Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երգիչ Էրիկը խնդիրներ ուներ Թբիլիսիում եւ Երեւանում

Ապրիլ 12,2017 14:00

Նա երկրորդ անգամ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» տիտղոսին

Օրերս Փարիզում՝ հեղինակավոր Zenith համերգասրահում կայացած Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը «Տարվա լավագույն երգիչ» ճանաչված արվեստագետի անունը անակնկալ չէր ոչ հանդիսատեսի եւ հավանաբար՝ ոչ էլ իր համար: Վերջին շրջանում հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչ Էրիկը ցանկալի եւ սպասված հյուր է ոչ միայն բազմաբնույթ միջոցառումներին, այլեւ կորպորատիվներին եւ կառավարական համերգներին: Միայն 2016թ. ընթացքում երգիչը մենահամերգներ ունեցավ Մարզահամերգային համալիրում, ԱՄՆ-ի հանրահայտ «Ալեքս» թատրոնում, Ռուսաստանում, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում, Մոսկվայում էլ թողարկեց Առնո Բաբաջանյանի հայտնի երգի վերնագրով «Քո հետքերը» CD-ն:

Ի դեպ, Էրիկը «Տարվա լավագույն երգիչ» է ճանաչվել նաեւ 2012թ., Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ: Սիրված արտիստը մեր շոու-բիզնեսի հատուկենտ այն ներկայացուցիչներից է, որը գոնե մինչ օրս չի գնացել, ցավոք, մեր երգարվեստում հաճախ հանդիպող ցածրաճաշակ ու ցածրորակ երգերի, տպավորիչ ասած՝ «տաշի-տուշիներ» հրամցնելու ճանապարհով: Ասվածի ապացույցը հենց թեկուզ Բաբաջանյանի «Քո հետքերը» երգն է, որով նա աչքի ընկավ ու առանձնացավ 2011թ. Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» երաժշտական մրցույթում՝ արժանանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

«Առավոտի» հետ զրույցում ծնունդով Թբիլիսիից Էրիկը հիշեց, որ ամեն տարի հաճախում էր Վարդատոնին եւ իր հավաստմամբ՝ «8-9 տարեկան էի, երբ կատարեցի Սայաթ-Նովա եւ մի կին ինձ նվիրեց աշուղի դիմանկարը, ասելով, թե իրեն երազում պատգամել են, թե շուրջ 50 տարվա պատմություն ունեցող դիմանկարը փոխանցի արժանավոր փոքրիկ տղայի, որը ելույթ է ունենալու Վարդատոնին…»:

Մեր զրուցակիցը, որը Թբիլիսիում տարբեր ընտանեկան միջոցառումների ժամանակ 3-4 տարեկանից ելույթ է ունեցել հիմնականում ակորդեոնահար հոր ընկերակցությամբ, ասում է, որ առաջին լուրջ բեմելը 7 տարեկանում էր՝ 1995թ., Ա. Գրիբոյեդովի անվան պետական ակադեմիական թատրոնի բեմում: Նշում է, որ դա էլ դպրոց էր իր համար: «2001-ից սկսած՝ գնում-գալիս էի Երեւան, իսկ վերջնական հաստատվեցի այստեղ 2006թ.»,- հիշեց մեր զրուցակիցը: 2006-10թթ. երգիչն աշխատել է պրոդյուսեր Զարուհի Պետրոսյանի հետ, որը մեզ հետ զրույցում դեռեւս ոչ այնքան հայտնի երգչին մեծ կարիերա էր խոստանում: Հիմա արդեն Էրիկի պրոդյուսերն իր եղբայրն է, ինչի առիթով երգիչն ասում է, որ ազատվել է, իր ներկայացմամբ՝ շա՜տ մեծ բեռից՝ դրանք հեռուստա եւ տեսանկարահանումներն են, ռադիոհաղորդումները, ի վերջո, երգերի ընտրությունը եւ այլն: Ամենակարեւորը՝ երգերի ընտրության հարցում Էրիկը նշեց Արթուր Գրիգորյանի, Ռիչարդ Մադլենյանի, առանձնակի սիրով շեշտեց տաղանդավոր երաժիշտ, երգչուհի Էլվինա Մակարյանի անունները… Հետաքրքրությանը, թե ինչպես է Էլվինայի «Դու նոր կյանք»-ը հայտնվել իր երգացանկում, Էրիկը պարզաբանեց. «Ամերիկաբնակ Արման Աղաջանյանը, որը մտերիմ էր երգչուհու հետ, ձայնագրիչով փոխանցեց իր տեքստով մեղեդին»: Մեզ հետ զրույցում արվեստագետը կարեւորեց երգերի տեքստերը, ասելով, որ ինքն էլ ունի հեղինակային երգեր («Տիեզերք», «Առաջին ու միակ», «Սիրո զանգեր» եւ այլն) եւ բանաստեղծությունների «մասով» համագործակցում է Ավետ Բարսեղյանի, Գրիգոր Կյոքչյանի հետ:

«Վերադառնալով» Վրաստան, երգչից հետաքրքրվեցինք, թե մանկության ու պատանեկության տարիներին ի՞նչ հայկական կատարումներ էր լսում: «Ծնողներս դժվարությամբ էին գտնում, ասենք՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած ջազ նվագախմբի եւ վերջինիս մեներգիչներ Զառա Տոնիկյանի, Գեորգի Մինասյանի, Էլվինա Մակարյանի, Տաթեւիկ Հովհաննիսյանի եւ մյուսների ձայնագրությունները, քանի որ ողջ Թբիլիսիում վաճառվում էր եւ մեծ պահանջարկ ուներ հայկական ռաբիս երաժշտությունը: Բայց ոչինչ, հաճախել եմ երաժշտական դպրոց՝ ջութակի դասարան, երգել եմ արական երգչախմբում եւ հանդիսացել «Հայկ» երգի-պարի անսամբլի մեներգիչ, որով եւ ունեցել եմ շատ շրջագայություններ: Երեւանում հաստատվելու, հիմա չեմ կարող ասել՝ հիմնակա՞ն, թե՞ պատճառներից մեկն էլ ուսումս էր Երեւանի կոնսերվատորիայում: Ընդ որում, Թբիլիսիի բարձրագույն երաժշտական հաստատությունը չունի ջազ վոկալ բաժին»:
Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ ի՞նչ է կարծում, ինքը Թբիլիսիում կդառնա՞ր այն Էրիկը, որ այսօր Երեւանում է, երգիչը երկար մտածելուց հետո պատասխանեց. «Այնտեղ ինձ քանիցս առաջարկել են ազգանվանս յան վերջավորությունից ազատվել, իհարկե՝ չհամաձայնեցի, բայց այստեղ էլ մի ժամանակ եղան խնդիրներ, արդեն ոչ ազգությանս հետ կապված…»: Թե ինչպիսի խնդիրներ, երգիչը չմանրամասնեց:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

11,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930