Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատական հեռանկար ենք տեսնում այս գործով, հակառակ պարագայում այդ ծանրության տակ չէինք մտնի». Իոաննիսյանին դատի տված տնօրենների փաստաբան

Ապրիլ 11,2017 22:33

Դպրոցների և մանկապարտեզների 30 տնօրեններ, որոնք պահանջում են, որ դատարանը պարտավորեցնի Դանիել Իոաննիսյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալներ ինքնակամ ու իրենց որոշմամբ են դիմել փաստաբան Հարություն Հարությունյանի պաշտպանությանը, վստահեցնում է հենց Հարությունյանը:

Մեր հարցին, թե ՀՀԿ –ի աջակցությունը Դանիել Իոաննիսյանին և «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությանը դատի տված 30 տնօրենների նախաձեռնությանը արդյոք ճնշում չի՞ լինի դատարանի վրա՝ անաչառ քննություն անցկացնելու համար, պարոն Հարությունյանը պատասխանեց.

«Ես Հանրապետական կուսակցության փոխնախագահի մեկնաբանություններին չեմ անդրադառնա, որպես իրավաբան իմ մասնագիտական աշխատանքն եմ անում: Ինչպես ցանկացած այլ գործով, այս գործով եւս, մենք որոշել ենք դատական պաշտպանության դիմել, միայն մեր վստահորդների հետ առանձնազրույց ունենալու, նրանց հետ դատական հեռանկար քննարկելու եւ միասին համատեղ որոշել ենք՝ դիմում ենք դատարան, թե՝ոչ, քաղաքական որեւէ ենթատեքստ չեմ տեսնում, իմ վստահորդներն անհատապես ե՛ւ դպրոցների, ե՛ւ մանկապարտեզների տնօրեններն են՝ թվով մոտ երեսուն հոգի, ոչ միայն քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, այլեւ իրականության մեջ էլ չկա:  Դատական հեռանկար ենք տեսնում այս գործով, հակառակ պարագայում այդ ծանրության տակ չէինք մտնի»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ իրենց կուսակցությունն աջակցում է Դանիել Իոաննիսյանին և «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությանը դատի տված 30 տնօրենների նախաձեռնությանը:

Մեր հարցին՝ ի՞նչն են տնօրենները զրպարտություն համարում, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Ընտրական Օրենսգիրքը ցանկացած ընտրողի հնարավորություն է տալիս քարոզչությամբ զբաղվել ու քարոզչական նյութեր տարածել, մանկավարժների մասով միակ արգելքը, որը գործում է, իրենց լիազորություններն իրականացնելիս քարոզչական նյութեր տարածելու մասով է, այս դեպքում մեզ դիմած մարդկանց մեծամասնությունը ՀՀԿ անդամ են, նրանք հանգստի ժամին, աշխատանքից դուրս իրավունք ունեն ու չեն էլ հերքում, որ այդ օրերին քարոզչություն արել են, այս դեպքում բարձրաձայնել, որ տնօրենները քարոզչությամբ են զբաղվում, ՀՀԿ վարչական ռեսուրս են օգտագործում, իսկ հրապարակված հոդվածի բովանդակությունից ակնհայտ է, որ ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը իբր իրականացվել է մանկապարտեզների ու դպրոցների տնօրենների, նրանց աշխատակիցների միջոցով աշխատանքային ժամերին, զրպարտություն է:

Հրապարակվում են տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Նաեւ Սահմանադրական դատարանի նախադեպային մոտեցումներ կան, եթե անձին վերագրում ես հակաիրավական, հակաբարոյական  արարք, որը նաեւ նախատեսված է քրեական օրենսգրքով կամ իր բնույթով հանցանք չէ, զանցանք է, այդ դեպքում գործ ունենք դասական զրպարտության հետ: Կարդացողի մոտ այդ տպավորությունն է, որ տնօրեններն իրենց մանկավարժական գործընթացը թողած՝ զբաղված են ձայներ հավաքագրելով, ինչը վստահորդներիս պնդմամբ այդպես չէ»:

Մեր դիտարկմանը, թե ձայնագրությունները տարածած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ հակադարձում է, թե իրենք տնօրեններին չեն զրպարտել, պարզապես ձայնագրություններն են հրապարակել, պարոն Հարությունյանը շարունակեց. «Այս մասով չեմ ուզում բոլոր փակագծերը բացած լինել զուտ դատավարական մրցակցության առումով, դատարանում այդ մասով մեր դիրքորոշումը հստակ կհայտնենք, կա ձայնագրություն, ձայնագրության  հիման վրա կա տպագրված հոդված՝ sut.am կայքում: Այ հենց այդ ձայնագրությունը իրավաչա՞փ է, թե ոչ իրավաչափ, մենք դատարանում մեր դիրքորոշումը կբարձրաձայնենք»:

Մեր հարցին, իսկ ինչպես ստացվեց, որ տնօրենների կողմից զրպարտություն համարվող ձայնագրություններից մեկով գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց, այժմ էլ նախաքննություն է ընթանում, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Քրեական գործը ինչ հիմքով է հարուցված, ես այդ տեղեկությանը չեմ տիրապետում, մենք ունենք ընդամենը երեսուն հայցվոր, ում մասով որ քրեական գործ է հարուցվել, ես չեմ ճանաչում այդ անձին, հետը քննարկում չեմ արել, դրա համար այդ մասով՝ ինչու որոշեցին նյութեր նախապատրաստել, չեմ կարող մեկնաբանել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930