Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ. «Առաջնագծի հակօդային պաշտպանությունը դարձել է անճանաչելի». «Հայ զինվոր»

Ապրիլ 12,2017 12:52

Զրույց ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ

-Պարոն Պողոսյան, քառօրյա մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգը գործել է կազմակերպված: Այս մասին փաստում է այն, որ հակառակորդը, կորցնելով երկու ուղղաթիռ եւ տասնյակ անօդաչու թռչող սարքեր, հրաժարվեց ավիացիայի հետագա կիրառումից: Այնուամենայնիվ, ի՞նչ է արվել մեկ տարվա ընթացքում ՀՕՊ զորքերի մարտական կարողությունները կատարելագործելու համար:

-Նախ՝ նշեմ, որ ՀՕՊ համակարգը միշտ եղել է մեր պետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում: Մինչ ապրիլն էլ այն համակարգված եւ ուղղորդված է զարգացել: Հակառակորդը միլիարդներ էր ծախսում ուժեղացնելու իր ռազմաօդային ուժերը, իսկ մենք, բնականաբար, ձեռք էինք բերում հակազդելու, ասիմետրիկ պատասխան տալու արդյունավետ միջոցներ: Մեր համալիրները տասնապատիկ էժան են, բայց կարող են չեզոքացնել նրանց ձեռքբերումները: Օրինակ` Ս-300 զենիթահրթիռային համալիրները, որոնք ունակ են մեծ հեռավորությունների վրա տասնյակ թիրախներ խոցելու, «Բուկ», «Կուբ» համակարգերը, «Օսա-ԱԿ» մարտական մեքենաները եւս կարելի է արդյունավետ կիրառել: Ապրիլյան գործողություններից հետո, իհարկե, համապատասխան հետեւություններ են արվել: Կտրուկ քայլեր են ձեռնարկվել վերազինման գործընթացը արագացնելու եւ հատկապես առաջնագծի զորամասերի ՀՕՊ համակարգերը ժամանակակից միջոցներով համալրելու ուղղությամբ: Ձեռք են բերվել բավականին խոշոր խմբաքանակի «Իգլա-Ս» եւ «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, որոնք արդեն ներգրավված են մարտական հերթապահությունում: Չափազանցություն չլինի` Արցախի հատկապես արեւելյան ուղղությունում ստեղծված ՀՕՊ պատնեշը այսօր կարող ենք համեմատել Չինական պատի հետ: Մեկ տարվա ընթացքում ստեղծել ենք ամուր հակաուղղաթիռային համակարգ: Գաղտնիք չէ, որ հակառակորդը առաջնագծում ճեղքում իրականացնելու կամ ինչ-որ գործողություն կատարելու համար անպայման փորձելու է կիրառել մարտական ուղղաթիռներ` յուրային զորքին կրակային աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այս վտանգը չեզոքացնելու համար հակաուղղաթիռային համակարգում զգալիորեն ավելացել են նշանուղիները: Եթե հակառակորդը եւս մեկ փորձ նախաձեռնի, կունենա ոչ թե մեկ-երկու ուղղաթիռի կորուստ, այլ հաշված րոպեներում կոչնչացվեն նրա մի քանի տասնյակ ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ:

-Մինչեւ ապրիլ կարծես թե անօդաչու սարքերի կիրառման մարտավարությունը և դրանց դեմ պայքարի եղանակները այդքան էլ մեր ուշադրության կենտրոնում չէին:

-Այո՛: Սակայն մարտական գործողությունների վերջին փորձից ելնելով` ԱԹՍ-ի դեմ պայքարը դարձավ մեր առաջնային ուղղություններից մեկը: Այդ նպատակով ամբողջությամբ վերազինել եւ արդիականացրել ենք մեր զինանոցում առկա զենիթահրթիռային համալիրները` մեծացնելով դրանց հուսալիությունը: Այժմ այդ համակարգերը կարող են զանգվածային կրակ արձակել փոքր նշանակետերի ուղղությամբ եւ արդյունավետ խոցում իրականացնել: Խոսքը ԶՈւ-23-2, Ս-60, ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանների մասին է, որոնք լրահամալրվել են տարբեր նշանոցներով, ջերմատեսիլ սարքերով: Կարելի է ասել` երկրորդ կյանք են ստացել:

 

Նյութի մանրամասները կարդացեք «Հայ զինվոր»ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930