Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմին զոհված տղաների ծնողները վիրավորված են` գոնե ապրիլի 2-ին հրավառություն չանեին

Ապրիլ 11,2017 16:15

Թալիշում ապրիլի 3-ին զոհված Գևորգ Վարդանյանի հայրը` Գագիկ Վարդանյանը, վիրավորված է. 2017-ի հունվարի 12-ին դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և մինչև այժմ որևէ պատասխան չի ստացել: «Նոյյան տապան» մամուլի սրահում հրավիրված ասուլիսին Գագիկ Վարդանյանը մտահոգություն հայտնեց. «Բնակվում եմ Հայաստանում, ունեմ առողջական խնդիր, աշխատանք չունեմ, ուստի խնդրում եմ հանդիպում ՊՆ-ի հետ, քանի որ կան որոշակի հարցեր: Միայն 30.000 դրամ թոշակ ենք ստանում ու ոչ մի աջակցություն»:

Նշենք, որ մի խումբ ՀԿ-ներ միավորվել են, որպեսզի տարբեր հարցերով աջակցություն ցուցաբերեն ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին:

«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ հիմնադիր Մանուշակ Ստեփանյանը մտահոգություն հայտնեց, թե կան ընտանիքներ, որոնք մոռացված են. «Այժմ մեր ծրագրերում ներգրավված է 25 ընտանիք, քանի որ ֆիզիկապես բոլորի կողքին հնարավոր չէ լինել: Կգա մի օր, որ բոլոր 106 ընտանիքներով մեկ ընտանիք կդառնանք, բայց չեմ ցանկանա, որ որևէ ընտանիք ավելանա»:

Տիկին Ստեփանյանը նշեց, թե զոհվածների ծնողները բացի այն, որ կորցրել են իրենց զավակներին, կորցրել են նաև իրենց ընտանիքի աշխատող ուժին. «Մեկ տարի միայն պետությունը վճարեց նրանց հոսանքի վարձը, ու հիմա աջակցություն այլևս չեն ստանում: Ստանում են 30.000 պարգևավճար, ամաչում էլ եմ այդ թիվը բարձրաձայնել»:

Մանուշակ Ստեփանյանը պատմեց, թե փետրվարի 6-ին Մեծամորի բնակիչների կողմից նամակ է հղել ՀՀ կառավարություն այն մասին, որ ուզում են ապրիլյան քառօրյայի հերոս Սաշա Գալստյանի անունով անվանակոչեն այն փողոցը, որտեղ նա ապրում է, սակայն մինչ այսօր պատասխան չկա: Այն, որ ապրիլի 2-ին ընտրություններ կազմակերպվեցին, շատ ծնողներ համակերպվեցին, բայց այդ օրը շատ հերոսների ընտանիքներ անտարբերության մատնվեցին, միայն Երևանում մեր հերոսների հիշատակը հարգվեց, բայց կարող էին տեղական վարչական մարմինները մտածեին ինչպես դա կազմակերպեին տեղերում: Ծնողներն այնքան վիրավորված էին, որ ասում էին, թե հերիք չէ, որ այցելություններ չեղան, դեռ մի բան էլ գիշերը հրավառություն արեցին»:

Տիկին Ստեփանյանը փոխանցեց նաև, որ վիրավորված է նաև զոհված Վարդան Ղլմաջյանի մայրը` Էջմիածնից. «Վարդանը ապրիլի 2-ից հունիսի 6-ը դիրքերում է եղել և այն երկու զինվորներից մեկն է, որոնց Օմարի լեռնանցքում ջրհեղեղը տարավ, հետո մի քանի օր դիակները գտնվեցին: Այս երեխան մեղավո՞ր է, որ ապրիլի 2-ին չզոհվեց, այլ այդ դժբախտ պատահարով զոհվեց, ու հիմա նրանց ընտանիքի դուռը բացող չկա»:

ԱՐՏ ՀԱՈՒՍ ուսումնական կենտրոնի տնօրեն Լիլիթ Կարապետյանը հայտարարեց, թե պատրաստ են անվճար մասնագիտական կրթություն տալ հերոսների մայրերին, որպեսզի նրանք կարողանան աշխատել, ապրել, որոշ դեպքերում նաև հիմնել սեփական բիզնեսը: Ըստ նրա` պետք չէ սպասել միայն պետական այրերին:

«Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ, AAD.am կայքի հիմնադիր Մամիկոն Խուրշուդյանն էլ նշեց, որ իրենք զբաղվում են վիրավոր զինվորների խնդիրներով. « Մենք անընդհատ գտնվում էինք հիվանդանոցներում, զբաղվում էինք հատկապես անդամահատված զինվորի խնդիրների լուծմամբ: Այժմ էլ շարունակվում է այդ հերոսների հետ աշխատանքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930