Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտակել են հովանավորյալ կրկնահանցագործ Վարդան Հովնիկյանի կատարած հանցագործությունը». Լրագրողի ահազանգը

Ապրիլ 10,2017 20:55

«Չորրորդ իշխանություն» թերթի տնօրեն և լրագրող Մհեր Ղալեչյանը նամակ է ուղարկել ՀՀ Արդարադատության խորհրդին՝ դժգոհելով, որ  իրենց հարեւան՝ «հովանավորյալ կրկնահանցագործ Վարդան Հովնիկյանի կողմից կատարած հանցագործությունների հիման վրա տարբեր տարիներին հարուցված քրեական գործերի միացման պատճառով պարտակվել է Հովնիկյանի հանցագործությունը:

«Սեփականության իրավունքով մեր ընտանիքին է պատկանում Աղբյուր Սերոբի 52/1 տունը: Հարևան 52/3 տան սեփականատեր Վարդան Հովնիկյանը 3 անգամ (15.02.15, 05.07.15, 12.07.15) մոլեգնած հարձակվել և բռնություն է գործադրել կնոջս՝ Գայանե Խաչատրյանի վրա՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջին 2 դեպքում փաստի առթիվ հարուցվել են թիվ 14142015 և 14144315 քրեական գործերը, որոնք միացվել են և 17.11.2015թ.-ից թիվ 14144315 քրեական գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Դավիթ Գրիգորյան):

Այդ միացումը հնարավորություն տվեց ինչպես քննիչին ու դատախազին, այնպես էլ դատավորին քողարկել, պարտակել հովանավորյալ կրկնահանցագործ Վարդան Հովնիկյանի կողմից 05.07.2015թ. կատարած հանցագործությունը և քննել միայն 12.07.2015-ի դեպքը»,- նամակում նշել է Մհեր Ղալեչյանը:

Նա նաեւ դժգոհել է, որ «գործը հսկող դատախազ Կարեն Բարսեղյանը  արդեն մի քանի անգամ այլ գործերով ջանք չի խնայել կոծկելու Վարդան Հովնիկյանի կատարած հանցագործությունները և նրան փրկել է օրենքով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Այս դեպքում ևս, օրինական պատժից Վարդանին ազատելու համար, քննիչ Խաչիկ Նավասարդյանը և դատախազ Կարեն Բարսեղյանը սույն քրեական գործով ինձ մեղադրյալ են ընդգրկել՝ նպատակ ունենալով ինձ վախեցնել և դրդել հաշտության իրական հանցագործի հետ: Այդ շինծու, արհեստածին մեղադրանքը (իբրև թե ես կոտրել եմ Մարիամ Հովնիկյանի բջջային հեռախոսը) առաջադրվել է առանց որևէ ապացույցի, միայն Մարիամի սուտ մատնության հիման վրա:

Գործի քննությունը դատարանում ընթանում է առերևույթ կրկնահանցագործ Վարդան Հովնիկյանի հանդեպ բացահայտ կողմնակալ վերաբերմունքով: Այդ մասին է խոսում դատավոր Գրիգորյանի կողմից  իմ և Գայանեի բոլոր միջնորդությունների մերժումը: Մասնավորապես, նա մերժեց մեր  բացարկը հանցագործին բացահայտ հովանավորող դատախազ Կարեն Բարսեղյանին:

Դատավոր Գրիգորյանը որոշեց մերժել 20.02.17թ. Գայանեի և 09.03.17թ. իմ միջնորդությունները դեպքին ականատես չեզոք վկաներ, հարևաններ Ռուզաննա Յորղանջյանին և Ելենա Պետրոսյանին դատարան հրավիրելու վերաբերյալ: Այդ վկաների ցուցմունքները կբացահայտեին իրականությունը, դեպքի  ամբողջ մանրամասները: Ես գտնում եմ, որ այդ մերժումը նպատակ ունի խուսափել այն ապացույցներից, որոնք կհաստատեին իմ անմեղությունը և Վարդան Հովնիկյանին մեղսագրված հանցագործությունը: Դատավոր Գրիգորյանի որոշումը խախտում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65հ. 1 և 12 կետերով նախատեսված իմ իրավունքները և տուրք է տալիս դատախազ Կ. Բարսեղյանի կողմից հանցագործ Հովնիկյանին ցուցաբերվող հովանավորչությանը:

Խոչընդոտելով իմ պաշտպանության իրավունքի իրացմանը` դատավորը ոտնահարում է արդարության և օրինականության սկզբունքները, հող նախապատրաստում անմեղ մարդուն դատապարտելու, իսկ Մարիամ Հովնիկյանին ազատելու սուտ մատնության համար քր. օր. 333հ 1 կետով նախատեսված պատասխանատվությունից: Դատավոր Գրիգորյանը դատական գործընթացի հենց սկզբից ապացույց չի ճանաչել 05.07.15թ. և 12.07.15թ. դեպքերի ժամանակ 2 հակառակորդ կողմերի կատարած տեսաձայնագրությունները, թեև քննիչ Խ. Նավասարդյանը դրանք ապացույց է ճանաչել, և որևէ հակասություն չկա այդ տեսաձայնագրությունների միջև:

Այս դատավարության ընթացքում դատավոր Գրիգորյանի ցուցաբերած վարքագիծը խախտում է ՄԻԵԿ-ի 6 Հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իմ իրավունքը, ոտնահարում իմ պատիվն ու արժանապատվությունը»:

Լրագրողը ՀՀ Արդարադատության խորհրդին խնդրել է նաեւ  կարգապահական վարույթ հարուցել և քննել դատավոր Դավիթ Գրիգորյանի վարքագիծը, որ ապահովվի դատարանի՝ միայն  արդարադատություն իրականացնելու գործառույթը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930