«Հետ մի նայեք, առաջ նայեք, կյանքը շարունակվում է: Համոզված եղեք, որ ՀՀԿ-ում միայն մանդատով չի որոշվում կուսակցականի գործունեության օգտակարության գործակիցը: Մեր գործընկերներն իրենց կարողությունները կօգտագործեն այլ ոլորտներում: Ընդամենը մի քանի օր անց դուք կիմանաք նաև պատգամավորների, ովքեր կզբաղեցնեն պատասխանատու պաշտոններ գործադիրում: Այնպես չէ, որ միայն օրենսդիրն է կարևոր: Բոլոր ոլորտներն էլ կարևոր են: Մենք մի թիմ ենք, մեր նպատակն է` ծառայել մեր գլխավոր սիրուն՝ ՀՀ-ին»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`հակադարձելով այն դիտարկումներին, որ հաջորդ գումարման խորհրդարանում ներկայացված չեն լինի ՀՀԿ-ի մի շարք «առանցքային» դեմքեր:
Պատասխանելով հարցին` ԱԺ նախագահի պաշտոնի համար ո՞ւմ թեկնածությունն է քննարկվում ՀՀԿ-ում, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Այս պահին որևէ մեկի թեկնածությունը չի քննարկվում: Բայց ՀՀԿ-ն ունի հարուստ կադրային ռեզերվ և այդ ռեզերվից առնվազն մի քանի հոգի կան, որոնք կարող են վստահության դեպքում իրականացնել այդ գործառույթները»:
Հարցեր հնչեցին նաեւ ԱԺ փոխնախագահների պաշտոնների վերաբերյալ: Նոր Սահմանադրությունը պարտադրում է, որ երեք փոխնախագահներից մեկը լինի ընդդիմությունից: Հարցին`այլընտրանք հանդիսացող ուժից կարո՞ղ է լինել ԱԺ փոխնախագահը: Լրագրողը նկատի ուներ ԲՀԿ-ն, որը նոր խորհրդարանում հանդես կգա իբրեւ «Ծառուկյան» դաշինք եւ իրեն այլընտրանք էր հռչակել: «Մենք չունենք այլընտրանք, մենք ունենք ընդդիմություն և իշխանություն: Հիմա կա կոնկրետ ԱԺ կանոնակարգ օրենքի և Սահմանադրության պահանջ, որտեղ լինում է դիմություն և ընդդիմություն, երրորդը չկա»,- պատասխանեց Էդուարդ Շարմազանովը:
Հաջորդ գումարման խորհրդարանի մասին էլ Էդուարդ Շարմազանովն այսպես խոսեց. «Մենք նոր խորհրդարանում ունենք 4 պայծառ խմբակցություն, որոնք կիրականացնեն գործառույթներ, որոնք կբխեն պառլամենտարիզմի շահերից: Իսկ պառլամենտարիզմը նախ եւ առաջ պահանջում է առողջ մրցակցություն, ոչ թե թաքուն պատվիրված հարվածներ, պարզ ու բաց պայքար»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ