Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՕՐՕ դաշինքի անդամը՝ Մուկուչյանի դիտողության եւ ԵԱՀԿ առաքելության նամակի մասին

Ապրիլ 11,2017 13:50

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը մինչ օրս ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից չի ստացել իր դիմում-խնդրանքի պատասխանը՝ մասնակցելու եւ ստուգելու՝ արդյոք խորհրդարանական ընտրություններին եղե՞լ են մատնահետքերի համընկնումներ:

Ապրիլի 8-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց ՕՐՕ դաշինքի լիազոր ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանի դիմումը, որով պահանջվում էր մեկ ընդհանուր բազայում միավորել բոլոր տեղամասերում հատուկ սարքերով ստացված մատնահետքերը, որպեսզի կարողանան պարզել՝ համընկնումներ, կրկնաքվեարկություններ կա՞ն:

Նիստի ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դիտողություն էր արել ՕՐՕ-ին՝ ասելով, թե եթե կասկածներ ունեին, ինչո՞ւ ժամանակին չեն մասնակցել ընտրողների էլեկտրոնային բազայի ձեւավորման գործընթացին, ինչու չեն օգտվել իրենց հնարավորությունից՝ ծրագրային կոդերը ստանալու եւ աուդիտ իրականացնելու: Ըստ ԿԸՀ-ի, մատնահետքերը համադրելու գործընթացը կարող է տարիներ տեւել:

Անդրանիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ԿԸՀ-ի որոշումն այսպես գնահատեց. «Հերթական իշխանահաճո որոշումն էր, որովհետեւ իրենց այն փաստարկները, թե դա տարիներ կտեւի, մեր մասնագետի պնդմամբ ընդամենը մեկ-երկու օրվա գործ է, ոչ ավելի: Նոր տեխնոլոգիաներից հասկացող ցանկացած մարդ էլ կարող է եզրահանգում անել, որ 1.5 մլն մարդու մատնահետքերը համեմատականություն անցկացնելը նորագույն տեխնոլոգիաներով այնքան էլ երկար պրոցես չի կարող լինել»:

Տիգրան Մուկուչյանը երեկ «Շանթի» եթերում ասաց, որ հաշվի առնելով, որ մարդու 10 մատից էլ փորձել են մատնահետքեր վերցնել, այդ 1.5 մլն-ն էլ պետք է դեռ բազմապատկել 10-ով՝ Անդրանիկ Գրիգորյանն արձագանքեց. «Թող մեր ասած երկու օրն էլ բազմապատկենք 10-ով ու դառնա 20 օր, ոչ ավելի: Դա տարիների խնդիր չի, իսկ պետության համար այդ կարեւորագույն հարցին, ինձ թվում է, պետք էր 20 օր տրամադրել: Ի վերջո, ընտրական հանձնաժողովները այն կարեւոր օղակն են, որոնք իշխանության լեգիտիմ ձեւավորման հիմնական օղակն են հանդիսանում: Այստեղ կան թերություններ, որոնց հետ անհրաժեշտ է հաշվի նստել»:

Ինչ վերաբերում է Մուկուչյանի դիտողությանը, թե ինչու ժամանակին ծրագրային կոդերը չեն ստուգել, աուդիտ չեն արել՝ Անդրանիկ Գրիգորյանը պատասխանեց. «Մենք ցուցակների հետ որեւէ խնդիր չունենք: Էլեկտրոնային ցուցակները եւ Ոստիկանության վիզաների եւ անձնագրերի բաժնի կողմից հրապարակված ցուցակները դրանք նույն բանն են, մեկ փաթեթ են, մենք ցուցակների հետ խնդիր չունենք: Բայց մենք լսեցինք պարոն Մուկուչյանի պարզաբանումները, որ Հայաստանից դուրս եկածնեը, մինչեւ իրենք դիմում չգրեն, ընտրողների ցուցակից դուրս չեն գալիս, այստեղ մեզ համար երկու ուղենիշային փաստեր կան, որոնք կարեւոր են. 2013-ի համապետական ընտրություններին ավելի քիչ մարդ է մասնակցել, քան այս խորհրդարանական ընտրություններին: Վիճվարչության տվյալներով՝ 2013-ից մինչեւ 2017-ը Հայաստանն ունեցել է բնակչության թվակազմի նվազում, այսինքն, Հայաստանից դուրս եկածների եւ Հայաստան եկածների թվի բացասական սալդո է եղել: Եվ ոչ մի տրամաբանական բացատրության չի ենթարկվում՝ ինչպե՞ս կարող է բնակչությունը նվազի, իսկ ընտրողների թիվը մեծանա»:

Անդրանիկի Գրիգորյանը չի ընդունում այն փաստարկը, որ այս ընթացքում նաեւ անչափահասները մեծանում են եւ ընտրելու իրավունք են ստանում: Դա, ըստ նրա, չէր կարող այդքան մեծ ազդեցություն ունենալ ընտրողների ցուցակի վրա, քանի որ շատերն էլ կյանքից հեռանում են, մահանում են. «Հայաստանում մահացածների թիվը ավելի շատ է, քան նոր ծնունդների: Ընդհանրապես նորմալ երկրներում բնակչության 72-75 տոկոսն է ընտրող լինում, իսկ ՀՀ-ի պարագայում այդ թիվը 83 տոկոսից ավելի է: Այդ կասկածները փարատելու միջոց կարող էր լինել մատնահետքերի համադրումը: Ի վերջո, հասարակության լայն զանգվածների մոտ կա այդ կասկածը՝ ընտրողների մասնակցության վերաբերյալ: Բայց հերթական անգամ քաղաքական կամք չդրսեւորվեց: Պարոն Մուկուչյանը, օրենքին հղում անելիս, որեւէ լուրջ հակափաստարկ չբերեց, քան այն, թե դա ինչ-որ տարիներ կարող է տեւել ստուգելը՝ իրենց մասնագետների համար»:

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930