Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավ եւ մնայուն աշխատանք

Ապրիլ 12,2017 13:00

Հայոց ցեղասպանության թեման հայերիս համար դարձել է միս ու արյուն, դարձել` մեզանից անբաժան: Ամեն անգամ հիշելիս` աչքերիդ դեմ հառնում են մեկ ու կես միլիոն անմեղ զոհերը: Լույս է տեսել թատերագետ, թատերական պատմաբան Բախտիար Հովակիմյանի «Հայոց ցեղասպանության թեման թատրոնում – 1895-2015» ստվարածավալ աշխատությունը, որտեղ հեղինակն արխիվային հարուստ նյութերի հիման վրա ստեղծել է մնայուն արժեք` հայ գրողների, թատերական գործիչների, մտավորականների այն սերնդի մասին, ովքեր զոհ գնացին թուրք բարբարոսներին:

Հեղինակն անդրադարձել է աշխարհով մեկ սփռված Հայոց ցեղասպանությանը նվիրված պիեսներին` սկսած 1895-ից մինչեւ մեր օրերը: Ներկայացրել է Հայաստանում եւ արտերկրում բեմադրված պիեսները` ներառելով հեղինակին, թարգմանչին, բեմադրիչին, նիարչին եւ դերակատարներին: Աշխատությունը մի ամբողջական եւ արժեքավոր նյութ է այս թեմայով զբաղվողների համար:

Բ.Հովակիմյանը գրքում զգալի տեղ է հատկացրել գրող, դրամատուրգ Ա. Ահարոնյանի «Արցունքի հովիտ» պիեսին, որը բեմադրվել է տարբեր թատրոններում եւ խաղացել են մեծանուն դերասաններ Հ. Աբելյանը, Ի. Ալիխանյանը, Ա. Վրույրը, Օ.Գուլազյանը եւ ուրիշներ: 1922-ին Փարիզի Շան զ’ Էլիզեի թատրոնում ներկայացրել են ժամանակի ոգուն հարազատ «Արցունքի հովիտը»: Դերակատարների թվում են եղել դերասանուհի-երգչուհի Լյուսի Սեւումյանը, Լեւոն Հարութը, Խաչիկ Սվաճյանը եւ ուրիշներ: Պիեսը ներկայացվել է Կոստանցայում (Ռումինիա), Բեյրութում, Կանադայում, Շուշիում, Թուրքիայում եւ այլուր: Մեծ է եղել պիեսի բեմադրությունների աշխարհագրական վայրերը եւ ամենուր արժանացել բարձր գնահատականի: Հեղինակը բոլոր թատրոններում անդրադարձել է ստեղծագործական ողջ կազմին, մանրամասնել եւ կարեւորել պիեսի արժանիքները:
Թատերագետը, բացի պիեսներից եւ թատերախոսականներից, գրքում տեղ է հատկացրել նաեւ հայանպաստ կարեւոր միջոցառումներին, որտեղ ելույթներ են ունեցել ժամանակի հանրաճանաչ գրողներ, մտավորականներ: Նման կարեւոր հավաք է տեղի ունեցել 1916-ին Փարիզի Սորբանի համալսարանի Մեծ դահլիճում, որը կազմակերպել էր «Ֆրանս-արտասահման մերձեցում» միությունը: Հավաքին ներկա են եղել բարձրաստիճան զինվորականներ, տարբեր երկրների պաշտոնական այրեր: «Հավաքի ընթացքում, ի հարգանս հայ ժողովրդի, իրենց սրտագին խոսքն են ասել ժողովրդական լուսավորության նախագահ Պենլեն, ֆրանսիական գրականության նախագահ Անատոլի Ֆրանսը, Էլզասի պատգամավոր` Վերտելեի աբբահայր Ֆերդինանդ Բիշանուն եւ շատ ուրիշ հեղինակավոր մարդիկ» (էջ` 70):

Հայ ժողովրդի մեծ բարեկամ Ա. Ֆրանսը իր ելույթում ասել է. «Երբ սրանից քսան տարի առաջ Սուլթան Աբդուլ Համիդի հրամանով հայերի ջարդերի արյուն էր թափվել, ապա ամբողջ Եվրոպայում գտնվեցին ընդամենը մի քանի ձայներ, որոնք բողոքեցին ընդդեմ ամբողջ ժողովրդի խեղդոցին…

Մի քիչ արյուն, որ մնացել է նրա մեջ, թանկարժեք արյուն է, որից հերոսական սերունդ կծնվի: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել, երբեք չի մեռնի» (էջ` 71):
Հավաքին ներկա են եղել Պողոս Նուբար Փաշան, Արշակ Չոպանյանը, ռուսական մամուլի ներկայացուցիչ Վասիլի Նեմիրովիչ-Դանչենկոն (մոր կողմից հայ) եւ ուրիշներ: Գեղարվեստական մասում, Փարիզի Կոմեդի Ֆրանսեզի, Սառա Բեռնարի թատրոնների մի քանի դերասան-դերասանուհիներ արտասանել են ֆրանսիացի հեղինակների, ինչպես նաեւ Հ. Թումանյանի, Դ. Վարուժանի, Ա. Չոպանյանի բանաստեղծություններից` ֆրանսերեն թարգմանությամբ:

Հայ ժողովրդի մեծ զավակ, գրական-հասարակական գործիչ, աշխարհին քաջ հայտնի Արշակ Չոպանյանը նման մեծ հավաք է կազմակերպել` երախտագիտություն հայտնելով Ֆրանսիային եւ նրա զավակներին:

Տարիներ անց, բազմամարդ հանրահավաք է եղել նաեւ Վրաստանում: «1919-ի հունիսի 22-ին Թբիլիսիի Վանքի մայր եկեղեցու գավթում տեղի է ունեցել միտինգ, որին մասնակցել է 30.000 մարդ: Միտինգում ելույթներ են ունեցել Հ. Թումանյանը եւ ուրիշ անվանի գործիչներ` Ղարաբաղը Մայր Հայաստանին միացնելու կոչով» (էջ` 316):
Գրքում առանձին էջեր տոգորված են հայրենասիրական ոգով: Դ. Վարուժանի «Ցեղին սիրտը» շարքից «Արմենուհի» բանաստեղծությունը բեմականացրել է Հակոբ Սիրունին: Սյուժեն թեեւ ներկայացված է շատ համառոտ, բայց կարդացվում է չթուլացող հետաքրքրությամբ:

Բ.Հովակիմյանը հատուկ բաժին է հատկացրել այն թատերական գործիչներին, որոնք զոհ գնացին 1915-ին, հարուստ փաստերով` անուններով, ծննդյան ու մահվան տարեթվերով եւ վայրերով: Նրանց թվում է`
Զոհրապ/յան/ Գրիգոր Խաչիկի (14,6,1861 Կ.Պոլիս-սպանվ. 7. 10 1915 Ուրֆայի մոտ)- գրող, խմբագիր, իրավաբան, հրապարակախոս: «Զոհրապը բավականին առնչություններ է ունեցել թատերական գործիչների հետ, գնահատել նրանց աշխատանքը: Սիրանույշի Մարգարիտա Գոտիեի («Կամելազարդ տիկին») դերակատարության առթիվ, 1892-ին «Հայրենիք»-ում գրել է. «Քաջ կխոսի հայերենը, բան մը քիչ-քիչ պակսելու վրա է դերասաններեն շատերուն»: Մի այլ առիթով գրել է. «Դերասանական արվեստը միջակություն չընդունիր» (էջ` 87):

Խաժակ (Խաժակյան) Գարեգին Կարապետի (6.8.1867 Ալեքսանդրապոլ-սպանվ. հուլիս 1915 Տիգրանակերտ)- գրող, թարգմանիչ, թատերական քննադատ, հրապարակագիր: Թարգմանել է Ֆ.Դոստոեւսկու «Ապուշը», Գ.Հաուպտմանի «Ռոզա Բերնդ», Ա. Շնիցլերի «Կտակ», Ն.Տիմկովսկու «Ուժեղներ եւ թույլեր» պիեսները: (էջ` 88)
Եվ այսպես. Բ.Հովակիմյանը մեկ առ մեկ թվարկել է նրանց, որոնք ժամանակին եղել են առաջադեմ մտավորականներ, գրական եւ թատերական գործիչներ: Ցավոք, բոլորը զոհ գնացին 1915-ին…

Գրքի ամենամեծ արժանիքներից է նաեւ այն, որ հեղինակը Հայոց ցեղասպանությանը նվիրված պիեսները (հայ եւ օտար) տարբեր երկրների, տարբեր հեղինակների, տարբեր դերակատարների մասնակցությամբ բեմադրությունները մեկտեղել է մի գրքում: Սա եզակի աշխատություն է, որն արժանի է ուշադրության:
Բ.Հովակիմյանը կազմել է «Հայոց ցեղասպանության եւ նրա հետեւանքների թեմայով գրված պիեսների բեմադրությունների վայրերի ցանկ»: Աշխարհի, գրեթե, բոլոր քաղաքակիրթ երկրների առաջադեմ թատրոնները բեմադրել են Հայոց ցեղասպանությանը նվիրված պիեսներ:

Հեղինակն առանձին բաժին է հատկացրել հայ գրողներին, որոնք իրենց ստեղծագործություններում անդրադարձել են եղեռնի թեմային:
Արվեստագետը գրքի վերջում զետեղել է տարբեր տարիների եւ տարբեր երկրներում բեմադրված ներկայացումներից լուսանկարներ, որոնք ավելի են ամբողջացնում եւ կարեւորում հեղինակի կատարած աշխատանքը:
Մոտենում է Մեծ եղեռնի 102-րդ տարելիցը: Սույն գիրքը դառնում է ավելի արժեքավոր եւ նպատակային:

Գիրքը բարձր որակով տպագրվել է «Էդիտ Պրինտ» տպարանում, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

 

ՅԱՇԱ ՉԱԽՈՅԱՆ

«Առավոտ»

11,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930