Լրահոս
Օրվա լրահոսը

«30-45 տոկոսը ՀՀԿ-ն կվերցնի, մնացած 25-ը կտան «Ելքին» ու «Երկիր Ծիրանիին». Արմեն Բադալյան

Ապրիլ 11,2017 15:22

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի համոզմամբ` Երևանի ավագանու ընտրությունների` քաղաքական ուժերի մեծամասնության չմասնակցելու պատճառն այն է, որ Երևանում 75-80 տոկոսը գումարով է ընտրություն կատարում:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն այս առիթով պարոն Բադալյանը մանրամասնեց. «Ապրիլի 2-ը ցույց տվեց, որ ընտրակաշառքը Երևանում դարձավ որոշիչ: Մասնավորապես, եթե վերցնենք 1000 հոգանոց տեղամաս, 800-ը գումար է վերցնում և 600-ը քվեարկում է այնպես, ինչպես փող տվողն է պահանջել: Եթե միջինացնենք, ապա Երևանում մոտավորապես 75-80 տոկոսը գումարով է քվեարկել: Նման իրավիճակում գնալ ու մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, դառնում է լրիվ անիմաստ: Առավել ևս, այսպես թե այնպես, ՀՀԿ-ն մասնակցող երկու ուժերին տեղեր տալու է»:

Պարոն Բադալյանը վստահ է` անկախ նրանից ընդդիմությունը կմիավորվի, թե ոչ, նրանք ստանալու են այնքան ձայն, որքան հանրապետականները նրանց կտան՝ մոտավորապես 25 տոկոս: Իսկ մանդատներն ըստ քաղաքական տեխնոլոգի` կբաշխվեն այսպես. «30-45 տոկոսը ՀՀԿ-ն կվերցնի, մնացած 25-ը կտան «Ելքին» ու «Երկիր Ծիրանիին»: Ըստ քաղաքական տեխնոլոգի` պարզապես իշխող կուսակցությանը պետք է Արևմուտքին մասնակցություն ու մրցակցություն ցույց տալ:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի համոզմամբ` ոչ թե ընտրակաշառքն է ամենակարևոր դերակատարությունն ունեցել ընտրություններում, այլ վարչական ռեսուրսը. «2012-ի հետ համեմատած` միայն երկու ուժ են իրենց ձայներն ավելացրել` ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: ՀՅԴ-ն 86 հազարից դարձրել է 100 հազար, ՀՀԿ-ն 640 հազարից իր ձայները հասցրել է 700 հազար և ավելի: ԲՀԿ-ի ձայները 28.000-ով նվազել են` որպես փող բաժանող կուսակցություն: ՀՅԴ-ն իր հիմնական ձայները ստացել է մարզերում: Ամենաշատ ձայները ստացել է Գյումրիում, որտեղ ունի մարզպետ»:

Ըստ Արմեն Գրիգորյանի`ՀՅԴ-ն հենց այս թվերի պատճառով էլ որոշում է կայացրել չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ Երևանում գրեթե ձայն չունեն, իրենց ձայների ընդամենը 20 տոկոսն են ստացել Երևանում. «ԲՀԿ-ն ևս Երևանում համեմատած քիչ ձայներ ունի: Հիմնականում ձայներ են ստացել Կոտայքում` Գագիկ Ծառուկյանի գործոնով և Արարատում՝ հիմնական գետերից պոկված առվակների գործոնով: Իսկ «Ելքն» ամենամեծ թվով ձայները հավաքել է Երևանում և Կոտայքում՝ 120.000-ից 70.000 ձայները ստացել է Երևանում: Իսկ «Երկիր Ծիրանին» հայտ է ներկայացնում առաջին անգամ մասնակցել ընտրություններին: Միակ ուժը, որը բալանսավորված է իր ձայների առումով, դա ՀՀԿ-ն է և որպես իշխող ուժ մասնակցում է ընտրություններին»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ «Ելքը» որպես ընդդիմության առաջատար, պարտավոր էր մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, որպեսզի ապացուցի, որ բավականին կենսունակ ընդդիմություն է:

Դառնալով «Ծառուկյան» դաշինքի` ավագանու ընտրություններին չմասնակցելու որոշմանը, Հակոբ Բադալյանը հավաստիացրեց, որ դրա անհրաժեշտությունը չկար ու պարզաբանեց. «Երևանի քաղաքապետի ընտրությունները հիմնականում հաջորդել են համապետական ընտրություններին, երբ հասարակության մեջ հետընտրական գործընթացներ են, լարվածություն: 2008-ից հետո 2009-ին այդպես ավարտվեց Կոնգրեսի շարժման շրջանը, 2013-ին` «Բարևի» հեղափոխությունը: Հիմա այդ խնդիրը չկա, քանի որ չկա կուտակված այդ բացասական էներգիան, հետևաբար չկա «Ծառուկյան» դաշինքի մասնակցության անհրաժեշտությունը, մանավանդ որ այդ ուժը հիմնականում իշխանության համար բուֆերի դեր է կատարել: Ուստի նաև հիմա չկա Գագիկ Ծառուկյանի կողմից որևէ ֆինանսական ծախսի անհրաժեշտություն: Ծառուկյան -իշխանություն լռելյայն կոնսենսուս կա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930