Հաճախ կոշիկ գնելուց հետո, կարող եք անհարմարություն զգալ, որը բացառելու համար պետք է իմանալ, որ կոշիկ գնելու հարմարագույն ժամանակը հետմիջօրեն է կամ երեկոյան, քանի որ այդ ժամանակ ոտքերը լինում են իրենց իսկական ծավալի եւ ձեւի մեջ:
Նոր կոշիկներ գնելիս առավելությունը տվեք բնական կաշվից կարված կոշիկներին:
Կոշիկները չեն ճռճռա, եթե ներբաններին բուսական յուղ քսեք եւ մի քանի ժամ պահելուց հետո սովորականի նման մաքրեք:
Եթե կաշվե կոշիկների վրա սպիտակ բծեր են առաջացել, ծփեք քացախով:
Խոնավ կոշիկները շփեք գլիցերինով:
Նեղ կոշիկները կլայնանան, եթե դրանց մեջ խոնավ լրագիր խցկեք, կամ կոշիկի մեջ մի քիչ քացախ լցրեք եւ հագեք:
Եթե նոր կոշիկների կոպիտ կրկնամասերը ցավեցնում են, ծեփեք մոմով, խոնավ օճառով կամ սպիրտով:
Կարդացեք նաև
Լաքապատ կոշիկները մաքրեք կաթի մեջ թաթախված լաթի կտորով, այնուհետեւ չորանալուց հետո շփեք կիսված սոխով եւ փայլեցրեք թավշյա կտորով:
Լաքապատ կոշիկները լավ կպահպանվեն, եթե ժամանակ առ ժամանակ դրանց վրա գլիցերին քսեք:
Որպեսզի լաքապատ կոշիկները չճաքեն, դրանք պահեք թղթի մեջ փաթաթած:
Եթե թավշյա կոշիկները խամրել են ու կորցրել են տեսքը, խամրած մասերին չոր աղ քսեք եւ մաքրեք խոզանակով: Կարող եք մաքրել նաեւ անուշադրի սպիրտի մեջ թրջած լաթով, հետո ռետինով:
Թավշյա կոշիկների մշտափայլ մասերը վերացնելու համար անհրաժեշտ է նախ սրբել փոշին եւ կեղտը խոզանակով, հետո մաքրել սովորական ռետինով, իսկ մազախավը վերականգնելու համար շփել նուրբ հղկաթղթով:
Բաց գույնի կոշիկները թարմացնելու համար կարելի է օգտագործել օճառաջուր եւ անգույն կրեմ:
Սպիտակ կոշիկները շաբաթը մեկ անգամ սրբեք կաթով կամ թթվասերով:
Եթե կոշիկի կաշին չորացել է, արեւածաղկի թարմ յուղ քսեք:
Կաշվե մաշված կոշիկները թարմացրեք նարնջի կեղեւով:
Կոշիկի վրա թափված յուղաներկի թարմ հետքերը կարելի է մաքրել բուսական յուղով:
Նշեմ նաեւ, որ կոշիկները պետք է մաքրել ոչ թե տնից դուրս գալուց առաջ, այլ ներս մտնելուց հետո: Կոշիկների վրա քսուք քսեք եւ թողեք մինչեւ առավոտ, այնուհետեւ փայլեցրեք:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
11,04.2017