Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքում» լինեի, կեսից դուրս կգայի, կասեի` թատրոնը պրծավ». Վիգեն Խաչատրյան

Ապրիլ 10,2017 18:25

PR տեխնոլոգ Վիգեն Խաչատրյանը, թեև չի ընտրել «Ելքին», միևնույն է, կարծում է, որ  նոր մշակույթ կրող անձնավորությունների գերակշիռ մասը, որոնք ձևավորվել են այս 25 տարիների ընթացքում, կենտրոնացած են հենց այս ուժի ներքո:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, թե առաջադեմ մարդիկ ՀՀԿ-ում, գուցե նաև ԲՀԿ-ում ու այլ կուսակցություններում էլ կան, բայց հիմնականում «Ելքում» են հավաքված: Պարոն Խաչատրյանը քննադատեց այն անձանց, ովքեր «Ելքը» համարում են պրոյեկտ. «Երբ «Ելքի» անդամները դատողություն են անում, խոսում են, մտածում ես`լավ կլիներ, որ բոլորը գոնե այսպիսին լինեին` կիրթ, խոսեին իրական բաներից: Ընդդիմության նոր որակն այսօր կրում է «Ելքը»:

Վիգեն Խաչատրյանի կարծիքով` «Ելքն» ունի երկու ընտրություն. «Զարուհու խնդիրը չեմ էլ քննարկում, եթե լուրջ աջակցություն չլինի, այնտեղ լուրջ խնդիր չկա, քանի որ ռադիկալ կրողները շատ քիչ են մեզանում, առավել ևս Երևանում:  Ուրեմն «Ելքն» ունի երկու ընտրություն: Չմասնակցել ու թողնել ՀՀԿ-ին Զարուհու հետ ու ասել` այս ձեր բորշչը, այս էլ ձեր գդալը և պատրաստվել խորհրդարանական լուրջ աշխատանքի: Երկրորդ տարբերակն է մասնակցել, համոզված եմ, որ հասարակական լուրջ աջակցություն կստանան: Բայց եթ ես լինեի «Ելքում», լուրջ մասնակցություն կանեի, կեսից դուրս կգայի, կասեի թատրոնը պրծավ»:

Պարոն Խաչատրյանը համոզված է, որ եթե «Ելքի» ներսում այլակարծություն հանդուրժեն, ներվային դրսևորումներ չանեն, լուրջ հեռանկար ունեն: Վիգեն Խաչատրյանն անկեդծացավ, թե ինքն ընտրել է «Ազատ դեմոկրատներին», քանի որ ցանկանում էր, որ Անժելա Խաչատրյանը հայտնվեր խորհրդարանում: Ըստ PR տեխնոլոգի` նրա իսկական տեղը «Ելքն» էր. «Լավ չէ, որ «Ազատ դեմոկրատները» ցածր տոկոս ստացան, վստահ եմ, որ նրանց տոկոսը չի արտահայտում հասարակական հիմնական քաղաքական տրամադրությունները»:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի համար ևս անակնկալ էր «Ազատ դեմոկրատների»` բավականին ցածր ցուցանիշը, քանի որ դա միակ ընդգծված արևմտամետ ուժն էր. «Այդ կարգախոսները, գումարած Հրանտ Բագրատյանի լիբերալիզմի տեսությունը և նրա անձը կարող էին ապահովել բավականին լավ արդյունք: Այստեղ մենք գործ ունենք ձայների փոշիացման հետ: Ընտրողների մի մասը, որը պետք է իր ձայնը տար «Ազատ դեմոկրատներին», ձայները տվեց «Ելքին»:

Դառնալով «Ծառուկյան» դաշինքի` Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու որոշմանը` պարոն Հակոբյանն ասաց. «Ծառուկյանն իր գլխավոր խնդիրը լուծեց` խորհրդարանական ընտրություններին մասնակցելով: Նա երևի թե չէր էլ վերադառնա քաղաքականություն, եթե չլիներ 2018-ը` Սերժ Սարգսյանի` հեռանալն այս պաշտոնից: Այնուամենայնիվ, որոշակի անորոշություն է ստեղծվում Ծառուկյանի համար: Ինչպես  2007-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն էր հեռանում, այն ժամանակ էլ անորոշություն ուներ և իր ազդեցության հնարավոր պահպանումը տեսնում էր քաղաքական դաշտում` իր ազդեցությունը ավելացնելով: Հիմա էլ իր մոտ կա  դիսկոմֆորտ 2018-ի անորոշ հեռանկարների հետ կապված»:

Ըստ պարոն Հակոբյանի` այս առումով Երևանի ավագանու ընտրություններին` «Ծառուկյան» դաշինքի մասնակցությունը բացի ավելորդ գլխացավանքից` չհաշված ֆինանսական ծախսերը և հերթական երկրորդ տեղը, ոչինչ չէր տալու, մանավանդ, որ դա քաղաքական և անձնական պլանների մեջ ի սկզբանե էլ չէր մտնում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930