Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռ Կամսար. «Կյանքումս ես ծեծվել եմ երկու տեղ։ Մեկը՝ դպրոցում, մյուսը՝ Ստալինի ժամանակ բանտում»

Ապրիլ 12,2017 13:30

Ծեծի պատմական տեսությունը

Թե ո՞ր դարում է առաջ եկել ծեծը, հայտնի չէ։

Այն, որ մեր աշակերտության ժամանակ մեզ ծեծում էին եւ ասում՝ «ծեծը դրախտից է եկել», պատմական փաստերով չի ապացուցվում։
Դրախտում Աստված բոլոր իրավունքներն ուներ ծեծելու Եվային իր պատվազանցության համար, բայց չծեծեց։

Հնում մարդիկ ինչքան ասես կռվել են իրար հետ, սպանել, ջարդել, փշրել են, բայց երբեք թույլ չեն տվել իրար ծեծել։

Վայրենին անգամ մորթել կերել է մարդուն, բայց վրան ձեռք չի բարձրացրել։
Ծեծի մասին մենք լսում ենք առաջին անգամ Հին Հունաստանից, մոտավորապես չորս հազար տարի Քրիստոսի թվականությունից առաջ։ Սոկրատեսի կինը, սաստիկ բարկացած, ծեծում է հույն փիլիսոփային եւ դրանով չհագեցած՝ ձեռքի կուլան փշրում է նրա գլխին։ (Զարմանալի կերպով ամեն չար բան կնոջից է գալիս)։

Ծեծն իր բնույթով անհատական է։ Չի պատահել դեպք, որ ազգ ազգի վրա հարձակվի եւ ծեծի նրան։ Հետեւաբար, ծեծը մարդկությունը ծառայեցրել է միայն իր անհատական կարիքների համար։

Ծեծի կողմից մարդուն բախտակից է անասուններից մեր խեղճ ավանակը։ Մարդը նրան էլ է ծեծում անխնա։ Բայց ավանակները մարդուց բախտավոր են նրանով, որ նրա քուռակին չեն ծեծում փոքր ժամանակ, ընդհակառակը, սիրում եւ փայփայում են այնքան ժամանակ, մինչեւ նա ծեծունակ է դառնում։

Իսկ մարդու հետ ճիշտ դրա հակառակն է պատահում։ Մարդու երեխան ծեծվում է տանը ծնողների կողմից, հետո իր ծեծը կատարելագործում է դպրոցում ուսուցչի օգնությամբ։
Ավանակը մարդուց բախտավոր է եւս մի այլ կողմով։ Ամեն երկրում կենդանիների պաշտպան ընկերություններ կան կազմված, որոնք արգելում են անասունի վրա ձեռք բարձրացնել։

Քսանչորս թվականին մեզ մոտ էլ կար, որի նախագահն էր մի տիկին՝ Մալխասյան ազգանունով. նա միջամտում էր գյուղացու գործերին, թույլ չտալով (գեթ) քաղաքում ծեծել իր ավանակին։ Գյուղացին էլ նախ գյուղում ծեծում էր կենդանուն՝ հետո քաղաք իջեցնում։ Շատ երկար քրքրելով պատմական անցյալը, ես չկարողացա իմանալ, թե մարդն առաջին անգամ իրե՞ն է ծեծել, թե՞ ավանակին։ Այս կարգի պրպտումներս ինձ միայն այն եզրակացությանը բերին, որ ծեծը տեղի է ունենում միայն քաղաքակիրթ մարդու եւ ընտանի անասունի շրջանում։ Վայրի գազանին հայտնի չէ, թե ինչ բան է այդ զարմանալի ակտը։ Եթե պետք է պարզել, թե այդ ակտը մարդու ո՞ր ֆիզիոլոգիական պահանջի բավարարումն է, ես չեմ կարող ձեզ ասել, դա ձեզ կասի բժիշկը։
Սուտ, թե սխալ՝ չգիտեմ, մի բժշկական գրքում կարդացել եմ, որ սեռական անտարբերություն ունեցող ամուսինը խնդրում է կնոջը մտրակով ծեծել իրեն՝ եռանդի գալու համար։ Եթե այս բանը ճիշտ լինի, ծեծը կշարունակվի մարդկանց մեջ հավիտյանս հավիտենից ու երբեք չի վերանա աշխարհից։

Կյանքումս ես ծեծվել եմ երկու տեղ։ Մեկը՝ դպրոցում, մյուսը՝ Ստալինի ժամանակ բանտում։ Դպրոցում ծեծվել եմ թվաբանության դասին։ Սխալվում էի, չէի իմանում, որ երկու անգամ երկու անում է չորս։ Ասում էի՝ հինգ։

Իսկ բանտում ճիշտ դրա հակառակը։ Ծեծվում էի ճշմարիտը խոսելուս համար. ասում էին պետք է սխալ խոսես, որ չծեծենք։

Ինքս՝ հարազատ սովետական քաղաքացի, ոչ մի զանցանք չկատարած։ Ասել են՝ կանգնիր, կանգնել եմ, ասել են՝ նստիր, նստել եմ։ Բայց ստիպում էին ինձ խոստովանել, որ ես կառավարության «նստի՛ր» հրամանին կանգնել եմ, իսկ «կանգնի՛ր» հրամանին՝ նստել։ Իսկ ես, որովհետեւ սուտ խոսել չեմ իմանում, չէի խոստովանում այդ բանը եւ ծեծվում էի։
Այս փաստն էլ գալիս է ասելու, որ ծեծը հավիտենական երեւույթ պիտի դառնա։ Որովհետեւ մարդը կամ սուտ պիտի խոսի, կամ ճիշտ ու երկու դեպքում էլ ծեծվի…
Ի՞նչ արած։

Ծեծվենք, տեսնենք՝ մեր վերջն ի՞նչ կլինի։

 

1964թ.

«Առավոտ»

11,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930