Թե ինչպես փոքր ձեռնարկությունս դարձրեցին ՊԵԿ օպերատիվ-հետախուզական կենտրոնական վարչության ու շքեղ ամենագնացներով զինված գերարհեստավարժ եռյակի սեւեռուն ուշադրության առարկա:
Պետական ատյանների փաղաքուշ ուշադրության կիզակետում են հիմնականում գյուղացիական տնտեսություններն ու փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը, որոնք տնօրինում են անհամեմատ համեստ միջոցների, երբեմն էլ այդ միջոցներից զուրկ են: Այդ զանգվածների վարդագույն սպասումների ու ստացած «կոտրած տաշտակների» մասին հարկ եմ համարում ներկայացնել դիտարկումներս մի դեպքում՝ իրազեկ վկայի, մյուսում՝ դատապարտված հալածյալի կարգավիճակով:
Առաջինը՝ գյուղատնտեսական տնտեսությանը ցուցաբերած բարեգործական միջոցառումների մասին է, ինչու ոչ՝ այլ կերպ, քան «գերշահութաբեր բարեգործություն» չես անվանի: ԳՏ-ներին պարբերաբար տրվում էր անվճար «էլիտար» սերմացու, որը ներկրվում էր արտերկրից ու առանց փորձարկման միանգամից հանձնվում էր հողին եւ համաձայն պարտադրված պայմանագրերի՝ «բարեգործական սերմացուն» ստացող գյուղացին բերքը հավաքելով, անմիջապես 10 ամիս անց պարտավոր էր ստացած ծավալի կրկնապատիկը վերադարձնել, այլ կերպ ասած՝ բնամթերքային վարկ էր ստանում՝ 10 ամիս անց 100% ավելին վերադարձնելու կամ տարվա կտրվածքով՝ 120%-ը վերադարձնելու պայմանով: Այս ամենի հետ կարելի էր համակերպվել, եթե չլինեին լրացուցիչ պայմանները, որի համաձայն՝ սերմացուի գինը սահմանվում էր 1 կգ-ն՝ 400 դրամ, ինչը 2,5 անգամ ավելին էր բարձրորակ ցորենի շուկայական գնից (160 դրամ) եւ 1,8 անգամ ավելին Գյումրու սերմնաբուծական կայանի տրամադրած գերորակյալ եւ գերէլիտար սերմացուի գնից: Վերջին հանգամանքը «բարեգործական» վարկի տոկոսը դարձնում էր 216-300%:
Տողերիս հեղինակը 2012թ. հոկտեմբերին հոգեվարքում հայտնված մեկ աշխատատեղ ունեցող փոքր ձեռնարկության գոյությունը պահպանելու համար փորձեց հողագործությամբ զբաղվել ու կարգավորել տնտեսական ճեղքվածքը: Գյումրու սերմնաբուծական կայանից 220 դրամով ձեռք բերելով սերմացու, իմ գյուղատնտեսական համեստ գիտելիքներով 1 հեկտարից ստացա 5 տոննա բարձրորակ ցորեն: Այս ամենը մանրամասնում եմ մի պարզ պատճառով, թե ինչո՞ւ մեր «մարդասեր» պետական այրերը տեղական սերմնաբուծարանի առաջարկն անտեսելով՝ ներկրել եւ հողագործներին են մատուցել թանկարժեք, եւ ինչպես հետագայում է պարզվել՝ անորակ, ոչ ծլողունակ սերմացու, ինչի հետեւանքով Շիրակի մարզի եւ Արմավիրի գյուղացիները հայտնվել էին դատական քաշքշուկներում եւ ունեզրկվել էին: Ցավոք, հայրենի հարկային համակարգի թեթեւ ձեռքով հողագործությունիցս ստացած արդյունքները վայելել ինձ չէր վիճարկված: 2013թ. սեպտեմբերի 11-ին Մաշտոցի հարկային տեսչության պետ, իմ սերնդի պարկեշտ մտավորական Լենդրոշ Ղալումյանի որդի Գագիկ Ղալումյանի պատվերով ընթացք է տրվում մեզ ունեզրկելու գործընթացներին: Առաջին քայլով, ոչ ավել-ոչ պակաս, մեկ աշխատատեղ, 3 տարում 53,1 մլն շրջանառություն, 4,5 մլն վարկային պարտավորությունով, ամսական 30800 դրամ վարկային պարտք մարելու պարտավորություններով, փոքր ձեռնարկությունս դարձնում են ՊԵԿ օպերատիվ հետախուզական կենտրոնական վարչության ու շքեղ ամենագնացներով զինված գերարհեստավարժ եռյակի սեւեռուն ուշադրության առարկա:
Կարդացեք նաև
«Ստուգումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ եւ 8-րդ հոդվածների բացահայտ խախտումներով բռնագրավում են մեր հաշվապահական փաստաթղթերը, 40 օր հետո ներկայացնում են 7 մլն 580 հազար 308 դրամի պատժաչափով թիվ 1004408 ակտը եւ պարտադրում են ստորագրել: Զարմանալի արագընթաց ՀՀ վարչական դատարանի կարգադրությամբ ԴԱՀԿ ծառայությանն է փոխանցվում սահմանված գումարի բռնագանձման իրավասությունը՝ 379 015 դրամ հավելելով՝ որպես ծառայության վճար: Այդպիսին էր հատուցումը մեր հարափոփոխ բարեփոխումներ կոչված հարկային աճպարարությունների հերթական՝ թիթեռնիկի կյանք ունեցող եւ 2012թ. ԱԺ կողմից շրջանառությունից հանված «Շահութահարկի մասին» օրենքի պահանջներից համապատասխան թղթաստեղծման գործընթացներում մեր թերացումների գինը: Համակերպվելով ծանր իրողության հետ, փորձեցինք օրենքի որոշ դրույթների պահանջներին համահունչ իրականացնել մեր վճարումները: Սակայն հարկային տեսչության գործելաոճը հստակ ներկայացրեց, որ գործող օրենքները մեզ համար չեն: Մասնավորապես՝
1. 24.12.2014թ. Ի-8901 նամակով հավատացնելով, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2 հոդվածի սահմանած կարգով պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց կկազմեն մեր կողմից պարտավորությունների 20%-ի մարումից հետո: Այդ գումարը մարելուց հետո իրենց 03.02.2014թ. եւ 10.02.2014թ. նամակների քմահաճ եւ սպառիչ պատասխանով հրաժարվեցին:
2. Նույն օրենքի հիմքերով պարտավորությունների արագընթաց մարման նպատակով 01.04.2014թ. դիմեցինք 30.2 հոդվածով սահմանված դրույթով «Տոսպ» ԲԲԸ հետ մեր փոխադարձ ակտով հաստատված 3791480 դրամի դեբիտորական պարտքը ուղղել մեր պարտավորությունների մարմանը: Ստացանք 09.04.2014թ. նամակի մերժումը:
3. Մեր խնդրանքով փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտության համար 04.03.2014թ. ՊԵԿԿ-ի քննչական վարչություն ներկայացրած 4 թղթապանակներով փաստաթղթերը 2010-2012թթ. առանց տեղաշարժելու կազմվել է փորձաքննության անհայտ արձանագրություն, իսկ փաստաթղթերն ու արձանագրության օրինակը մեզ չի վերադարձվել:
4. Վերջապես, օրինախախտումների պսակը կարելի է համարել 21.05.2014թ. հնարած թվաբանական զավեշտը, երբ Մաշտոցի հարկայինը մեր 7580308 պարտավորություններից հանելով 3 641100 դրամը՝ արդեն վճարաճի չափը, ստանում են 8137713 դրամ տարբերություն եւ այդպիսի պահանջով արգելափակման պահանջ է ներկայացնում ԴԱՀԿ ու զարմանալի, ոչ մարդկային համառությամբ պնդում իրենց տգիտությունը՝ ամբողջ 8 ամիս չխորշելով նենգափոխել իրական թվերը՝ վճարած 3824877 դրամի փոխարեն 14.10.2014թ. ԴԱՀԿ հարցումին պատասխանելով, թե ընդամենը 2 591610-ն է մեր կողմից վճարվել:
Հարկային տեսչության վերը ներկայացրած ոչ իրավաչափ օրինախախտումները կամ միտումնավոր հիմարությունները մեզ անդառնալի վնաս են պատճառել, մեր գնահատմամբ՝ 2587669 դրամի կարգի եւ այդ վնասի հատուցման հարցով դիմել ենք Մաշտոցի հարկային տեսչություն, ՀՀ ֆինանսների նախարարության բողոքարկման հանձնաժողովին, ՀՀ վարչական դատարան եւ ՀՀ վարչական վերաքննիչ դատարան: Առաջին դիմումը պատասխան չի ունեցել, ստացել ենք ՀՀ ֆինանսների փոխնախարար Վ. Միրումյանի 17.02.2015թ. խուսագրությունը՝ առանց համակարգի աշխատակիցների հանցավոր անօրինականությունների գնահատանքի, իսկ վարչական վերաքննիչ դատարանի կողմից՝ 12 էջանոց մերժում, որով հիմնավորվել էր եւ մեր պարտավորություններին 1198505 դրամի հավելագրումը եւ մեր վճարած պարտավորություններից կատարած վճարի չափի նենգափոխումը ու այն չհատուցելու իրավաչափությունը: Ստիպված ենք եղել ժամանակավորապես դադարեցնել մեր տնտեսվարման գործունեությունը, ավարտել պարտավորությունների մարումը, ինչը հաստատվել է ԴԱՀԿ ծառայության 15.05.2015թ. գրությունով: Սակայն այդ ամենը բավական չէր, որպեսզի Մաշտոցի հարկային տեսչության պաշտոնյաները մեղմեին մեզ ունեզրկելու մոլուցքը եւ վճարումների ավարտից 20 ամիս անց դիմել են արդեն քաղաքացիական դատարան՝ մեզ սնանկ ճանաչելու հայցով, ինչ-որ մտացածին պատկեր վերագրելով մեզ: Այդ ամենը ինքնին ստիպում է մտածել՝ եւ աշխատանքը, եւ իրավունքի պաշտպանությունը փնտրել երկրից դուրս:
ՌՈԼԱՆԴ ԱՎԵՏԻՍՅԱՆ
«Գետակ» ՍՊԸ տնօրեն
«Առավոտ»
11,04.2017