Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ Հայաստանում կրքերն են եռում, եռում է իրավիճակը Հայաստանի շուրջ. «Ժամանակ»

Ապրիլ 11,2017 11:59

Հայաստանում շարունակում են եռալ ընտրական կրքերը, որոնք խորհրդարանական ընտրություններից անցում են կատարում քաղաքապետի ընտրությունների: Մինչ հասունանում են հերթական նախընտրական եւ ընտրական ինտրիգները, նոր դիմակայությունները, միջազգային ասպարեզում էլ իրավիճակը թեժանում է, ընդ որում այնպիսի մասշտաբներով, որոնք կամաթե ակամա, ստիպում են հայացք գցել դրանց վրա, քանի որ պարունակում են Հայաստանին առնչվող բավականին շոշափելի հեռանկարներ: Խոսքը, մասնավորաբար, Սիրիայում զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում քիմիական զենքի կիրառման մասին է, որն Արեւմուտքի կարծիքով՝ Սիրիայի կառավարական ուժերի՝ Ասադի ձեռքի գործն է, եւ որին հետեւեց ԱՄՆ առաջին ուղղակի ռազմական հարվածը Սիրիայի ուժերին: Այսպիսով, սիրիական դիմակայությունն ըստ էության կանգնել է նոր փուլի շեմին: Կանցնի՞ իրավիճակը այդ շեմից, թե՞ ոչ: Այս հարցը հավանաբար զգալիորեն կորոշակիանա վաղը Մոսկվայում սպասվող բանակցություններում, որը կվարեն ՌԴ ժամանող ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Բոլոր դեպքերում, արդեն իսկ նկատելի են Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության նոր ալիքի առաջին դրսեւորումները: Արեւմտյան երկրները, մասնավորապես՝ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Մեծ Բրիտանիան Ռուսաստանի վրա են դնում Սիրիայում քիմիական զենքի կիրառման պատասխանատվությունը, հայտարարելով, որ Մոսկվան չի կատարել այդ զենքի չեզոքացման մասով ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները, չի բռնել Ասադի ձեռքը: Խոսվում է Մոսկվայի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների մասին: Այդ ամենի ճակատագիրը երեւի թե կախված է Թիլերսոն-Լավրով բանակցությունների ընթացքից: Սա ըստ էության հակառակն է այն ամենի, ինչ սպասվում էր ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի հայտնվելուց հետո: Ինքն իրեն այդ կապակցությամբ շնորհավորող Մոսկվան այսօր արդեն հայհոյում է Թրամփին, իսկ ռուսաստանցի պրոպագանդիստներն արդեն սկսել են այսպես ասած՝ երանությամբ հիշել Օբամայի եւ Քերիի քաղաքականությունը: Ի՞նչ է այս ամենը, ստվերային, կուլիսային ինչ-ինչ զարգացումները քողարկող առերեւույթ լարում, թե՞ այդուհանդերձ մենք գործ ունենք Արեւմուտք-ՌԴ դիմակայության նոր, եւ դատելով Սիրիայում ծավալված ռազմական զարգացումներից՝ վտանգավոր բախման հավանականություն պարունակող լարվածության հետ: Հայաստանն այս կապակցությամբ ունի մտահոգության երկու առարկա, կամ երկու բաժին: Մեկն իհարկե այն է, թե այդ լարումը ինչպիսի արձագանք կունենա ղարաբաղյան խնդրում, ինչպես կազդի այս խնդրում ԱՄՆ ու Ռուսաստանի պահվածքի վրա, եւ արդյո՞ք կա վտանգ, որ Ադրբեջանը կարող է փորձ անել օգտվել այս հակասությունների սրացումից: Եվ մյուս բաժինն այն է, որ Հայաստանն անկասկած հույս ուներ ԱՄՆ-Ռուսաստան եթե ոչ կարգավորումից, ապա կայունացումից ստանալ նաեւ որոշակի տնտեսական էֆեկտ՝ ՌԴ տնտեսության կայունացման շնորհիվ: Ակնհայտ է, որ այս էֆեկտը մեղմ ասած հայտնվում է կասկածի տակ, համենայնդեպս քանի դեռ խոսք է գնում նոր պատժամիջոցների մասին, որ կարող է կիրառվել ՌԴ դեմ: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը կշարունակի լինել տնտեսական ծանր վիճակում, ինչը իր անդրադարձը կունենա Հայաստանի վրա:

 

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930