«2017թ.-ը յուրահատուկ տարի է`ՀՀ-ի եւ Վրաստանի երկկողմ հարաբերությունների համար, քանի որ նշում ենք դիվանագիտական հարաբերությունների 25 տարին: Այս ընթացքում հնարավոր է եղել փոխշահավետ գործընկերության զարգացում ապահովել»,-ՀՀ ԱԳՆ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց մեր երկրում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն, որն ավելի վաղ հանդիպել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
«Վրաստանն ու Հայաստանն ունեն չօգտագործված ներուժ, խոսքը մասնավորապես տարանցիկ ներուժի օգտագործման մասին է՝ այդ թվում Սևծովյան նավահանգստի ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությամբ»,-ասաց Վրաստանի ԱԳ նախարարը:
Միխեիլ Ջանելիձեն եւ Էդվարդ Նալբանդյանը չեն շրջանցել տարածաշրջանային անվտանգության հարցը: Մասնավորապես, Վրաստանի ԱԳ նախարարի խոսքով. «Քննարկել ենք իրավիճակը Վրաստանի օկուպացված տարածքների շուրջ: Տարածաշրջանում անվտանգության պահպանումը կարեւոր է»:
Վրաստանի ԱԳ նախարարը մանրամասնեց նաեւ, որ իր հայաստանցի պաշտոնակցի հետ ընդգծել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու ձգտումը, քննարկել են տնտեսական զարգացման հնարավորությունները՝ տրանսպորտի, էներգետիկայի, տուրիզմի ոլորտներում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ