Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց կարելի է այդպես մի մկրատով խուզել ու ասել, որ բոլորը վարկաբեկված են». Աստղիկ Գեւորգյանը՝ ՀՀԿ ցուցակում լինելու մասին

Ապրիլ 11,2017 15:12

Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը արդեն երկրորդ անգամ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է ՀՀԿ-ի ցուցակով: Նա այս անգամ ցուցակի 4-րդ հորիզոնականում է:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ինչքանով է արդարացրել իրեն ձեր անդամակցությունն այդ խմբակցությունում, արդյոք այն ակնկալիքները, որ ունեիք, արդարացե՞լ են: Աստղիկ Գեւորգյանը պատասխանեց. «Ես երեւանցի եմ, որն ամեն օր նայում է ու տեսնում է, թե ինչպիսին կուզենար տեսնել իր հայրենի քաղաքը, ինչը տեղում է, ինչը տեղում չէ: Ահա այս մտքերով ես համաձայնեցի անցյալ անգամ լինել ավագանու անդամ, մի քիչ դժվար կայացրեցի որոշումս, որովհետեւ իմ ուժերի վրա էի կասկածում, թե արդյոք կկարողանա՞մ ակտիվ մասնակցել, ինչ-որ մի բան անել: Եվ պետք է ասեմ, որ իմ սպասումները գերազանցեցին այն, ինչ ես մտածում էի: Ես չէի պատկերացնի, որ այդ աստիճանի մեծածավալ աշխատանք կա եւ այդ աստիճանի մեծ նվիրում է պահանջվում: Շատ դժվար է որոշ մարդկանց համար լինել անկողմնակալ եւ որոշումներին ակտիվ մասնակցություն ունենալ, դժվար է, որովհետեւ հանրության մեջ ձեւավորվել է մի կարծիք, թե ով որտեղ գնում է, նա ակնկալում է անձնական ինչ-որ ձեռքբերումներ, անձնական նպատակներով է գնում: Բարեբախտաբար, ես չկամ այդ ցուցակում, իմ շահը Երեւանն է, Երեւանի համար ինչ-որ մի բան անելն է»:

Նա ասաց, որ անհագ ծարավ ունի Երեւանի համար շատ բան անելու, դրա համար առաջադրվել է երկրորդ անգամ. «Ինչ խոսք, ամեն ինչ չի արված, որովհետեւ դա դժվար է, շատ ծանր ժառանգություն ենք մենք ստացել, շատ դժվար էր վերականգնել այդ ամենը, որ կոտրվել էր, վաճառվել էր, ավիրվել էր, կիսակառույցներ էին, անձնական բաներ, որ միայն թե մերը լինի, հետո կտեսնենք ինչ ենք անելու: Բայց սկսած նրանից, որ գտանք հնարավորություն բանակցելու սեփականատերերի հետ եւ վերացնելու ավտոտնակները, որ զբոսայգին ազատ լինի երեւանցիների համար, սկսած Էրեբունի-Երեւան տոնակատարությունների ժամանակ զբոսայգիներ շահագործման հանձնելուց, զինվորի մայրերին զորամասեր տանելուց, ի ցավ սրտի քառօրյա պատերազմում օգնել քաղաքապետին, որ շատ արագ՝ 24 ժամվա ընթացքում հանձնախումբ ստեղծվի, որը ներկայացրեց քաղաքապետին, թե ովքեր բնակարանի կարիք ունեն կամ ինչի կարիք ունեն եւ տվյալ տարվա Էրեբունի-Երեւանի ամբողջ տնտեսական, կենցաղային օգնությունը տալ զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Գիտեք, ինչ-որ մարդանվեր քայլեր կան, որոնք ավելին են, քան ինչ-որ մի ավել փողոց ասֆալտապատելը: Այս առումով ես հպարտ եմ, որ փոքրիկ մասնակցություն ունեցել եմ: Ասենք, մանկապարտեզները, դպրոցները բոլորը ջեռուցվեցին, դա չի եղել Երեւանում երբեք: Շատ բաներ կան, որոնք դժվար է թվարկել»:

Աստղիկ Գեւորգյանը գովեց Տարոն Մարգարյանին՝ ասելով, որ ինչ թաղամաս մտնում է, ինչ խոստանում է, ամեն ինչ հիշում է ու իր խոսքի տերն է լինում. «Ավագանիում կար հանդուրժողական մթնոլորտ, որը գալիս էր Տարոն Մարգարյանից: Նա հանդուրժող, հանգիստ, նույնիսկ լռեցնում էր, ով տեղից ինչ-որ բան էր ասում, միջամտում էր»:

Մենք հիշեցրինք, թե մի անգամ ինչպես էր «հանգիստ» Տարոն Մարգարյանը ափերից դուրս եկել «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի հետ վիճաբանության ժամանակ՝ ասելով, որ «ձեր ձայնին կարոտ չենք»: 

Աստղիկ Գեւորգյանն արձագանքեց. «Գիտեք ինչ, երբեմն դժբախտաբար ընդդիմադիրը մտածում է, որ միայն թե «ոչ» ասի եւ երբեմն տեղյակ չեն լինում, թե ինչ օրենքի հիման վրա է այսինչ բանն արվել: Երբ բացատրվում է, արդեն լռություն է լինում, բայց չի կարելի առանց տեղյակ լինելու հենց այնպես դեմ լինել: Էդ միտինգային պահվածքը փչացնում է մեր կյանքը եւ կասեցնում է մեր ընթացքը: Չի կարելի հենց այնպես դեմ լինել»:

Մեր հարցին՝ տեսակետ կա, որ այս արտագաղթի, սոցիալական, տնտեսական ճգնաժամի պայմաններում ՀՀԿ-ն վարկաբեկված է եւ բոլոր այն մշակութային, հասարակական-քաղաքական գործիչները, արվեստագետները, որոնք ՀՀԿ-ի ցուցակով առաջադրվում են, նրանք նույնպես վարկաբեկվում են, ինչքանո՞վ եք համաձայն սրա հետ՝ Աստղիկ Գեւորգյանը պատասխանեց. «Ես այդտեղ ասելիք չունեմ, բացի ամոթի զգացումից: Ո՞նց կարելի է մշակույթի գործիչներին կամ ավագանու անդամներին այդպես մի մկրատով խուզել ու ասել, որ բոլորն այդպես են, վարկաբեկված են: Դուք պատկերացնո՞ւմ եք նույն ձեւով մենք էդ ասողներին ասենք, հիմա ես թույլ չեմ տա ասեմ ինչ: Իմ դաստիարակությունը թույլ չի տա ասեմ, որ ընդդիմադիրները, որոնք իրենց այսպես-այսպես են պահում, փառք Աստծո, անուններ ունեմ, որ ցուցակ է կազմում արդեն, չի՛ կարելի, ես դատապարտում եմ այդ կեցվածքը:

Ինչ վերաբերում է արտագաղթին, արտագաղթն ավելի խորը արմատներ ունի, ավելի շատ է եղել հենց առաջին տարիներին, թող որոնեն պատճառները սոցիոլոգները, քաղաքագետները: Գիտեք ինչ, հիմա ավելի շատ են Երեւանի կարոտով ապրում եւ ավելի շատ են երազում գալ Երեւան ու ես լավատես եմ, վստահ եմ, որ գալու են եւ լինելու են այն շարքում, որտեղ մենք ենք կանգնած»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930