Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը կմերժի՞ մուտքի վիզա տրամադրել հայ ընտրակեղծարարներին․ ԵՄ դեսպանի պարզաբանումը

Ապրիլ 11,2017 19:22

Այսօր Գյումրի էր այցելել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Լրագրողները նրանից կարծիք հարցրեցին ապրիլի 2-ին ՀՀ-ում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների մասին։

Հիշեցնենք, որ Հայաստանում թափանցիկ ընտրությունների անցկացման համար Եվրամիությունը որպես քաղաքական աջակցություն 7 միլիոն եվրո էր տրամադրել մեր երկրին, որից 4 միլիոնը՝ էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրման համար, 2 միլիոն եվրոն ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրման ու ուղիղ հեռարձակում ապահովելու համար, մեկ միլիոն եվրոն էլ դիտորդական առաքելության ու ընտրական այլ գործառույթների աջակցման համար։

Դեսպանը նշելով, որ Եվրամիությունն արդեն արտահայտել է իր կարծիքը ընտրությունների վերաբերյալ, ներկայացրեց իր սեփական գնահատականը, որը, ըստ նրա, հիմնված է դիտորդական առաքելության խոսնակի գնահատականների վրա։ «Ես կցանկանայի այս հնարավորությունից օգտվել և շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, որոնք իրականացրեցին այդ ծրագիրը, որ ֆինանսավորված է Եվրամիության կողմից, որը նվիրված էր քվեարկողների նույնականացման տեխնոլոգիայի և տեսախցիկների և իրենց գերազանց ջանքերի ներդրման համար։

Որպես Եվրամիություն՝ մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես է մեր տրամադրված ֆինանսական միջոցը օգտագործվել այս ընտրությունների ընթացքում։ Իմ երախտիքի խոսքը, հատկապես ուղղված է 400 երիտասարդ խմբերին, որոնք հիմնականում կանայք են, թեև ոչ միայն կանայք են, նրանք լուրջ ջանքեր գործադրեցին հաջողելու։ Ես ինքս ներկա էի մի քանի ընտրատեղամասերում և տեսա այս երիտասարդ հայերի բարձր պրոֆեսիոնալիզմը, տեսա էներգիան, որը նրանք ներդրել էին։ Եվ հենց նրանք էին, որոնց մենք հատկապես երախտապարտ ենք ու շնորհակալ, որովհետև այս ծրագիրը շատ մեծ ռիսկ էր պարունակում։ Այս ծրագիրը նախկինում երբեք չէր իրականացվել այսպիսի կարճ ժամանակահատվածում, բայց այն աշխատեց Հայաստանում։ Ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից գնահատման արդյունքում, որը ծրագրի իրականացնողներից է, այն ավելի լավ աշխատեց, քան ակնկալվում էր, շատ ավելի լավ, քան որևէ այլ երկրում, որտեղ կիրառվել էր նախկինում։ Հետևաբար` ես շնորհակալ եմ հատկապես հայ երիտասարդներին, որոնց ջանքերի շնորհիվ այս ծրագիրը հաջողվեց։

Իմ երկրորդ շնորհակալական ուղերձը ուղղված է քաղհասարակությանը և հատկապես դիտորդներին, որոնք շատ լուրջ ջանքեր գործադրեցին ընտրության օրը և թե դրանից առաջ դիտելով, հետևելով թե՛ քվեարկության ընթացքին, և թե՛ հեռավոր վայրերում հավաքելով տեղեկատվություն։ Ես կարծում եմ, որ նրանք շատ լավ աշխատեցին, մենք՝ որպես Եվրամիություն, հավատում ենք, որ նրանց գործողությունները շատ կարևոր են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և ուժեղացման համար։ Ինչպես գիտեք մեր հայտարարությունից և իմ հարցազրույցից, մենք փորձում ենք իրողությունը դիտարկել իր բարդ համատեքստում։

Մենք տեսնում ենք գործընթացի պայծառ ու լուսավոր կողմերը և կարծում եմ, որ հայերի համար պարզ է, որ այս ընթացակարգերի շնորհիվ, այլ կազմակերպչական միջոցառումների և դրույթների շնորհիվ, որոնք ներառված են Ընտրական օրենսգրքում, հայերը կարող են համոզվել, որ իրենց քվեն այլևս չի գողացվում։ Դա մի բան է, որը հաշվարկվել է ու հաշվվել է այն, ինչը որ իրենք գցել են քվեատուփի մեջ։ Իհարկե, ես կարծում եմ, որ բացահայտված ու հաղորդված թերությունները հաշվի առնելով՝ ընդհանուր պատկերը հետևյալն է՝ հայեր, ձեր քվեները չեն գողացվել և դուք ինքներդ պիտի հավատաք ձեր ապագային։ Սա մի բան է, որն անշրջելի է։

Իհարկե, կան հարցեր, և հիմա թե՛ հաղթողները, թե՛ պարտվողները գիտակցում են, որ խնդիր կա ընտրակաշառքի հետ, կային որոշակի ճնշումներ գործադրված այնպիսի մարդկանց կողմից, որոնք ունեին վարչական պաշտոններ, կամ մարդիկ, ովքեր մասնավոր բիզնեսների սեփականատերեր էին։Բայց մենք մեծապես հուսով ենք, որ այս խնդիրները կհասցեագրվեն պատշաճ կերպով, որպեսզի Հայաստանը կարողանա շատ թափանցիկ և շատ մաքուր ընտրական գործընթաց ունենալ։ Հետևաբար` ժողովրդավարությունը մի ծրագիր է, որը շարժման մեջ է և որն անընդհատ կառուցման և բարեփոխման մեջ է, և մենք ուզում ենք նկատի առնել այն կարևորությունը, որը ցուցաբերվեց ապրիլի 2-ին, ապացուցեց, որ այս գործընթացը կշարունակվի անշրջելիորեն»։

Պյոտր Սվիտալսկին, կարևորելով նաև հետընտրական փուլը, նշեց, որ իրենք պետք է վերլուծեն ողջ տեղեկատվությունը, դիտարկեն բողոքները, այս նպատակով հանդիպելու են բոլոր համապատասխան մարմինների հետ։ «Դեռևս շատ շուտ է վերջնական եզրակացության գալու, դեռևս պետք է սպասենք ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի վերջական զեկույցին, մինչև հունիս, և Եվրամիությունը իր վերջնական եզրակացությունը կթողարկի տարվա մեջ ավելի ուշ», -ասաց ԵՄ դեսպանը։

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրողը, լսելով Պյոտր Սվիտալսկու հնչեցրած այս գնահատականը, ասաց, որ զարմացած է դեսպանի լավատեսական կարծիքից ու հարցրեց իրո՞ք դեսպանը համոզված է, որ ընտրություններն անցել են առանց լուրջ խախտումների, երբ լրագրողները բազմաթիվ ահազանգեր են ստացել, թե Եվրամիության ֆինանսավորմամբ տեղադրված տեսախցիկները չեն աշխատել, արձանագրվել են ընտրակաշառքի դեպքեր,արդյոք տեղի՞ն է ծախսվել Եվրամիության տրամադրած 7 միլիոն եվրոն։

Դեսպանը նեղվեց այս հարցից՝ նշելով, որ իրեն են վերագրվում խոսքեր, որոնք ինքը չի հնչեցրել։ «Եթե դուք կարդացել եք «Ժամանակ» թերթում այն, ինչ ես ասել եմ, դուք կգիտակցեք, որ ես մտահոգ եմ, որը վերաբերում է ընտրակաշառքներին և այն, ինչը որ ես անվանում են ընտրակոռուպցիա, որովհետև դա ավելին է, քան պարզապես քվեների գնումը։ Ես կցանկանայի հղում անել միջազգային դիտորդական առաքելությանը, որտեղ մեջբերում է արվում և հղում է արվում այս երևույթին, որը ստվեր է գցում ընտրության վրա։ Ես փորձում եմ լինել օբյեկտիվ և արդար, և մենք մեր ընկալման մեջ ընտրությունների վերաբերյալ շատ լուրջ շեշտադրում ենք անում այս բացասական երևույթի վրա ՝ սկսելով հենց քվեների առուվաճառքից և սա վատ է հենց Հայաստանի իմիջի համար, Հայաստանի ժողովրդավարական գործընթացի համար, և մենք շատ բաց խոսում ենք սրա մասին։ Եվ ես, հավանաբար, ամենահետևողական մարդն եմ Հայաստանում, այդ թվում նաև, եթե հաշվի առնելու լինենք ձեր քաղաքական դասի ներկայացուցիչներին, որովհետև եթե դուք հետ նայեք իմ հայտարարությունները անցյալ տարի՝ նոյեմբերին, դեկտեմբերին, հունվարին և նույնիսկ ընտրությունից մեկ շաբաթ առաջ, ես շատ հետևողական եմ իմ հայտարարությամբ։ Եվ եթե դուք կարդաք իմ հայտարարությունը, որը ես արել եմ «Ժամանակ» լրատվականին, դուք կնկատեք, որ շատ քիչ են այն ներկայացուցիչները․․․ Հայաստանի ինտելեկտուալ խավի ներկայացուցիչներն արձագանքում էին այնպիսի հայտարարություններով, որոնք նման էին իմ հայտարարությանը։

Այո, Հայաստանն ունի խնդիր, ես նայում եմ դեպի ապագա կառուցողական հայացքով, այն իմաստով, որ ես հիմա ողջ ժամանակը ծախսում եմ վերլուծելու վրա, թե որոնք կարող են լինել այն գործնական միջոցառումները, որոնք կարելի է կիրառել ու ներդնել կանխելու այսպիսի քաղաքական կոռուպցիայի դրսևորումները։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական դասակարգը պետք է սկսի լուրջ քննարկումներ առ այն, թե ինչպիսի օրենսդրական և վարչական միջոցառումներ պետք է նախաձեռնվեն, որպեսզի կանխվեն ընտրակաշառքը կամ քաղաքական կոռուպցիան և նաև վարչական ռեսուրսների օգտագործումը, որովհետև սա ևս մեկ երևույթ է, որը մենք՝ որպես Եվրամիություն, բարձրաձայնում ենք մեր հայտարարություններով, բաց կերպով»։

Aravot.am-ը Եվրամիության դեսպանից հետաքրքրվեց՝ եթե ընտրությունների վերջնական պատկերը պարզ դառնա, ավարտեն ձեռք բերված ապացույցների վերլուծությունները, պարզեն ընտրակեղծարարներին, ի՞նչ պատիժ կսահմանի Եվրամիությունը, օրինակ՝ կհրաժարվի՞ նման մարդկանց մուտքի վիզա տրամադրել Եվրամիության երկրներ այցելելու համար։

«Մենք համարում ենք, որ հիմնական պատասխանատվությունը քննարկելու և քննելու ընթացակարգերի սխալ աշխատանքի և գործառույթի և անհատների սխալ արարքների համար, օրինապահ կառույցների գործն է։ Եվ ես հանդիպելու եմ բոլոր ղեկավարների հետ և կցանկանայի հասկանալ նախ և առաջ նրանց իրավիճակի գնահատականը և հետագա գործողություների վերաբերյալ մտադրությունները՝ նախքան մենք որպես Եվրամիություն եզրահանգումների կգանք։ Այս պահի դրությամբ մենք վերլուծում ենք բոլոր տվյալները, ինչպես դուք գիտեք քաղհասարակության ներկայացուցիչները շատ լավ գործ են անում և դիտարկում են բոլոր փաստաթղթերը, ցանկացած ապացույց։ Եվ ես, ինչպես ասացի, պետք է սպասենք մինչև հունիս, որպեսզի որոշենք, թե ինչ կլինի վերջնական եզրակացությունը և ինչպիսի՞ն կլինի Եվրամիության ռեակցիան։ Եթե դուք ինձ հարցնելու լինեք անձամբ, իհարկե՝ անձնական ու անհատական պատասխանատվությունն այդ անձանց համար, ովքեր պետք է հաշվետու լինեն և պատասխան տան ապօրինի գործողությունների համար, մի բան է, մյուս բանն այն է, որ ապագայում փորձենք որոշել համակարգված մոտեցումը։ Ինչպես ես արդեն ասացի, ինչպիսի իրավական, ինստիտուցիոնալ արձագանքներ ու գործընթացներ պետք է կիրառել, որպեսզի բացառենք կամ կանխենք այս տիպի բարդ գործողությունները, որոնք ստվեր են գցում ընտրությունների ընդհանուր գործընթացի վրա։ Դա է ամենակարևորը ինձ համար, ես նույնիսկ նայում եմ հորիզոնի գծից այն կողմ, նույնիսկ դեսպանի գործողություններից կամ դիվանագիտական առաքելության անձի դիրքերից այն կողմ, մենք՝ որպես Եվրամիություն, հետաքրքրված կլինենք լսել հայերի կարծիքը, որովհետև դա Հայաստանի խնդիրն է, որովհետև դա այն խնդիրը չէ, որ մասին պիտի Եվրամիությունն անհանգստանա, որովհետև հիմնական պատասխանատվությունը հենց Հայաստանինն է։

Եվ մենք անհամբերությամբ կսպասենք այնպիսի առաջարկների, այնպիսի գաղափարների բոլոր ուժերի կողմից, որոնք ներկայացված են քաղաքական հարթակում՝ իշխող, ընդդիմադիր կուսակցությունների, թե ինչպիսի լուծումներ նրանք կարող են առաջարկել։ Լավ է, որ մենք հիմա ունենք բոլորի համար տրված ախտորոշում, որի հետ համաձայն են բոլորը, որ սա բացասական երևույթ է, բայց հիմա հարցը հետևյալն է, թե ինչպիսի՞ միջոցառումներ պետք է ստանձվեն, բայց մենք նայում ենք ապագային։ Եվ ինչպես ասացի՝ մենք որպես Եվրամիություն փորձում են լինել խիստ հավասարակշռված, արդար և օբյեկտիվ։ Մեզ համար կարևոր է այն, թե արդյոք այն չափորոշիչները և աշխատակարգերը, որոնք մենք զուգորդում ենք եվրոպական մոդելի հետ, կիրառվո՞ւմ են, թե՞ ոչ։ Եվ մեր բոլոր հայտարարությունները բացառապես հիմնված են այս մոտեցման վրա։

Եվ եթե դուք ուշադրություն դարձնենք Եվրամիության կողմից արված հայտարարություններին, իմ հարցազրույցին՝ «Ժամանակ» թերթին տրված, սա է հիմնական թեման կարմիր թելով անցնող՝ ո՞րն է եվրոպական չափորոշիչների կիրառման տեսանկյունից իրավիճակը։ Ինչպես ասացի, որոշ չափորոշիչներ շատ լավ էին կիրառել, նույնիսկ օրինակելի կերպով տարածաշրջանի համար, և ես երանի կտայի, որ որոշ պետություններ, որոնք Հայաստանից հեռու չեն գտնվում, կիրառեին աշխատակարգերը, որոնք տեսանելի էին ընտրական գործընթացում։ Եվ շատ ուրախ եմ, որ բացասական երևույթներ, որոնք անցյալում կիրառվում էին, լիովին բացառված են․ ես չեմ լսում բողոքներ կարուսել քվեարկման համար, բազմակի քվեարկությունների կամ լցոնումների մասին բողոքներ չեմ ստանում։ Եվ երբ նայում ենք միջազգային դիտորդական առաքելության հայտարարությանը, տեսնում ենք, որ այստեղ հստակ արտահայտված կարծիք կա, բայց սթափությամբ մենք պետք է և՛ թերությունները հասցեագրենք, որովհետև ոլորտներ կան Հայաստանում, որտեղ դեռևս եվրոպական չափանիշները չեն կիրառվում։ Մենք պատրաստ ենք համագործակցել հայերի հետ, որպեսզի այս գործընթացը բարելավենք և ավելի մոտիկից դիտարկենք այն, թե ինչն ենք համարում Եվրամիության չափորոշիչ», -ասաց Պյոտր Սվիտալսկին։

Նա իր խոսքի վերջում ասաց, որ անկախ նրանից, թե իր խոսքերը ում դուր կգան, ում՝ ոչ, ինքը օբյեկտիվ է ու արդարացի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930