Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Աճեմօղլու. «Վերջին երկու տարիներին ես հույսս գրեթե ամբողջությամբ կորցրել եմ Հայաստանի համար». (Տեսանյութ). civilnet.am

Ապրիլ 11,2017 11:54

«Վերջին երկու տարիներին ես հույսս գրեթե ամբողջությամբ կորցրել եմ Հայաստանի համար, որովհետև կոռուպցիայի մակարդակը, քաղաքական վերահսկողության և քաղաքական այրերի կողմից համակարգը փակ պահելու, քան բացելու հակումը միանգամայն համակարգային բնույթ են ունեցել, իսկ քաղաքացիական հասարակության կառույցները, որոնք սկզբում և ընթացքում շատ ակտիվ էին, կարծում եմ՝ ձանձրացել են պետության կողմից իրենց նկատմամբ չափազանց մեծ ընդդիմացման պատճառով»․ այսպիսի կարծիք է հայտնել Տարոն Աճեմօղլուն՝ ապրիլի 9-ին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի կազմակերպած գիտաժողովին, որը կրում էր «Անցումային շրջանի ավարտը։ Հայաստանը 25 տարի անց։ Հիմա՞ ինչ» խորագիրը։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail) հիմնարար աշխատության հեղինակ Աճեմօղլուն զուգահեռներ է անցկացրել և նշել, որ Խորհրդային Միության անկումից հետո պետությունները անցումային երկու ուղղությամբ են ընթացել։

Երկրների մի խմբում, օրինակ՝ Չեխիա կամ Էստոնիա, որտեղ կոմունիստական էլիտաները հեռացվել են, համակարգերը՝ բացվել, անցումը շատ ավելի լավ է աշխատել։ Երկրների մյուս խմբում, օրինակ՝ Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, նախկին կոմունիստական էլիտաները շարունակել են վերահսկել իրավիճակը, և այնտեղ հետընթաց է եղել։

«Ցավոք Հայաստանն ավելի մոտ է երկրորդ խմբին։ Եվ մենք դրա համար թանկ գին ենք վճարել։ Ես կարծում եմ, որ Հայաստանը կարող էր շատ ավելի նման լինել Չեխիային կամ Էստոնիային, սակայն փոխարենը ավելի շատ նմանվել է Ադրբեջանին ու Ուզբեկստանին, ինչն իսկապես ամոթ է»,- ասել է Աճեմօղլուն։

Նա նշել է, որ առավել ճնշող է այն հանգամանքը, որ, օրինակ, անհաջող անցումային երկրներից Ղազախստանը, որ շատ հեռու է ժողովրդավարական լինելուց, որոշակի քայլեր արել է ինստիտուտների ուժեղացման ուղղությամբ։ Ըստ Աճեմօղլուի՝ եթե Հայաստանում անկախության սկզբնական շրջանը ավելի բարեհաջող էր, և երկիրը ավելի բաց էր ու դուրս նայող, հետագայում վիճակը գնալով վատացել է․ «Ես կարծում եմ, որ Հայաստանում ամեն ինչ շատ ավելի լավ կարող էր լինել, և հույս ունեմ, որ դեռ ուշ չէ, բայց իսկապես շատ հույսեր ի դերև են եղել»։

Հարցին, թե ինչը կարող էր տարբեր լինել Հայաստանում, բացի հին էլիտաներին հեռացնելուց, Աճեմօղլուն պատասխանել է․

«20-րդ դարի առաջին կեսին ԱՄՆ-ում մի լրագրող կար՝ Լինքոլն Սթիվենս (Lincoln Steffens), որը շատ էր գրում ամերիկյան քաղաքներում կոռուպցիայի մասին և մի յուրատեսակ կարգախոս ուներ՝ «տականքներից ազատվեք»։ Նրա տեսակետն այն էր, որ եթե ցանկանում ես քաղաքները մաքրել դրանցից, ընտրողները կանոնավոր պետք է դեմ քվեարկեն, երբ նրանք կոռումպացված են, անհաղորդ են հանրության պահանջներին և անում են բաներ, որոնք չեն բխում հանրության շահերից։ Իմ կարծիքով՝ ինչ տեղի չի ունեցել Հայաստանում, այն է, որ նա չի գնացել Սթիվենսի նախանշած ուղով։ Հայաստանում բազմաթիվ անհաջող կառավարություններ են եղել, բայց հիմնականում տարաբնույթ պատճառներով, մասամբ՝ հովանավորչության, մասամբ՝ քաղաքացիական հասարակության կողմից ոչ բավարար ընդդիմացման, այդ կառավարությունները ընտրությունների միջոցով չեն փոխվել։ Ես համոզված եմ, որ Հայաստանը պայծառ ապագա կունենա միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական գործընթացներն ավելի լավ աշխատեն»։

 

Պատրաստեց Կարեն Հարությունյանը

Նյութի մանրամասները կարդացեք civilnet.amի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930