որ տասներորդ դասարանցու ծնողն իսկապես գրքի վարձավճարը չի կատարել, բայց դեռ անցած տարվանից հայտարարել էր, որ վճարունակ է:

«Այդ տղան, որի ծնողները դասագրքերի վարձավճարը չեն կատարել, ապրում է հոր հետ, հայրն ու մայրն ամուսնալուծված են: Նա 2014 թվականին ավարտել է հիմնական դպրոցն ու երկու տարի դպրոց չի հաճախել: Հայրը 2016 թվականին բերեց, խնդրեց, մենք էլ սահմանված կարգով ընդունեցինք տասներորդ դասարան, նա այս տարի պետք է տասնմեկերորդ դասարանն ավարտեր: Մյուս աշակերտը, որը տասնմեկերորդ դասարանում է սովորում, մեր դպրոց է տեղափոխվել թիվ 30 դպրոցից, այնտեղ վարքային խնդիրներ է ունեցել, տնօրենի հետ որոշեցինք տեղափոխել, միջավայրը փոխել, միգուցե ինչ-որ բան փոխվեր»,- պատմեց դպրոցի տնօրենը:

Տասնմեկերորդ դասարանցին, տնօրենի պատմելով, վճարելու հետ կապված խնդիր չունի, նրա ծնողները վաղուց վճարել են գրքերի համար, իսկ տասներորդ դասարանցու ծնողի հետ իրեն վերջին շրջանում չի հաջողվել կապվել. «Այդ տղայի հայրն աշխատում է մարզերում, քիչ է լինում տանը, մի կողմից երեխան հսկողության տակ չէ, մյուս կողմից՝ հոր հետ հաճախ չեմ կարողանում կոնտակտ ունենալ, որ համագործակցենք ու համատեղ ջանքերով երեխային հսկենք»:

Նա վստահեցրեց, որ երեխայի հետ դասագրքի վճարել-չվճարելու հարցի շուրջ չի խոսել, նկատողություն չի արել. «Աշակերտին ինձ մոտ բերել է դասղեկը ապրիլի յոթին՝ վարքագծային խնդիրների հետ կապված, դասավանդող ուսուցիչները բողոքել են, որ դասերին չի նստում, ինքնակամ դուրս է գալիս դասարանից, երեխան երկու տարի չի սովորել, նա հետ է ընկել ռեժիմից»:

Մեր հարցին՝ ինչու ինքնավնասման փորձը կապվեց դասագրքերի վճարները չկատարելու հետ, պարոն Էլոյանը պատասխանեց. «Տասներորդ դասարանցու կողմից դա սիմուլյացիա է, տասնմեկերորդ դասարանցին, կրկնում եմ՝ նման խնդիր չուներ, նա ընդհանրապես դպրոց էլ չէր մտել այդ օրը, վերջին քսան օրում նույնիսկ դիտողություն էլ չի ստացել, պարզապես դպրոց գալիս տեսել է ընկերոջը, ի դեպ՝ դպրոցի բակի կողքին: Ես դեռ նրանց հետ չեմ հանդիպել, չեմ խոսել՝ ինչու են նման բան արել՝ չնայած տասներորդ դասարանցին երեկ դպրոցի տարածքում պտտվում էր, դուրս եկա, խուսափեց հանդիպելուց, նա վաղը հոր հետ կգա, իսկ տասնմեկերորդ դասարանցին ոստիկանությունում մեկնաբանել է՝ սիրահարված է, աղջկա հետ կապված խնդիր ունի: Կապել երեւույթը վարձավճարի հետ կամ ասել, թե մահափորձ են արել, ծիծաղելի է: Ես որեւէ աշակերտի հետ գումարային որեւէ հարց չեմ քննարկում, տասներորդ դասարանցուն ընդամենն այդ օրն ասել եմ՝ ծնողիդ հետ կգաս երկուշաբթի»:

Ի դեպ, պարոն Էլոյանը նաեւ ասաց, որ երեխաները վնասել են ձեռքի դրսի մասն ու ընդամենը արյուն են հանել, առաջինը ոստիկանն է նկատել, նրանց տարել դպրոցի բուժկետ, ու աշակերտները ստացել են առաջին բուժօգնություն:

Մեր հարցին՝ ինչու ամեն դեպքում, աշակերտը հենց ձեր դիտողությունից հետո է նման քայլի դիմել, վիրավորվե՞լ էր, պարոն Էլոյանը ժխտեց, որ իր դիտողության հետ կապ ունենա, ասաց՝ աշխատանքի իր ոճը համոզելն է, ոչ թե պարտադրելը, իսկ իր աշակերտների հետ ինքը միշտ կոռեկտ է վարվում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ tert.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930