Երևանի Կենտրոնական ավտոկայանում Ռուսաստան մեկնող քաղաքացիների հերթական խումբն է։ «Ես մեկնում եմ Սարատով քաղաք արտագնա աշխատանքի համար, որ բերեմ, ընտանիքս գոյատևի»,- «Ա1+»-ին ասում է մեկնողներից Վահագն Ավդալյանը։
Նա երկու երեխա ունի՝ դուստր և տղա։ 25 տարի Երևանում շինարար է աշխատել, բայց երեխաների մեծանալու հետ ստացված եկամուտը չի բավարարում.
«Գումարը չի ընկնում ետ, ոչ մի բան չես կարողանում տենաս, արդյունք չկա։ Ստաբիլ գործ չկա, որ դու կարողանաս վաղը քո երեխու համար հաց բերես»,- ասում է Վահագնը։
Ռուսաստանում աշխատանքը թույլ է տալիս ընտանիքի նվազագույն ծախսերը հոգալ։ Վահագն Ավդալյանն ասում է. «Հաճելի է, որ մարդ իր օջախում ապրի, իր տան մեջ ապրի, ոչ օտար ափերում։ Շատ տարիներ եմ ես Ռուսաստան եղել։ Ըտենց երկիր ու պետություն չկա, բայց մեր Հայաստանի ցավը տանեմ, թեկուզ սոված էլ է, զատո երկիր է»։
Վահագնը հույս ունի, որ կլինի մի տարի, երբ գարնանը ինքը նորից չի հավաքի ճամպրուկները։ «Երբ որ զգամ, որ կա աշխատանք, աշխատատեղ, նորմալ, գոնե միջին չափով, որ աշխատենք, ունենանք մեր սեփական վաղվա գումարը»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ