Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ընդդիմադիր կուսակցություն կա, որ ինձ համար վիրավորական կլիներ այդ ցուցակում լինել». Ըստ Աստղիկ Գեւորգյանի՝ ԱԺ-ում էլ, երբ որ նա խոսում է, ինքն ամաչում է

Ապրիլ 11,2017 15:45

ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, որը ՀՀԿ ավագանու անդամ էր, այս անգամ որոշել է չառաջադրվել եւ պատճառաբանել էր դա այսպես, որ ինքը ավելին էր ակնկալում, բայց ավելին անել հնարավոր չէր. «Կարծում եմ, դա ինձ համար զուտ ժամանակի վատնում էր»:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ ավագանու անդամի թեկնածու, Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը հակադարձեց Հրանտ Թոխատյանին՝ ասելով, որ բացարձակ համաձայն չէ, որ դա ժամանակի վատնում է. «Գիտեք ինչ, ամեն մեկն ազատ է իհարկե իր կարծիքն արտահայտելու, բայց մարդ կա, որ չհիմնավորված հենց այնպես, առանց ուղեղին նեղություն տալու բաներ է ասում՝ առանց մտածելու, թե հանրությունն ինչ է մտածում»:

Աստղիկ Գեւորգյանի համար անհասկանալի է՝ Հրանտ Թոխատյանը հասուն մարդ է, ի՞նչ է նշանակում չէր ակնկալում. «Թող լավ քննարկեր, թող հասցներ: Եվ վերջին հաշվով, եթե ինքը կատարել է իր ընտրությունը եւ կարծում է, որ դա ժամանակի վատնում էր, դա իր խնդիրն է: Կգա մեկ ուրիշը, որը կարծում է, որ առանց աշխատավարձի, առանց շահի… որովհետեւ մարդ կա, որ փողով է առաջնորդվում: Եթե ինձ հարցնում են՝ աշխատավարձդ ինչքան է որպես ավագանի, ասում եմ՝ չկա աշխատավարձ, ո՞նց, ասում են, բա ինչի՞ եք ժամանակ կորցնում: Ինչի՞ եմ գնում, գնում եմ, որովհետեւ ամբողջ կյանքում նվիրումով եմ աշխատել, շահը երբեք ինձ չի առաջնորդել: Հիմա թող գան մարդիկ, որոնք երբեք շահի զգացողություն չունեն, ուզում են իրենց հարազատ քաղաքի համար ինչ-որ բան անել, որը մենք հիմա անում ենք»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ Աստղիկ Գեւորգյանը չընդգրկվեց ընդդիմադիր ուժերի ցուցակում, այլ նախընտրեց իշխանական ցուցակով առաջադրվել՝ նա պատասխանեց, որ տարբերություն չկա, թե որ ցուցակով ես գնում ու առանց շահի ուզում ես օգտակար լինել քաղաքիդ. «Ընդդիմադիր կուսակցություն կա հիմա, որ ինձ համար վիրավորական կլիներ այդ ցուցակում լինել: Այ հենց հիմա, որը պատրաստվում է քաղաքապետարան մտնել եւ նրա ղեկավարը՝ քաղաքապետ դառնալ: Ինձ համար դա վիրավորական է, որովհետեւ խորհրդարանում էլ, երբ որ նա խոսում է, ես ամաչում եմ: Ամեն մեկն ինքն է ընտրում, թե որ շարքում է ուզում լինել»:

Աստղիկ Գեւորգյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ի ցուցակում լինելը իրեն չի կաշկանդում ազատ իր տեսակետը հայտնել, քննադատել, եթե պետք է, որովհետեւ իրեն ոչ ոք չի ուղղորդում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930