Լրահոս
Օրվա լրահոսը

«Վովա Գասպարյանն է իրենց մեջքին կանգնած, ժամանակին իրար հետ աշխատել են». Լրագրողը՝ իրենց հարեւանների հովանավորների մասին

Ապրիլ 10,2017 20:44

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Չորրորդ իշխանություն» թերթի տնօրեն և լրագրող Մհեր Ղալեչյանի գործով դատական նիստը տեղի չունեցավ նախագահող դատավորի հիվանդ լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ Մհեր Ղալեչյանը մեղադրվում է 2015թ. հուլիսի 12-ին հարևան Մարիամ Հովնիկյանի հեռախոսը ջարդելու համար: Միջադեպի ժամանակ Մարիամ Հովնիկյանի հայրը` այս գործով ամբաստանյալ Վարդան Հովնիկյանը, մարմնական վնասվածքներ էր հասցրել Մհեր Ղալեչյանի կնոջը` նույնպես լրագրող Գայանե Խաչատրյանին: Ըստ Մարիամ Հովնիկյանի, ինքը հեռախոսով միջադեպը նկարահանելիս է եղել, իսկ Մհեր Ղալեչյանը՝ դա տեսնելով, ձեռքից խլել է ու ջարդել:

Այս գործով տուժող Գայանե Խաչատրյանը Aravot.am-ին պատմեց, որ նախորդ դատական նիստին դատարանը որոշեց  մերժել իրենց միջնորդությունը միջադեպին ականատես վկաներին հարցաքննելու մասին, իսկ իրենք դատարանի մերժման մեջ միտում են տեսնում, որովհետեւ. «Նույն վկաներին դատարան հրավիրելու միջնորդություն էի ներկայացրել թե՛ ես՝ որպես տուժող, թե՛ Մհերը՝ որպես մեղադրյալ, իսկ նա իրավունք ունի բոլոր հնարավոր եղանակներով ապացուցել  իր անմեղությունը, տվյալ դեպքում դատարանը նրան զրկեց այդ հնարավորությունից: Այն էլ այնպիսի վկաներ էին, որոնք ոչ մի ազգակցական կապ չունեն մեզ հետ եւ չէին կարող կանխակալ լինել»:

Գայանե Խաչատրյանի խոսքով, իրենք միջնորդել էին հարցաքննել իրենց հարեւաններին՝ Ռուզաննա Յուրղանջյանին ու Ելենա Պետրոսյանին, որոնք իրենց տանից հետեւել են միջադեպին:

Այս գործով տուժողի պատմելով, Հովնիկյանները պարբերաբար խնդիրներ են ունեցել գրեթե բոլոր հարեւանների հետ ու հարաբերություններն այնքան էին սրացել, որ Հովնիկյանները նույնիսկ որոշեցին փոխել իրենց բնակության վայրը. «Երեւի ամեն օր կռիվների մեջ իրենք էլ չդիմացան»:

Ըստ մամուլի հրապարակումների, Հովնիկյաններն իրենց այդպես են պահում բարձր պաշտոնյաների հովանավորչություն ունենալու պատճառով:  Գայանե Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ ովքեր են Հովնիկյանների հովանավորները.

«Մենք իրենցից ենք լսել, իրենք ուրիշ հարեւանների են ասել, որ Վովա Գասպարյանն է իրենց  մեջքին կանգնած, ժամանակին իրար հետ աշխատել են, համատեղ գործեր են արել զինվորների հետ կապված, թե դա որքանով է հավաստի, մենք չկարողացանք պարզել, մեզ ոստիկանությունում հավաստիացրին, որ որեւէ հովանավորչություն  կամ կապ չկա, բայց որ դատախազությունը՝ կոնկրետ Արաբկիրի դատախազ Կարեն Բարսեղյանը հովանավորում է նրանց, դա միանշանակ է, որովհետեւ մի քանի այլ գործերով հենց այդ դատախազի հովանավորությամբ մանրամասն քննություն չարվեց»:

Լուսանկարը` Գայանե Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930