Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ նոր սադրանք են նախապատրաստում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իտալացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո:
«Մենք տարբեր աղբյուրներից տեղեկատվություն ունենք այն մասին, որ նման սադրանքներ, այլ կերպ չեմ կարող դրանք կոչել, նախապատրաստվում են Սիրիայի մյուս շրջաններում, այդ թվում՝ Դամասկոսի հարավային արվարձաններում, որտեղ պատրաստվում են ինչ-որ նյութ նետել և դրա կիրառման մեջ մեղադրել Սիրիայի պաշտոնական իշխանություններին»,-ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ «Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ կապված իրավիճակը հիշեցնում է 2003թ. իրադարձությունները, երբ Միացյալ Նահանգները ներխուժեց Իրաք՝ երկրում իբրև թե քիմիական զենք հայտնաբերելու պատրվակով»:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին սիրիական ընդդիմությունը, ապա Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները Սիրիայի կառավարական զորքերին մեղադրել են Իդլիբում քիմիական զենքի կիրառմամբ հարձակման մեջ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Մի քանի օր անց ԱՄՆ-ն այս պատրվակով հրթիռակոծել է սիրիական ավիաբազան: