Լրահոս
Օրվա լրահոսը

Ապակողմնորոշիչ թեզեր

Ապրիլ 12,2017 10:23

Հայաստանի քաղաքական կյանքում եւ հատկապես ընտրություններից առաջ հասարակությանը հրամցվում են սխալ, ապակողմնորոշող թեզեր, որոնք ձեւով «ընդդիմադիր» են, բայց բովանդակությամբ նպաստում են իշխանության ամենակարողության եւ անպարտելիության առասպելի ամրապնդմանը: Տրամաբանական է ենթադրել, որ այդ թեզերի սկզբնաղբյուրը հենց իշխանությունն է:

Թեզ 1. Եթե այս կամ այն ընդդիմադիր քաղաքական կամ հասարակական գործչին չեն գնդակահարել, չեն ազատազրկել, եթե նա ազատ խոսում է հեռուստատեսությամբ եւ այլ լրատվամիջոցներով, եթե նա դառնում է Ազգային ժողովի պատգամավոր կամ ավագանու անդամ, ուրեմն «ինչ-որ ստվերային պայմանավորվածություն կա»: Իհարկե, այդ թեզն առաջ են քաշում ընդդիմադիրները՝ փորձելով իրար վարկաբեկել, բայց ակնհայտ է, որ դա, ի վերջո, արժեզրկում է ցանկացած ընդդիմադիր գործունեություն, որն իրականացվում է օրենքի շրջանակներում: Օրինակ՝ քանի՞ անգամ եք այս մեկ ամսվա ընթացքում լսել, թե Կոնգրեսը պայմանավորվել է իշխանության հետ, որ մանդատ ստանա, եւ հենց այդ պատճառով է «Լեւոնն այդպես խոսում», ու դրա համար նրան հրավիրում են Հ1: Չարժե՞ արդյոք գոնե հիմա ասել՝ «ներեցեք, սխալվել ենք»: Այդ հեքիաթը, որը տարածվում է նաեւ այլ ընդդիմադիր ուժերի վրա, խիստ ձեռնտու է իշխանություններին: Իբր, բոլորը տիկնիկներ են, որոնք ղեկավարվում են Բաղրամյան 26-ից:

Թեզ 2. «Ինչ էլ անես, մեկ է՝ կեղծելու են»: Հուսալքության, ապատիկ վիճակի եւ, թող ներվի ասել, գաղջ մթնոլորտի քարոզ է: Նախօրոք, ընտրություններից առաջ ասել, որ ամեն ինչ անիմաստ է, մասնավորապես՝ անիմաստ են բոլոր խոստումները, ելույթները, ծրագրերը: Դա «թարգմանաբար» նշանակում է՝ ինչ որ ասում են, մի լսեք, ոչինչ նշանակություն չունի, ամեն ինչ որոշված է:

Թեզ 3 (նախորդից բխող). «Դու կասկածո՞ւմ ես, որ ՀՀԿ-ն է անցնելու»: Այս եւ նախորդ ընտրությունների ժամանակ այդ թեզով էին «կերակրում» ընտրողներին, որպեսզի նրանք ընտրությունների չգնան կամ՝ որպեսզի գնան եւ փողով, ծանոթով, «ջիգյարով» կամ «թասիբով» ձայնը տան… ՀՀԿ-ին: Որովհետեւ՝ եթե ընտրությունների արդյունքները կանխորոշված են, ապա կարելի է կա՛մ մի քանի կոպեկ փող աշխատել, կա՛մ էլ քո քվեարկությամբ «լավություն անել» ընկերոջդ կամ բարեկամիդ:

Բացի ամեն ինչից, դա նաեւ քաղաքական պայքարի ապօրինի ձեւերի՝ «ընդվզման», «ապստամբության» քարոզ է: Իսկ դրանք ջարդելը Հայաստանի պարագայում մեկից մեկ է:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Մի թարմ ապակողմնորոշիչ թեզ էլ ես մեջբերեմ.
    == Ես չգիտեմ, թե ինչպես են ավարտվելու ընտրությունները, բայց մի բան կարող եմ հաստատ ասել` հաջորդ 5 տարին ընդդիմադիր քաղաքական ուժերի մի մասը պայքարելու է ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: ==

    ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2017/04/12/877124/

    © 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930