Խորհրդարանի հերթական քառօրյայի երկրորդ աշխատանքային օրն այսօր կրկին տապալվեց: Ազգային ժողովի նիստին ներկայացել էին միայն 11 պատգամավորներ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դահլիճից հայտարարեց՝ գալիս են այն պատգամավորները, որոնք ապրում են միայն իրենց «հալալ» աշխատավարձով, և ովքեր վստահ են, որ բացակայությունը կարող է ազդել աշխատավարձի վրա:
Նիստը նախագահող Էդուարդ Շարմազանովը նկատելով, որ պատգամավորների շարքերը գնալով նոսրանում են, շնորհակալություն հայտնեց այն պատգամավորներին, որոնք հաջորդ ԱԺ-ում չեն աշխատելու:
Նիստերի դահլիճում ներկաներն էլ ծափողջույններով ողջունեցին գործընկերներին: «Եղել են և՛ սուր քննադատություններ, և՛ բանավեճեր, ես անկեղծ շնորհակալ եմ ձեզ»,- ասաց Շարմազանովը:
Կարդացեք նաև
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ, որը հաջորդ գումարման խորհրդարանում չի լինելու՝ նկատեց, որ, ըստ էության, ՀՀԿ-ն է բոյկոտում խորհրդարանի աշխատանքը: ՀՀԿ խմբակցությունից ներկա էին Էդուարդ Շարմազանովը եւ Մկրտիչ Մինասյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ