ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ «Մագելանի» (Գնեշիկ), «Արենի 1» (Արենի ), «Արջի», «Մոզրովի» (Արփի) և «Քարե դռներ» (Աղձք) քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու համար: Նախարարության այս որոշումը միանշանակ չի ընկալվել, ինչպես օպերային թատրոնում ռեստորան եւ շոգեբաղնիք բացելու նախաձեռնությունը:
Aravot.am-ը հուշարձանագետ Սամվել Կարապետյանին խնդրեց կարծիք հայտնել ՀՀ մշակույթի նախարարության այս որոշման վերաբերյալ:
«Քարանձավներն ուրիշ աշխարհ են, ես չեմ կարող միանշանակ մեկնաբանել: Մյուս կողմից էլ, ես աշխարհում մի քանի տեղ տեսել եմ նման բան, օրինակ՝ Իրանում ամեն ինչ արվում է, որպեսզի զբոսաշրջիկները այցելեն նաեւ բնական հուշարձաններ, օրական քարանձավներում չգիտեմ թե որքան զբոսաշրջիկներ են գալիս: Ես կողմնակից եմ գաղափարի իրականացմանը, եթե մենք էլ կարողանանք առանց վնաս պատճառելու եւ աղբանոցի վերածելու բնական հուշարձանները զբոսաշրջիկներին մատչելի դարձնել: Եթե լավ ուղղությամբ տանեն գործը, լավ կլինի, մեր քարանձավներն էլ բնության գողտրիկ անկյուններից են եւ ենթակա են ներկայացման»,-ասաց Սամվել Կարապետյանը:
Իմիջիայլոց, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը news.am-ի հետ զրույցում նշել էր , որ օրինակ՝ «Արենի 1» քարանձավը պատրաստ չէ զբոսաշրջիկների հոսքին։ «Դա շատ անլուրջ որոշում է։ Այն ընդունած մարդիկ բացառապես չեն հասկանում հարցը եւ հուշարձանի պահպանության վերաբերյալ անտարբեր վերաբերմունք ունեն», – հայտարարել էր Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենը։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ