Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին զինվորը դեռ կարգ չունի

Ապրիլ 12,2017 14:30

Վերջին տարիներին ճակատային գծում սահմանային լարվածությունը բազում խնդիրներ առաջացրեց: Շատերիս հիշողության մեջ են ոչ միայն 2016թ. ապրիլյան պատերազմը, այլեւ 2015թ. սեպտեմբերի 25-ի Մատաղիսի (պոլիգոնի) կրակային դասընթացների ժամանակ թշնամու հրետանազենիթահրթիռային համալիրի արձակած հրթիռակոծումը (Ձկ 107մմ ): Ինչի արդյունքում 70 հոգիանոց վաշտը կրեց անդառնալի կորուստներ: Հայկական կողմն ունեցավ 4 զոհ եւ 16 վիրավոր: Վերջիններիս մեջ էր նաեւ ժամկետային զինծառայող Խաչիկ Պապիկյանը:

Ձախ ոտքի սրբանային ոսկորի բեկորային վնասվածք ստացած վիրավոր զինվորին առաջին բուժօգնությունը ցույց են տվել Մարտակերտի հիվանդանոցում, հետո տեղափոխել են Ստեփանակերտ, ուր եւ վիրահատել են: Աջ ոտքի երակը տեղադրել են ձախում՝ որպես զարկերակ: Այս պատճառով նախկին զինվոր Խաչիկը 2015թ. սեպտեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 9-ը ստացել է ստացիոնար բուժում Երեւանի Մուրացանի անվան հիվանդանոցում:

Մեջքի հատվածում վերջին վիրահատության ժամանակ սրբանային ոսկորից բեկոր է հեռացվել: Չնայած Խաչիկը ամիսներ է անցկացրել Երեւանի զինվորական հիվանդանոցում, այժմ էլ շարունակում է դեղորայքային բուժում ստանալ, մշտապես գանգատվում է ոտքի թմրածությունից, ցավերից ու ծանրությունից (մեկ ժամից ավելի ոտքի վրա չի կարողանում մնալ), այդուհանդերձ, 2016թ. մայիսին, երբ նա անցնում էր բժշկական սոցիալական փորձաքննությունը, նրան մերժել են հիվանդության խումբ տալ: Հանձնաժողովն ընդամենն առաջարկել էր մեկանգամյա անվճար բուժման հնարավորություն՝ մեկ տարվա ընթացքում: Շուտով Խ. Պապիկյանը նորից կդիմի ԲՍՓԳ-ին՝ կարգ ստանալու ակնկալիքով, քանի որ առողջական խնդիրներով պայմանավորված՝ որեւէ աշխատանք չի կարողանում կատարել: Ինչո՞ւ զինվորը պատրաստ է ամենաթանկը՝ կյանքը նվիրաբերել հայրենիքին, իսկ հայրենիքն անգամ հասանելիք թոշակը չի հատկացնում:

Հուսանք, որ նախկին զինվորը գոնե ժամանակավորապես կստանա աշխատունակության համար կարգ՝ մինչեւ ապաքինվելը:

 

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ»

11,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել