Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կացնահարված կինը դատարանում. «Վլադիկը սպառնացել է իմ ընտանիքին վերացնել, երեխային էլ մանկատուն ուղարկել». (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 10,2017 20:33

Կնոջն ու զոքանչին կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանը կանգնեց դատարանի առաջ. այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում առաջին նիստն էր: Անցյալ տարի հուլիսի 8-ին Երեւանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի շքամուտքի աստիճանների վրա  տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Վլադիկ Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել Կարինե, Թագուհի եւ Վաչագան Մանսուրյաններին, արդյունքում 64-ամյա Կարինե Մանսուրյանը մահացել էր, իսկ հայր եւ դուստր՝ Թագուհին եւ Վաչագանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Թագուհի Մանսուրյանն ու հայրը ապաքինվել են, այսօրվա նիստին Թագուհին հարցաքննվեց: Նա մանրամասն պատմեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել:

2 ժամից ավելի տեւած դատական նիստի ժամանակ Թագուհի Մանսուրյանը տարբեր դրվագներ պատմեց՝ վստահեցնելով, որ նախկին ամուսինը՝ Վլադիկ Մարտիրոսյանը պարբերաբար բռնություն է գործադրել իր նկատմամբ:

Մանրամասները` տեսանյութում

«Վլադիկ Մարտիրոսյանը միշտ սպառնացել է, հարկադիրում էլ ասել է, որ մեր ընտանիքին վերացնելու է, չի թողնելու երեխան 2 տարեկանը գլորի, ասել է՝ ո՛չ ինձ, ո՛չ իրեն, թող տանեն մանկատուն»,-պատմեց Մանսուրյանը:

Մանրամասները` տեսանյութում

Տուժող Թագուհի Մանսուրյանը նաեւ ներկայացրեց, որ Վլադիկ Մարտիրոսյանը ոստիկանություն էր զանգահարել, ասելով, որ Թագուհին ու նրա մայրը՝ Կարինե Մանսուրյանը իր նկատմամբ բռնություն են կիրառել. «Ես իրեն ասացի՝ քեզ ո՞վ է մատով կպել: Ոստիկանները եկան ինձ հայրիկիս ու մայրիկիս փորձեցին տանել բաժանմունք: Ես երեխային թողեցի հորս մոտ, ու ինձ ու մորս տարան ոստիկանություն»:

Ոստիկանների ուղեկցությամբ հուլիսի 8-ի լուսադեմին՝ ժամը 04.30-ի սահմաններում, Թագուհի եւ Կարինե Մանսուրյանը ոստիկանությունից վերադարձել են տուն, եւ ինչպես պատմեց Թագուհին, երբ մտել են շքամուտք, Վլադիկ Մարտիրոսյանը կացնով հարվածել է նրա ուսին, հետո մայրն է փորձել միջամտել ու պատշպանել դստերը, բայց ինքն էլ կացնի հարվածներ է ստացել, ինչի հետեւանքով էլ մահացել է:

Մանրամասները` տեսանյութում

Նիստին Թագուհի Մանսուրյանը դատավորի հարցին ի պատասխան սկսեց կացինը նկարագրել, հին էր, նոր էր, ինչ գույնի էր եւ այլն:

Ապա դատավորն ասաց, որ որոշ անհամապատասխանություններ կան Թագուհի Մանսուրյանի՝ դատարանում հնչեցրածի եւ ցուցմունքի միջեւ. մասնավորապես Մանսուրյանը ցուցմունքում ասել է, որ կացնի մի քանի հարված է ստացել, իսկ այսօր դատարանում ասաց, որ հիշում է մի հարվածի մասին:

Նիստին Վլադիկ Մարտիրոսյանն ու իր պաշտպանն էլ մի շարք հարցեր ուղղեց տուժողին.մասնավորապես. Մարտիրոսյանը հարց ուղղեց, թե քանի անգամ է Թագուհի Մանսուրյանը  մերժել երեխայի հետ տեսակցությունը: Մանսուրյանը վստահեցրեց, որ մի քանի անգամ տեսակցության չի տարել երեխային, քանի որ վերջինս հիվանդ է եղել, իսկ ապաքինվելուց հետո, տարել է, բայց Մարտիրոսյանը չի ներկայացել, պատճառաբանելով, որ Ղարաբաղից հարմար չէ գալ: Ապա` Մանսուրյանը մերժել է տեսակցությունները, քանի որ այլեւս չէր կարող աշխատանքից դուրս գալ ու հարմարվել Վլադիկի ժամանակացույցին:

Մանրամասները` տեսանյութում

Հիշեցնենք, որ Վլադիկ Մարտիրոսյանը «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ժամանակ վստահեցրել էր, որ իրեն թույլ չեն տալիս տեսակցել երեխայի հետ:  Մարտիրոսյանը պնդում էր, որ վեճերը ծագել են երեխայի տեսակցության համար, իսկ Մանսուրյանն էլ պնդում էր, որ Մարտիրոսյանին երեխան չէր հետաքրքրում, եւ իր հետ ամուսնացել էր, իր իսկ խոսքերով ասած՝ շահադիտական նպատակներով. «Աչքը տան վրա էր»:

Հիշեցնենք, որ Մարտիրոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն» եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «սպանության փորձ»:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 28-ին, ժամը 15:00-ին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    (այսպիսի մասնայատուկ պարագաների վրայ պէտք է որ կեդրոնանան կանանց իրաւունքների պաշտպան կազմակերպութիւնները
    – անոնք, որոնք իսկապէս այդ նիւթով կը զբաղուին, առանց այլ agenda-ի… –

    եւ ոչ թէ կարկինը շա՜տ լայն բանալով,
    վիրաւորեն եւ իրենց դէմ հանեն բոլոր տղամարդիկը անխըտիր
    – բացի մի քանի ջահելներէ, որոնք այդպէսով կը յուսանան մօտենալ աղջիկներու –

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930