Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալ տարի Հայաստանից անվերադարձ մեկնողներն ավելի շատ են եղել (Տեսանյութ)

Ապրիլ 11,2017 13:25

2016-ին Հայաստանից արտագաղթած մեր քաղաքացիների 53 տոկոսը մեկնել է անվերադարձ: Մինչ այժմ մեկնածների համամասնությունը եղել է հօգուտ վերադարձողների: Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեց «Վերադարձ եւ պաշտպանություն սոցիալ-իրավական» հ/կ նախագահ Տաթեւիկ Բեժանյանը:

Ըստ նրա, մեր միգրանտների հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է, ապա` հետխորհրդային երկրները, Եվրոպան, ԱՄՆ-ն, Կանադան:

Ռուսաստան մեկնում են աշխատանքային միգրանտները, Եվրոպա` ապաստան հայցողներն ու կարգավիճակ ակնկալողները: Կանադան էլ ավելի շատ մասնագետ-միգրանտներին է նախապատվություն տալիս:

Վերջին երկու-երեք տարին դեպի ՌԴ նվազել է աշխատանքային միգրանտների հոսքը, ինչը, սակայն, ոչ թե մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմամբ է պայմանավորված, այլ` Ռուսաստանի տնտեսական վատ վիճակով: Տաթեւիկ Բեժանյանը համոզված է` հենց ՌԴ-ում վիճակը լավացավ, միգրանտների հոսքն ավելանալու է:

Տիկին Բեժանյանը ափսոսանքով է նշում, որ Հայաստանից մեկնողների 20 տոկոսը բարձրագույն կրթությամբ են. «Այսինքն` մեր պետությունը ծախսեր է անում, կրթում, իսկ հետո չի կարողանում արժանապատիվ աշխատատեղ ապահովել, որպեսզի այդ մարդիկ մնան Հայաստանում եւ ստացած գիտելիքները մեր երկրին ծառայեցնեն»:

Aravot.am-ի այն հարցին, թե մասնագետները պնդում են, որ ամեն ընտրությունից հետո արտագաղթի ալիք է նկատվում, քանի որ մարդիկ ինչ-ինչ հույսեր կապելով փոփոխությունների հետ, հիասթափություն են ապրում` երբ տեսնում են դրանք տեղի չեն ունենում, արդյոք այս ընտրություններից հետո էլ կավելանա՞ արտագաղթը, տիկին Բեժանյանը պատասխանեց. «Բնականաբար, սպասվում է այդ ալիքը եւ ամեն ընտրությունից հետո հիասթափությունը ունենում է իր ազդեցությունը»: Սակայն, թե ինչ կլինի այս ընտրություններից հետո, Տաթեւիկ Բեժանյանը ձեռնպահ մնաց մեկնաբանելուց:

Մեր այն հարցին, թե կառավարությունը հազարավոր աշխատատեղեր է ծրագրում մոտ ապագայում բացել, ներդրումներ են խոստացել, որոնց մի մասն արդեն կատարվել են, հնարավո՞ր է այս ամենի հետեւանքով մեր երկրից միգրացիան նվազի, Տաթեւիկ Բեժանյանը պատասխանեց, որ եթե մարդիկ աշխատանք էլ ունեն, ապա արժանավայել չեն վարձատրվում եւ արտագաղթելու պատճառներից մեկն էլ դա է:

«Մեր միգրացիայի հիմնական պատճառը սոցիալ-տնտեսականն է: Ես վստահորեն կարող եմ ասել, որ, եթե սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում բարելավի, անպայման միգրացիոն հոսքերը կնվազեն: Սակայն միայն աշխատանք ունենալը դեռեւս պայման չէ, որ կնվազեն միգրացիոն հոսքերը: Պետք է արժանապատիվ աշխատանք լինի, որովհետեւ մենք ունենք միգրացիա ոչ միայն աշխատանքի բացակայությունից, այլեւ ցածր վարձատրվելու պատճառով»:


Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930