Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրում շրջանառությունից հանված դեղորայքը մեր հիվանդներին են տալիս (Տեսանյութ)

Ապրիլ 11,2017 17:46

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների հարազատները դժգոհում են, որ առողջապահության նախարարությունը հիվանդներին տրամադրում է անորակ դեղորայք: Այսօր այս մասին «Հայացք» ակումբում ասացին հիվանդների հարազատներն ու «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիայի» նախագահ Կարինե Թուխիկյանը:

Տիկին Թուխիկյանի խոսքերով Հ/կ-ի 300 շահառուներին մարտի 13-ից տրամադրվում է «Օլանզապին» դեղը, որը, ինչպես նախարարությունից էին վստահեցրել, «հումանիտար խողովակով» է բերվել Հայաստան: Նշենք, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այն անձինք, որոնք հաշվառված են պետության կողմից, նրանք բուժումն ու դեղորայքը պետպատվերով են ստանում: Նշված 300 շահառուները եւս պետպատվերով են ստացել իրենց հասանելիք դեղորայքը: Մինչ «Օլանզապինը», նրանց տրամադրվել է «Զիպրեքսա» դեղը, որն, ըստ շահառուների, շատ լավ ազդեցություն է թողել, եւ շատերն անգամ կենսունակ են դարձել, աշխատանք են գտել:

«Արտահիվանդանոցային ծառայություն բուժումը, «Զիպրեքսա» ծրագիրն այս տարի փետրվարից դադարեցվել է, եւ նշված դեղը փոխարինվել է «Օլանզապինով»: Թուխիկյանն ու հիվանդների հարազատները վստահեցրին, որ «Օլանզապին» ընդունելուց հետո, շատերը ոչ միայն բուժման արդյունք չեն ունեցել, նույնիսկ վատացել են:

Ըստ Թուխիկյանի՝ այս դեղորայքը, որը հումանիտար ճանապարհով է ներկրվել Հայաստան, արտադրվել է Հնդկաստանում, սակայն ընկերությունը գրանցված է Կանադայում: Տիկին Թուխիկյանը վստահեցրեց, որ իրենց հետաքննության արդյունքում պարզել են, որ 2015 թվականին այս «Օլանզապինի» ամբողջ խմբաքանակը վաճառքից հանվել է՝ ցածր արդյունավետության պատճառով. «Երբ փակվեց ծրագիրը, մարտի 21-ից հումանիտար խողովակով բերեցին Հայաստան, ժամկետի ավարտին մնացել է 2 ամիս, բայց նման դեպքերում ներկրվող դեղը պիտանիության նվազագույնը 6 ամսվա ժամկետ պետք է ունենա: Դեկտեմբերի 26-ին, երբ առողջապահության նախարարությանը նամակ գրեցինք, պատասխանեցին, որ ձեռք է բերվելու, մի օր հետո պատասխան ստացանք, որ արդեն ձեռք է բերվել: Ինչպես եղավ, որ մեկ օրում ձեռք բերվեց, ու ինչպես եղավ, որ խմբաքանակը հանվել է վաճառքից, ու արգելվել օգտագործել, բայց հայտնվել է Հայաստանում: Նախարարին՝Լեւոն Ալթունյանին երբ հարցրել ենք, թե ի՞նչ պիտի լինի այս 300 շահառուների վիճակը, մեզ պատասխանեց՝ այո, 300-ից պիտի տնտեսենք, որպեսզի 3000 -ին օգնենք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ասուլիսին ներկա Ռոզա Սարգսյանը, որի որդին հոգեկան առողջության խնդիր ունի, պատմեց, որ մինչ «Օլանզապինը» որդին «Զիպրեքսա» էր օգտագործում, իսկ հենց սկսեց «Օլանզապին» խմել, վիճակը, տիկնոջ խոսքերով՝ ահավոր է դարձել.«Զանգեցի բժիշկին, պատմեցի, ասաց՝ դե բերեք հիվանդանոց, բայց հիվանդանոցի վիճակն էլ էն չի՝ լավ-վատ, ծանր-միջին հիվանդները բոլորը մի տեղում են, սաղ խառնված իրար, ու տղաս ավելի վատ վիճակում հիվանդանոցից դուրս կգա»:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Տիկին Սարգսյանը նաեւ պատմեց, որ երբ նորից «Զիպրեքսայի» խմբաքանակը վերջացել էր, որդուն տեղական արտադրության դեղ էին նշանակել, որը կրկին չի օգնել:

 

Ասուլիսին ներկա Թամար Վարդանյանն էլ ասաց, որ այդ դեղորայքն ամուսինն է ընդունում, եւ կրկին անարդյունք.«Նախարարությունից պատասխանել են, որ «Օլանզապին» դեղով բուժվողների մոտ ցայտուն տարբերություն չկա «Զիպրեքսայի» համեմատ: Ցայտուն բառը խոսում է այն մասին, որ լավ էլ կա տարբերություն: Մենք չենք ուզում, որ խաղաղությունն ընտանիքում խաթարվի, էդ խարանի շղարշը պատռվի»:

Կարինե Թուխիկյանն ասաց, որ 2014 թվականին մշտադիտարկում է կատարվել 67 շահառուների շրջանում, 67-ից 62-ը «Զիպրեքսայի» մասին ասել են, որ ընդունելուց հետո լավ են զգում իրենց:

Բանախոսներն ասացին, որ իրենք ի վիճակի չեն իրենց միջոցներով դեղը ձեռք բերել, քանի որ այն թանկ է, իսկ ընտանիքներն էլ հիմնականում թոշակների ու նպաստների հաշվին են ապրում:

Ըստ բանախոսների, նախարարությունից վստահեցրել են, որ դեղորայքը թանկ է, եւ բյուջեն չի բավականացնում, նույնը վարչապետի օգնականն է ասել, իսկ Կարինե Թուխիկյանն էլ նկատեց. «Լավ, հասկացանք տնտեսելու քաղաքականությունն է, բայց ում հաշվին, հոգեկան հիվանդների՞ հաշվին»:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Aravot.am-ի հետ զրույցում «Զիպրեքսա» օգտագործող մի երիտասարդ կին, որը չցանկացավ, որ անուն-ազգանունը նշենք, քանի որ հազիվ աշխատանք է գտել, ու վախենում է այն կորցնել՝ եթե իմանան, որ հոգեկան առողջության խնդիր ունի, ասաց, որ հենց այս դեղի շնորհիվ է սկսել իրեն լավ զգալ: Այս կինը հիմա խնդրի առաջ է կանգնել՝ մտավախություն ունի, առողջական վիճակը էլի վատանա, ու ինքը նորից հասարակությունից մեկուսանա, աշխատանքը կորցնի. «Ես վերջապես իրենց վերագտել էի, կյանք մտել, աշխարհը տարբեր գույներով եմ տեսնում, հիմա, որ մտածում եմ կարող է էլի նախկին վիճակին լինեմ, չգիտեմ…»:

Նշենք, որ մեկ տուփ «Զիպրեքսան»՝ 10 մգ-ն, որի մեջ 28 դեղահաբ է, արժե մոտ 55 հազար դրամ: Իսկ շահառուների հարազատները պնդում են, որ այս դեղորայքով բուժումը 3-4 անգամ էժան կնստի պետության վրա, քան այլ դեղով բուժումը, քանի որ ապաքինվելու մասին խոսք չկա, դրան գումարած հիվանդանոցային ծախսերն ու նպաստը:

Aravot.am-ին առողջապահության նախարարությունից խնդրի առնչությամբ վստահեցրին, որ առաջիկայում պարզաբանում կտրամադրեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930