Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, անդրադառնալով այն թյուր կարծիքին, թե Եվրոպայի առաջնությունում 375 կգ արդյունքով իններորդ տեղն զբաղեցրած 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը կարող է տեղափոխվել ավելի ցածր՝ 94 քաշային կարգ, Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասաց. «Չգիտեմ, թե այդ տեղեկությունը որտեղից է հայտնվել: Ընդհակառակը, Սամվելը դեռ 105-ից էլ բարձր քաշային կարգում պետք է լինի: Նա իր հասակով, կառուցվածքով ու ամեն ինչով չի համապատասխանում 94 կիլոգրամ քաշային կարգին: Առաջիկա մի քանի տարիներին նա պետք է լինի 105 կգ քաշային կարգում:
Այս մեկնաբանությունից հետո Aravot.am-ը ասուլիսին մասնակցող օլիմպիական արծաթե մեդալակիր ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե հավաքականում նոր մրցակցի հայտնվելը իրեն չի՞ մտահոգում: Ծանրորդը պատասխանեց. «Եթե որեւէ մեկը պիտի լինի, որ ինձ հաղթի, թող Սամվելը լինի: Նա իմ ընկերն է եւ այդ դեպքում ես շատ ուրախ կլինեմ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ