«Մենք չենք մասնակցում ընտրություններին հանուն մասնակցության, այլ իրական հնարավորությունները պետք էր գնահատել և դրա հետ կապված վերանայումներ պետք է կատարվեին, նաև Երևանի մակարդակով, որի համար, դժբախտաբար, ժամանակ չէր մնում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով ՀՅԴ-ի որոշումը` չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:
Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելը, ըստ Արմեն Ռուստամյանի, չի նշանակում քաղաքականությունից ետ քաշվել. «Սա կոնկրետ իրավիճակի սթափ գնահատում է և անկեղծ խոստովանություն, որ մենք իրոք դժգոհ ենք Երևանում արձանագրած մեր արդյունքներից»:
Ռուստամյանն ասաց, որ ամեն դեպքում իրենք մի կողմ չեն մնա. «Ես կարծում եմ` կունենանք շատ ավելի լուրջ ներկայություն պետական համակարգում և մեր հնարավորությունները բավարար կլինեն, որ Երևանի խնդիրները լուծենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ