Սիլեզիայի (Կատովիցե, Լեհաստան) եւ Կելցի համալսարանների դասախոս Հրայր Մաղաքյանը (լուսանկարում) հղում անելով տարբեր աղբյուրների՝ «Առավոտի» հետ զրույցում փաստում է, որ հայերը 14-րդ դարում Լեհաստան են եկել ոչ թե որպես ողորմություն խնդրող փախստականներ, այլ լավ իմաստով «գաղութարարներ»:
Գիտնականի խոսքով, հենց լեհահայերի շնորհիվ է լեհ ազնվականությունը սկսել կրել արեւելյան շքեղ հագուստներ, զարդարվել ու գեղեցիկ զենքեր կրել: Նրա խոսքով, լեհերը օգտագործել են նաեւ հայերի` արեւելյան լեզուների տիրապետելու ու տարբեր երկրների նիստուկացին ծանոթ լինելու ունակությունները, լեհ դեսպանների ողջ շրջապատը հայերից է բաղկացած եղել:
Մեր զրուցակիցը, սակայն, փաստում է, որ այսօրվա լեհ հասարակությունը, Հայաստանի մասին շատ սուղ տեղեկություններ ունենալու հետևանքով, հայերին ու Հայաստանը հիմնականում ընկալում է որպես Ռուսաստանի մասնիկ, եւ Ռուսաստանի հանդեպ ունեցած հակակրանքի պատճառով լեհերի չնչին տոկոսը գիտի, թե հայերն ինչ էական ազդեցություն են ունեցել իրենց երկրի հասարակական-տնտեսական ու քաղաքական կյանքի վրա:
Մաղաքյանի համոզմամբ, վրացիների օրինակով պետք է Հայաստանի ու հայկական մշակույթի լուրջ քարոզչությունն իրականացնել Լեհաստանում, նպաստել մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը:
Կարդացեք նաև
Հրայր Մաղաքյանը հիշեցրեց նաեւ մի քանի հայտնի լեհահայերի անուներ, որոնց մասին գուցե Հայաստանում այնքան էլ տեղեկացված չեն` լրագրող, գրող, սննդի քննադատ, ճանապարհորդ Ռոբերտ Մակլովիչ, քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Վոյչիեխ Մոյզեսովիչ, հոգևորական, հայ կաթողիկե եկեղեցու հետևորդ, հասարակական գործիչ, եկեղեցու պատմաբան, բանաստեղծ Թադեուշ Բոհդան Իսակովիչ-Զալեսկի, կինոյի ու թատրոնի դերասանուհի, հասարակական գործիչ Աննա Դիմնա, կոմպոզիտոր, պրոդյուսեր Ռոբերտ Ամիրյան, քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր և սենատոր Լուկաշ Աբգարովիչ: Սրանք մարդիկ են, որ ներկայիս Լեհաստանի կյանքում լուրջ դերակատարություն ունեն :Ցանկին կարելի է հավելել դիրիժոր, կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու անունը, որը վաղուց դարձել է Հայաստանի բարեկամը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հրայր Մաղաքյանի հետ հարցազրույցի մանրամասները` ապրիլի 12-ի տպագիր «Առավոտում»:
Երևի, որ շատ ՞լավ ՞ դեսպան ունենք, դրա համար էլ Հայաստանի մասին ՛փայլուն՞ տեեկութնուններ ունեն Լեհաստանում: