Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Քաղաքապետի խնդիրը քաղաքը միայն ծաղկառատ, մաքուր պահելը չէ». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 12,2017 11:53

Հարցազրույց «Ելք» դաշինքի նախընտրական շտաբի պետ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ հետ

-Տարբեր ժամանակներում քաղաքապետի ընտրություններին մասնակից ուժերը հայտարարել են՝ գալիս ենք, որ Երեւանի համար «շատ բաներ անենք»: Դուք ի՞նչ եք խոստանում երեւանցիներին, ի՞նչ նոր ասելիքով եք գալիս:

-«Ելք» դաշինքը ստեղծվել է երկրում փոփոխություններ իրականացնելու հստակ նպատակադրումով, իսկ դաշինքի փոփոխությունների օրակարգն ամենեւին չի սահմանափակվում խորհրդարանական ընտրություններին մասնակցությամբ: Երեւանի քաղաքապետի ընտրությունը համապետականից հետո երկրորդ կարեւոր ընտրություններն են մեր երկրում։ Այդ պատճառով էլ մենք որոշեցինք մասնակցել ու շատ լրջորեն պատրաստվում ենք դրան:

Ինչ վերաբերում է, թե մեր գալով ի՞նչ ենք բերում Երեւանին, ի՞նչ նոր ասելիքով ենք ներկայանալու երեւանցուն, ասեմ, որ մենք արդեն ձեւավորել ենք աշխատանքային խումբ, որն այս պահին մշակում է դաշինքի ծրագիրը։ Կան փորձագետներ, որոնք քաջատեղյակ են Երեւանի խնդիրներին եւ զբաղված են ծրագիրը պատրաստելով: Այնպես որ, այն պատրաստ լինելուն պես կծանոթանաք մեր նոր ասելիքին:

-Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս տարիներին կարողացել է շատ բան փոխել եւ շահել է երեւանցու վստահությունը. ուզեք թե չուզեք, երեւանցիները դժգոհ չեն նրա աշխատանքից, ծաղկառատ ու մաքուր մեր քաղաքը նաեւ օտարների աչքն է շոյում: Դժվար չի՞ լինի «Ելքի» համար պայքարել բարձր վարկանիշ ունեցող քաղաքապետի թեկնածուի դեմ:

-Երեւան քաղաքն ընդդիմադիր քաղաք է, քաղաքապետի ընտրությունն էլ քաղաքական է, քաղաքապետի խնդիրն էլ քաղաքը միայն ծաղկառատ, մաքուր պահելը չէ, մենք թույլ չենք տա, որ այս քաղաքական ընտրությունն իջեցվի եւ հասցվի համատիրության մակարդակի:

Այսինքն՝ մենք հանդես ենք գալու քաղաքական ուղերձներով, մյուս կողմից՝ մարտահրավերներ ենք նետելու այս տարիներին իրականացվող Երեւանի կառավարման դեմ, ցույց ենք տալու, թե ինչ է թաքնված այդ լավ խոսքերի տակ: Իրականում ոչ մի լավ կառավարում էլ տեղի չի ունեցել, եղել է ռեսուրսների վատնում, շատ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան, հովանավորչություն կա: «Ելք» դաշինքն իր թիմով գալիս է այդ ամենը բացառելու, գալիս է նոր սերնդափոխություն իրականացնելու նաեւ այս դաշտում:

-Ինչո՞վ եք համոզված, որ կշահեք երեւանցու քվեն. խորհրդարանական ընտրություններում ձեռք բերած հաջողությո՞ւնն է ձեզ նման վստահություն ներշնչում:

-«Ելքը» մասնակցում է այս ընտրություններին հաղթանակի հավատով, մենք չենք գնում երկրորդ տեղ զբաղեցնելու համար, մենք գնում ենք հաղթելու. սա մեր թիմի միասնական մոտեցումն է:

Իսկ հաղթանակի հարցում մեր համոզվածությունը ծնվում է քաղաքացիների հետ ունեցած մեր ուղիղ շփումներից: Երեւանի ընտրողը հիմնականում ընտրակաշառք վերցնող չէ, հետեւաբար Երեւանում չի գործելու հայտնի ընտրակաշառքի համակարգը: Ահա թե ինչու համոզված ենք, որ Երեւանում հաղթելու ենք:

Ա. Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930