Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի վերնախավերը բանակցում են

Ապրիլ 11,2017 14:38

ՀՅԴ-ի ղեկավարությունը հանդիպումների եւ բանակցությունների մեջ է իշխող ՀՀԿ-ի հետ: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Բանակցություններն ընթանում են ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը նոր հարթություն տեղափոխելու շուրջ: «Ենթադրում եմ, որ այն համագործակցությունը, որի մասին դուք տեղյակ եք, պետք է շարունակվի, որովհետև ի վերջո դա անժամկետ էր, պայմանավորված չէ ինչ-որ ձևաչափով, իսկ այն հարցերը, որ արձանագրված են համագործակցության մեջ, դրանց զգալի մասը լուծված չեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասում է, որ գոհ են խորհրդարանական ընտրությունների արդյունքներից. աճ են արձանագրել: ՀՅԴ-ն գոհ է նաեւ ՀՀԿ-ի հետ համագործակցությունից: Փարպիում ընտրությունների անվավեր ճանաչվելը հենց համագործակցության, ներսից աշխատելու արդյունք է համարում: Ասում է`համատեղ եկանք այն եզրակացության, որ չէր կարող այդ աստիճանի խայտառակ, ակնհայտ, ճչացող, ուղղորդված ընտրությունները համարվել նորմալ. «Գոնե մի տեղ դա պետք է արձանագրվի, որ սա անընդունելի է և ստեղծված նոր ընտրական համակարգը պարտավոր է դրան արձագանքել»:

Արմեն Ռուստամյանը համաձայնեց լրագրողների այն դիտարկումներին, որ խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք բաժանվել է: Բայց իրեն խաբված չի զգում: Ասում է` պահանջարկն առաջացնում է առաջարկ. «Էս է տեղի ունեցել էս ընտրությունների ժամանակ էլ: Սա նորություն չի: Սրանից պետք է ազատվենք` գիտակցության բերելով մեր ընտրողին: Եթե դա տեղի չունենա, էս մասին անընդհատ խոսելու ենք»:

Դիտարկմանը`գիտակից զանգվածը երկրից հեռանում է, մնում է այն զանգվածը, որն ինքն է պահանջում ընտրակաշառք, ՀՅԴ-ն էլ համագործակցում է հենց այդ զանգվածի կողմից «ընտրված» ուժի հետ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Այս հարցերի լուծումը հնարավոր է միայն համագործակցության միջոցով: Այս ընտրությունների արդյունքները դա են փաստում: Էդ մեծ-մեծ խոսացողները, որ իբր թե չեն համագործակցում, ո՞ւր են հիմա իրանք»:

Ի դեպ, նա այս ընտրությունները շատ լավ առիթ է համարում «պոռոտախոսներից ազատվելու» համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930