Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանում ո՞ւմ է տրվելու Ծառուկյանի երկրորդ տրակտորը

Ապրիլ 11,2017 14:59

Ապրիլի 2-ի ընտրություններից առաջ Նոյեմբերյան քաղաքում, ոստիկանության նախկին շենքի բակում հայտնվեց 2 տրակտոր: Այժմ այնտեղ մեկ տրակտոր է կայանած: Տրակտորները պատկանում են Գագիկ Ծառուկյանին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար Մանուշ Նասիբյանին հարցրինք, թե ո՞ւմ է տրվել առաջին տրակտորը, ո՞ւմ է հատկացվելու երկրորդը: Մ. Նասիբյանն ասաց, որ ինքը չգիտի այդ հարցերի պատասխանը, այդ հարցով հարկ է դիմել խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքից Տավուշի մարզի տարածքային թեկնածու Վարուժան Բաբաջանյանին: Զանգահարեցինք վերջինիս: Նա ասաց, որ տրակտորները նախկինում չեն ցանկացել ներկայացնել, որպեսզի դրանք չգովազդեն:

Նոյեմբերյանում խոսակցություններ կան, որ ի սկզբանե դրանք նախատեսված էին Դեբեդավան եւ Լճկաձոր գյուղերի համար, Դեբեդավանի համար նախատեսված տրակտորը տրվել է Բագրատաշենին, Վարուժան Բաբաջանյանի հորեղբոր որդուն: Վ. Բաբաջանյանն ասաց, որ Դեբեդավանի մի բնակիչ ցանկանում էր այդ տրակտորը որպես անձնական նվեր ստանալ, տրակտորը ստացած բագրատաշենցին իր հորեղբոր որդին չէ, տրակտորիստ մարդ է:

Վ. Բաբաջանյանը հայտնեց, որ տրակտորներն անձնական սեփականություն չեն լինելու, գյուղացիները սոլյարկա եւ գյուղատնտեսական աշխատանքի վճար մուծելով՝ կարող են օգտվել տրակտորների ծառայություններից:

Նա ասաց, որ գյուղերի կարիքներն ուսումնասիրելուց հետո 2-րդ տրակտորն էլ կբաշխվի: Հավանական է, որ այն տրվի Լճկաձոր գյուղին:

Հավելենք, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ Կողբ գյուղի Ավագի ձոր տարածքում, միջպետական ավտոճանապարհի եզրին կայանած էին Գագիկ Ծառուկյանի ուղարկած մեկ տասնյակից ավելի տրակտորներ: Թե դրանք հետագայում ո՞ւր տարվեցին, մեզ հայտնի չէ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930