Հովհաննես Շահինյանը, որը Արաբկիր համայնքի նախկին ղեկավարն է եւ ցանկություն էր հայտնել մասնակցելու Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ չի առաջադրվի, քանի որ առաջադրումը տեխնիկապես հնարավոր չի եղել:
«Առաջադրվելու որոշում ունեի, բայց տեխնիկապես հնարավոր չեղավ, քանի որ աննախադեպ գործընթացներ տեղի ունեցան. մի շարք քաղաքական ուժեր հրաժարվեցին մասնակցություն ունենալուց, իսկ մյուս ուժերը, որոնք որ մասնակցում են` իրենց կուսակցական թիմակիցներով են հանդես գալիս:
Առաջադրված քաղաքական ուժերից երկուսի հետ հանդիպումներ ունեցել ենք, քննարկել ենք հիմնախնդիրները, կառավարման մոդելի հետ կապված տեսակետներ, առաջարկություններ ենք ներկայացրել, արդյունավետ կառավարման, լուծման մեր բանալիներն առաջարկել:
Նախ` պետք է ընդունվեին մեր կողմից առաջարկվող ծրագրերը, որից հետո քննարկեինք առաջադրման տեխնիկական մասերը, սակայն այդ քաղաքական ուժերն իրենց համար որոշում ունեին, որ պետք է մասնակցեն իրենց կուսակիցներով: Այսինքն` իմ եւ իմ համախոհների հնարավորությունը սահմանափակվում է, իսկ մենք, չունենալով մեր կուսակցությունը, առաջադրման հետ կապված խնդիր առաջացավ»:
Կարդացեք նաև
Հովհաննես Շահինյանը կեսկատակ ավելացրեց. «Մեզ այլ բան չի մնում` հետագայում ստեղծել անկուսակցական համախոհների կուսակցություն»:
Հիշեցնենք, որ պարոն Շահինյանը մինչ այդ հայտարարել էր, որ դեռեւս քննարկումներ են գնում իրենց կողմից առաջարկվող ծրագրերի եւ առաջադրման տեխնիկական մասով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ