Ընտրական հակասական գնահատականներ
Հայաստան-ԵՄ գործընկերությունը` «հաջողության պատմություն»
Մինչեւ ԱԺ ընտրությունները կանխատեսումներ էին հնչում, թե Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նախաստորագրված փաստաթուղթը կստորագրվի մայիսին կամ ամռանը, սակայն վերջերս ժամկետների հետ կապված տարբեր ենթադրություններ են սկսել շրջանառվել:
Մարտ 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել էր Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեւինին եւ Եվրոպական հանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսին։ Նալբանդյանը ողջունել էր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրելու նպատակով ԵՄ պաշտոնյաների այցելությունը եւ վստահություն հայտնել, որ փաստաթուղթը նոր էջ կբացի Հայաստանի եւ ԵՄ-ի եւ նրա անդամ երկրների հետ հարաբերություններում։ Նալբանդյանը շեշտել էր, որ համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում, եւ հավելել, որ այն կարտացոլի Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների խորությունը, մակարդակը եւ ծավալը։
Կարդացեք նաև
Այս հանդիպմանն էլ հաջորդել էր Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը։ ՀՀ անունից համաձայնագիրը նախաստորագրեցին գլխավոր բանակցող, ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ինչպես նաեւ առեւտրական հարցերով բանակցող, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: ԵՄ անունից նախաստորագրել էին գլխավոր բանակցող, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեւինը, ինչպես նաեւ ԵՄ կողմից առեւտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսը։
Հնչում են տեսակետներ, որ ստորագրման ենթակա նոր համաձայնագիրն իր ուժով չի զիջում Ասոցացման համաձայնագրին, քանի որ այն նույնպես իրավաբանորեն կաշկանդող փաստաթուղթ է: Իհարկե, պարզ է, որ համաձայնագիրը չի ներառում խորը եւ համապարփակ առեւտրի գոտին: Ավելին` ամեն ինչ արվեց, որպեսզի համաձայնագիրը չվնասի ԵԱՏՄ-ին Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Հիշեցնենք. փետրվարի վերջին Երեւանն ու Բրյուսելը հայտարարեցին, որ համաձայնության են եկել նոր փաստաթղթի շուրջ:
Մարտի վերջին` ԱԺ ընտրություններից մի քանի օր առաջ, աշխատանքային այցով Մալթայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց ԵԺԿ համագումարին, որտեղ հանդես գալով ելույթով՝ անդրադարձավ ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ համագործակցությանը, երկկողմ գործընկերության ընդլայնման ու խորացման նոր հնարավորություններին ու հեռանկարին` նշելով, որ փետրվարի վերջին տեղի ունեցավ հիրավի պատմական իրադարձություն` ազդարարվեց ԵՄ-ի հետ նոր իրավական փաստաթղթի՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, ապա նախաստորագրեցին այն: «Նախատեսում ենք Արեւելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին ստորագրել այս կարեւոր փաստաթուղթը՝ ապավինելով նաեւ մեր գործընկերների աջակցությանը։ Ուժի մեջ մտնելուց հետո այն նոր էջ կբացի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում՝ ամրապնդելով դրանց ինստիտուցիոնալ հիմքը, ստեղծելով նոր հնարավորություններ մեր գործընկերության ընդլայնման եւ խորացման համար»,- ասաց Ս. Սարգսյանը: Նա նաեւ հավելեց. «ՀՀ-ԵՄ գործընկերությունը հաջողության պատմություն է, հաջողված գործընկերության մոդել, որը մի կողմից՝ Հայաստանի՝ եվրոպական օրակարգի հետեւողականության, մյուս կողմից՝ վերջին տարիներին ԵՄ՝ Արեւելյան գործընկերության երկրների հետ անհատական գործընկերություն զարգացնելու նոր մոտեցման արդյունք է: Այս գործընթացում Հայաստանը սեփական փորձով ցույց տվեց, որ հնարավոր է համադրել տարբեր ինտեգրացիոն գործընթացներ՝ յուրաքանչյուրից քաղելով եւ յուրաքանչյուրին տալով դրականը եւ օգտակարը, ինչը միավորում է պետությունները, այլ ոչ թե բաժանում»:
Կստորագրվի «հավանաբար» նոյեմբերին
Խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված, ընդհանուր առմամբ պահպանվել են հիմնարար ազատությունները՝ ԱԺ ընտրությունների հաջորդ օրը հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները: Միեւնույն ժամանակ, Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարի խոսքով՝ ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկություններն ու ընտրողների վրա գործադրված ճնշումները: «Ցավոք, գործընթացը խարխլվել է ընտրակաշառքների վերաբերյալ հավաստի, կրկնվող տեղեկություններով, ընտրողների, մասնավորապես՝ դպրոցներում ու հիվանդանոցներում քաղաքացիական ծառայողների եւ մասնավոր ընկերությունների աշխատակիցների ահաբեկումներով, ինչպես նաեւ վարչական դիրքի չարաշահմամբ»,- նշել էր Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հեյդի Հաութալան:
Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նախաստորագրված փաստաթուղթը, հավանաբար, Բրյուսելում կստորագրվի նոյեմբերին՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ՝ անցյալ շաբաթ հայտարարեց Հեյդի Հաութալան: Նա նաեւ ընդգծեց, որ ապրիլի 2-ին անցկացված ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականների կատարումն իրենք դիտում են որպես շրջանակային համաձայնագրի իրականացման մաս: Ինչպես նկատում ենք, Հաութալան այնքան էլ միանշանակ չի նշել, որ վստահաբար նոյեմբերին կստորագրվի ՀՀ-ԵՄ փաստաթուղթը:
ԵՄ-ն հետամուտ է Հայաստանի կայուն, ժողովրդավար եւ բարեկեցիկ ապագային
Միաժամանակ ԵՄ-ն հայտարարեց, որ ԱԺ ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը։ «Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացության համաձայն՝ ընտրությունները լավ կազմակերպված էին, եւ ընդհանուր առմամբ առկա էր հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ: Այդուհանդերձ, ընտրությունների վրա ստվեր է գցել արժանահավատ տեղեկատվությունն առ այն, որ եղել են քվեներ գնելու դեպքեր, քաղաքացիական ծառայողների եւ մասնավոր հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, որն էլ իր հերթին հանգեցրեց ընտրությունների նկատմամբ հանրային վստահության պակասի խորացմանը: Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը»,- ասվում էր Հայաստանում ԵՄ պատվիրակության կայքէջում տեղադրված՝ ԵՄ մամուլի խոսնակի հայտարարության մեջ։
ԵՄ-ն հետամուտ է Հայաստանի կայուն, ժողովրդավար եւ բարեկեցիկ ապագային:
«Ընտրական գործընթացների ամփոփումից հետո ակնկալում ենք աշխատել ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան ընտրված նոր խորհրդարանի եւ կառավարության հետ՝ ամրապնդելու քաղաքական երկխոսությունն ու շարունակելու ԵՄ օժանդակությունը սոցիալ-տնտեսական ոլորտի բարեփոխումներին, այդ թվում՝ հիմք ընդունելով վերջերս նախաստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաեւ Եվրոպական հարեւանության վերանայված քաղաքականության ու Արեւելյան գործընկերության ավելի լայն շրջանակը»,- ասվում էր հայտարարության մեջ:
ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը Tweeter-ի իր պաշտոնական միկրոբլոգում շնորհավորեց ՀՀԿ-ին ԱԺ ընտրություններում տարած «մաքուր հաղթանակի» կապակցությամբ. «Մեծ վստահությունը ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, որպեսզի իրականացվող բոլոր անհրաժեշտ բարեփոխումներից օգտվեն քաղաքացիները, եւ բարելավվի ԵՄ-ի հետ հետագա համագործակցությունը»:
Դեպի «կոնսոլիդացված ավտորիտար» ռեժիմ
Չնայած ԱԺ ընտրությունների վերաբերյալ Եվրոպայից դրական գնահատականներին, անգամ արձանագրմանը, որ ընտրությունների արդյունքներն «արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը», այնուամենայնիվ՝ վերջերս բավական մտահոգիչ գնահատականներով հանդես եկավ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որը հրապարակեց «Անցումային շրջանի երկրներ-2017» (Nations in Transit) զեկույցը: Ժողովրդավարության եւ ռեժիմի վարկանիշի գնահատականները հիմնված են 1-7 սանդղակի վրա, որտեղ 1-ը մատնանշում է ժողովրդավարական զարգացման ամենաբարձր մակարդակը, իսկ 7-ը՝ ամենացածր: Զեկույցում Հայաստանն ունի 5.39 միավոր եւ համեմատվում էր Ղրղըզստանի հետ: Ուսումնասիրության համաձայն՝ երկու երկրներն էլ մոտենում են ամրապնդվող ավտորիտար ռեժիմների:
«Հայաստանի եւ Ղրղըզստանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ալմազբեկ Աթամբաեւը պնդում էին, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են խորհրդարանների ժողովրդավարական իշխանությունն ամրապնդելու համար տարածաշրջանում, որտեղ ուժեղ մարդու սինդրոմն էնդեմիկ է: Բայց բարեփոխումների իրական արդյունքը կլինի այն, որ ավելի կամրապնդվեն նախագահների կուսակցությունները եւ օլիգարխիկ էլիտան»,- ասվում էր զեկույցում: Չնայած այն հանգամանքին, որ երկու երկրներն էլ մոտ են կանգնած կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմին, բայց յուրաքանչյուրը պահպանում է քաղաքական պլյուրալիզմ, ինչը խոչընդոտում է մեկ մարդու կամ խմբի դոմինացմանը: Երկու երկրներում էլ նախագահների լիազորությունները մոտենում են ավարտին, եւ նրանք այլեւս չեն կարող առաջադրվել: Ավելին, նրանք չեն կարող վստահ լինել, որ էլիտան կամ հասարակությունը չի ընդվզի, եթե նրանք ուղղակի երկարացնեն իրենց լիազորությունները՝ օրինական կամ անօրինական կերպով: Ուստի սահմանադրական փոփոխությունները Սարգսյանի եւ Աթամբաեւի համար դիտարկվում են որպես իշխանությունը պահելու միջոց:
«Հայաստանի դեպքում՝ բացի այն, որ լիազորություններն անցնում են խորհրդարանին, վերանայված Սահմանադրության ամենաէական դրույթը «կայուն մեծամասնության» ապահովման նոր համակարգի ապահովումն է… Արդյունքում կառավարությունում եւ խորհրդարանում կիշխի ՀՀԿ-ն, որը Սերժ Սարգսյանը կղեկավարի կամ պաշտոնապես, կամ կուլիսների հետեւից»,- ասվում էր զեկույցում:
Հետազոտության համաձայն՝ Հայաստանի, ինչպես նաեւ Ղրղըզստանի դեպքերը ցույց են տալիս՝ ինչպես է զարգանում ավտորիտարիզմը՝ հարմարվելով հանգամանքներին: Բախվելով բնակչության դժգոհությանը, ճնշելով քաղաքացիական հասարակությանը եւ ընդդիմությանը՝ այս երկրների իշխանությունները պետք է գտնեն իշխանությունը պահպանելու այլ միջոցներ: Նրանք կարող են փոխել հենց պետության կառուցվածքը, սակայն նպատակը կայանում է քաղաքական ստատուս-քվոյի պահպանումը՝ նշվում էր զեկույցում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 11.04.2017