Լրահոս
Օրվա լրահոսը

Լավություն արա, ջուրը գցի

Ապրիլ 11,2017 10:17

Պատգամավորներից մեկը «ընտրակաշառքի շրջանակներում» իր գյուղում ճանապարհ էր կառուցում: Բայց նրա գումարները, հավանաբար, չհերիքեցին ընտրվելու համար, եւ նա ընտրություններից հետո ոչ միայն չշարունակեց շինարարությունը, այլեւ ճանապարհի սկզբում ու վերջում քարեր լցրեց, որ հանկարծ ոչ ոք այդ՝ անգամ կիսաքանդ ճանապարհից չօգտվի: Մեկ այլ ձախողված թեկնածու հայտարարեց, որ այլեւս չի օգնի աղքատ ուսանողներին ուսման վարձը մուծել, ասելով՝ «ում ընտրել եք, նրանից էլ ուզեք»:

Դուք կարո՞ղ եք ասել, որ այդ ձախողված, ինչպես նաեւ «հաջողած» թեկնածուների արածը բարեգործություն է: Ես վստահ եմ, որ ոչ: Բարեգործության տակ ես հասկանում եմ, որ մարդը գործում է իր սրտի թելադրանքով եւ չի ցանկանում որեւէ փոխհատուցում ստանալ: Ինձ թվում է՝ իդեալական բարեգործությունն այն է, երբ դրա մասին ոչ ոք չգիտի: Մնացածը ներդրում է: Եթե ես սպասում եմ, որ որեւէ մեկն ինձ բարի գործի համար շնորհակալություն ասի, ուրեմն ես հաշվարկում եմ, որ պիտի «գնեմ» այս մարդու լավ վերաբերմունքը կամ շնորհակալությունը: Եթե ընտրություններից մի շաբաթ կամ 5 տարի առաջ ես օգնում եմ կարիքավորներին՝ հույս ունենալով, այդ մարդիկ ինձ պատգամավոր կընտրեն, ուրեմն ես իմ հազարավոր կամ միլիոնավոր դոլարները ներդրել եմ պատգամավորի մանդատը գնելու համար:

Իհարկե, ներդրումները կարող են նաեւ բարի, ազնիվ նպատակ ունենալ: Օրինակ՝ ես ունեմ «ավելորդ» մեկ միլիոն եւ ներդրում եմ արել Հայաստանի կրթական համակարգի մեջ: Դա պետք է ոչ միայն անձամբ ինձ, այլեւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին: Այդ ներդրման մասին արժե բարձրաձայնել (իհարկե, զուսպ, առանց կուրծք ծեծելու եւ «տժվժիկ» սարքելու), որպեսզի մյուս միլիոնատերերը հետեւեն իմ օրինակին: Երբ Բիլ Գեյթսը տարեկան մի միլիարդ է ծախսում քաղցկեղի դեմ պայքարի համար, նա անում է դա ոչ թե ԱՄՆ կոնգրեսական դառնալու համար եւ ոչ էլ ակնկալում է, որ որեւէ ամերիկացի կընկնի նրա ոտքերը եւ կբացականչի՝ «վա՜խ, դու մեր թագավորն ես»: Պարզապես Գեյթսը ցանկանում է այլ ներդրողների հետ հաջողության հասնել այդ հիվանդության դեմ պայքարում:

Իսկ նրանք, ովքեր հիմա կշտամբում են ընտրողներին՝ «ես ձեզ փող եմ տվել, իսկ դուք ինձ չընտրեցիք», նրանք ոչ միայն բարեգործներ չեն, այլեւ, մեծ հաշվով, բիզնեսմեն էլ չեն՝ այլապես կիմանային, որ ոչ բոլոր ներդրումներն են 100 տոկոսով փոխհատուցվում: Բարոյական կողմի մասին էլ չեմ խոսում:

…Վերջերս ընկերներիցս մեկն ինձ հարցրեց՝ «ինչո՞ւ է այդ մարդը քեզ վրա անընդհատ հարձակվում, չէ՞ որ դու նրան ձեռք ես մեկնել դժվար պահին»: Պատասխանս` ես դա չեմ արել լավ վերաբերմունք ստանալու համար:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան
    Կովկասի գերուհին ֆիլմը տեսած կլինեք: Լավ խոսք կա այդտեղ. Իսկ դու մի խառնիր քո սեփական բուրդը պետականի հետ: Բարեգործությունն ու քաղաքական գործունեությունը տարբեր են.
    Թող կուսակցությունները քաղաքական պայքարում իրար ուտեն, թե ով ավելի լավ կկառավարի ու բարիք կտա երկրի քաղաքացիներին: Բարիքը ասֆալտը չի կամ 10 հազարը: Քաղաքական պայքարում բարիքը այն օրենքն է ու այն կառավարման համակարգը, որտեղ ասֆալտ փռողների հերթ է՝ անկախ ընտրություն կա, թե չէ եւ 10 հազարով ձայն չի վաճառվում:

  2. Հ.Շ. says:

    առանց ոչ մի կապի՝ խմբագրականի նիւթի քաղաքական երեսին հետ, այլ միայն անհատական կացութիւնների վերաբերող ակնարկութիւնների կապակցութեամբ,

    կայ մի հոգեբանական տեսութիւն – որու փաստացի երերւոյթներին երբեմն հանդիպում ենք կեանքում- , ըստ որու, երբ մէկու մը բարիք ընես, նա հակում ունի քո դէմ լարուելու… թերեւս բնազդաբար վիրաւորուելով որ կարիքը ունի ուրիշի օժանդակութեան…

  3. Լավատես says:

    Հայի լավությունը հայի համար պետք է լինի շատ ավելի փոխշահավետ ու փոխօգտակար, քան այլազգու հետ, հայի բնակվելն ու աշխատելը իր հայոց բնօրրանում պետք է լինի շատ ավելի փոխշահավետ ու փոխօգտակար, քան այլազգու երկրում: Դրա համար հայը ազգային հայ կրոն պետք է ունենա, որն ասի՝ հայը հային տոկոսով փող չպիտի տա ու նման լավ բաներ, իսկ այն, որ մենք շատ ավելի մարդասիրական բաներ կգրենք մեր կրոնում, որը չի հակասի հայի էությանը ու մարդկությանն էլ միայն լավություն կանի, կասկած չկա: Վերագտնենք մեր մեջ մեր հայ էությունը՝ համ մեզ լավ կլինի, համ էլ ուրիշ ազգերի համար օրինակ կդառնանք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930