Սիգի որսն արգելված է: Սակայն երկու օր է՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում գետնին դրված արկղերով Սեւանի սիգ են վաճառում: Ընդ որում, ոչ թե հասուն ձկներ, այլ մանրաձուկ: Սա այն դեպքում, երբ Սեւանա լճի ձկնապաշարի վերականգնումը մեր պետության համար ռազմավարական նշանակության հարց է, եւ ամեն տարի բյուջեից մեծ գումարներ են հատկացվում Սեւան մանրաձուկ բաց թողնելու համար:
Սիգն իրացվում է Նոր Նորքի զանգվածներում, Արաբկիրում, Կենտրոնում` մայթերին դրված, անցումներում ու կանգառամերձ տարածքներում: Բացի այն, որ փողոցային առեւտուրը, հատկապես նմանօրինակ սննդամթերքի, մեր երկրում արգելված է, որեւէ ոստիկան չէր մոտենում եւ ձկների ծագման, վաճառքի թույլտվության եւ այլ կարեւոր հարցերի մասին վաճառողին հարցուփորձ չէր անում: Ձկնագողերը հաշվարկել են, որ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ կարող են գումարներ աշխատել: Դրանով էլ պայմանավորված` մեկ փոքրիկ ձուկը երեկ վաճառվում էր 500 դրամով: Եթե այդ քանակության ձուկ է դուրս բերվել Սեւանա լճից, մնում է ենթադրել, որ լճում այսօր գոյություն չունի պատշաճ արգելք:
Երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ բնապահպանության նախարարությունից վստահեցրին, որ այս սեզոնին սիգի որսն արգելված է:
Լուսանկարը`
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
11,04.2017