Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Ժողովուրդը գիտի, որ իր քվեն՝ փակ, գաղտնի քվեարկությամբ ամրագրված իր ձայնը, տեղ է հասել». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 12,2017 11:45

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ

-Չնայած հետընտրական իրադրությունն առավել քան երբեւէ հանգիստ է, վերլուծաբանների մի մասն այդ հանգստությունը խաբուսիկ է համարում՝ գնահատելով դա որպես «լռություն՝ փոթորկից առաջ»։ Դուք մթնոլորտում «փոթորկալի իրադարձությունների» լիցքեր տեսնո՞ւմ եք։

-Հանգիստ հետընտրական իրավիճակը վկայում է, որ հանրությունը վստահում է ընտրությունների արդյունքներին։ Ապրիլի 2-ի քվեարկություններից հետո, ի տարբերություն նախորդ բոլոր ընտրությունների, երբ անմիջապես քվեարկության օրը բողոքների տարափ էր սկսվում՝ ուղղված ե՛ւ վերադաս ընտրական հանձնաժողովներին, ե՛ւ ոստիկանությանը, ե՛ւ դատախազությանը, ե՛ւ ԿԸՀ-ին, որեւէ քաղաքական ուժ, ըստ էության, նույնիսկ չբողոքարկեց ընտրությունների արդյունքները՝ ասելով, որ չկա դրա հասարակական պահանջը։

Իսկ ինչո՞ւ չկա. որովհետեւ ժողովուրդը գիտի, որ իր քվեն՝ փակ, գաղտնի քվեարկությամբ ամրագրված իր ձայնը, տեղ է հասել։ Երկարատեւ եւ մանրակրկիտ քննարկումների միջոցով ձեռք բերված իշխանություն-ընդդիմություն կոնսենսուսի պայմաններում ընդունված Ընտրական օրենսգիրքը անվստահության, կասկածների տեղիք չի տալիս՝ ուղղակի տեղ չի թողնում լցոնումների, «կարուսելների» եւ «ավանդական» այլ խախտումների համար։

Կարելի է ասել, որ առաջին անգամ քաղաքական ուժերի ռեակցիան կարծես համարժեք էր ընտրությունների ընթացքին եւ արդյունքներին։

-«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը որոշել է «օրիգինալություն» անել՝ սպառնում է դիմել ՍԴ եւ բողոքարկել ընտրությունների օրինականությունը՝ հղում անելով ընտրական գործընթացում տեղ գտած «համակարգված, զանգվածային խախտումներին»։ Ի՞նչ խնդիր է լուծվում դրանով։

-Ուշադրություն դարձրեք, որ նույն «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը տեւական ժամանակ լռում էր՝ ընտրությունների օրինականությունը բողոքարկելու նույնիսկ միտում չէր դրսեւորում։ Հետո մտածեցին, մտածեցին եւ քաղաքական դաշտում դրսեւորվելու՝ բողոքելու «հիմք» գտան։

Իհարկե, իրենց սահմանադրական իրավունքն է՝ բողոքարկել ընտրությունների արդյունքները, բայց, կարծում եմ, ո՛չ հանրությունն է դրան լուրջ վերաբերվում, ո՛չ մնացած քաղաքական ուժերը։ Որովհետեւ, ունենալով ներկայացուցիչներ ընտրական հանձնաժողովներում, վստահված անձինք բոլոր տեղամասերում, իրենց ձեռքի տակ փաստական հենք ունեցող լուրջ խախտումներ չունեն. միայն «դատարկ թղթեր»՝ մերկապարանոց մեղադրանքներ ընտրական գործընթացում տեղ գտած «զանգվածային խախտումների» վերաբերյալ։

Եվ սա այն դեպքում, երբ Ընտրական օրենսգիրքը, կարելի է ասել, իրենց «ճաշակով» է ձեւվել. իրենք էին ասում, որ այս օրենսգիրքը գործնականում բացառում է տեղամասերում լուրջ խախտումներ արձանագրելու որեւէ հնարավորություն։ Թերեւս իրենք դժգոհ են ոչ թե ընտրությունների ընթացքից, արդարությունից կամ օրինականությունից, այլ իրենց արձանագրած արդյունքներից։ Հո չե՞ն ասելու՝ բողոքարկում ենք, որովհետեւ արդյունքները մեզ չեն բավարարում։

 

Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930