ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի գնահատմամբ, նորանկախ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ էր, որ ընտրությունների արդյունքները վիճահարույց չէին՝ անկախ նրանից, որ մեկին դուր եկան այդ արդյունքները, մեկին՝ ոչ:
«Արդյունքներն ընդունում են նաեւ այն քաղաքական ուժերը, որոնց չհաջողվեց հաղթահարել անհրաժեշտ շեմը, սա լուրջ ձեռքբերում է: Փաստորեն, քաղաքական ուժերին հաջողվեց ընտրական օրենսգրքի այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք, ըստ էության, բացառեցին տեղամասերում խախտումները»,-այսօր «Հայացք» ակումբում ասաց պարոն Հարությունյանը:
Ըստ նրա, խորհրդարանական ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ հանրային գիտակցության մեջ ձեւավորվեց այն թեզը, որ քաղաքական ուժերը պետք է մրցեն իրենց նախընտրական ծրագրերով ու սկսեցին ուշադրություն դարձնել՝ ինչ է գրված նախընտրական ծրագրերում և որքանով է այն իրականանալի:
Պարոն Հարությունյանի խոսքով, հանրությանն այս ընտրություններին նաեւ հետաքրքրում էր ոչ միայն ինչպես են քաղաքական ուժերը իրականացնելու խոստումները, այլեւ ինչ թիմով են իրականացնելու. «Ով է լինելու կառավարության ղեկավարը, ֆինանսների նախարարը եւ այլն, այսինքն, սրանք հարցեր էին, որոնք նախընտրական պայքարի ինչ-որ մի փուլում սկսեցին կարեւորվել»:
Կարդացեք նաև
Պարոն Հարությունյանը, անդրադառնալով ընտրակաշառքի բաժանմանը, ասաց, որ կարեւոր է այս հարցը, թե. «Արդյոք ընտրակաշառքը բացառիկ ազդեցություն ունեցավ ընտրողների կողմնորոշման վրա, որ ասեմ ընդհանրապես որեւէ ազդեցություն չի թողել, դա, իհարկե, չափազանցված կլինի, բայց ակնհայտ է մի բան, որ շատ դեպքերում այդ գործիքն իրեն չարդարացրեց…պատահաբար չէր, որ եվրոպական դիտորդները հայտարարեցին այն մասին, որ թեեւ ընտրակաշառքի ակնհայտ փաստեր կային, բայց ընտրությունները համարվեցին ժողովրդի կամարտահայտության իրական դրսեւորում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ