Խորվաթիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունից, որտեղ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը, Գոռ Մինասյանը դարձավ արծաթե, իսկ Ռուբեն Ալեքսանյանը, Սոնա Պողոսյանը եւ Տաթեւ Հակոբյանը բրոնզե մեդալակիրներ, մեր պատվիրակությունը գիշերը վերադարձավ Երեւան:
«Զվարթնոց» օդանավակայանում Aravot.am-ը զրուցեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի, ինչպես նաեւ ծանրորդներից մի քանիսի հետ:
Փաշիկ Ալավերդյանն, ընդհանուր առմամբ, գոհ է մասնակցությունից: Նրա խոսքերով, ծանրորդները, այդ թվում նաեւ երիտասարդ, իրենց առջեւ դրած բոլոր խնդիրները հիմնականում կատարեցին:
Կարդացեք նաև
Պարոն Ալավերդյանը գովեստի խոսքեր ասաց հատկապես Անդրանիկ Կարապետյանի հասցեին, որը Ռիոյում ստացած ծանրագույն վնասվածքից հետո ապաքինվելով՝ Սպլիտում կրկին մտավ մրցահարթակ, եւ հոգեբանորեն հաղթեց ինքն իրեն:
Անդրադառնալով աղջիկներին՝ Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ Սոնա Պողոսյանն ու Տաթեւ Հակոբյանը նոր են տեղափոխվում մեծահասակների տարիքային խումբ եւ նրանց նվաճած բրոնզե մեդալները կարեւոր խթանիչ կդառնան հետագա մարզական կարիերայում:
Սիմոն Մարտիրոսյանը Խորվաթիա մեկնել էր ոսկե մեդալի համար եւ ուրախ է, որ նպատակն իրականացավ: Երիտասարդ մարզիկը ոգեւորված է եւ ցանկություն ունի աշխարհի առաջնությունում ու դրանից հետո բարելավել արդյունքները:
Գոռ Մինասյանը, թեեւ գոհ է արծաթե մեդալից, սակայն այսօր գերծանր քաշային կարգում աշխարհի անվերապահ առաջատար Լաշա Տալախաձեի հետ ոսկու համար ճակատամարտ տալու ձգտում ունի, եւ հնարավորություն ընձեռվելու դեպքում շանսը բաց չի թողնի:
Սոնա Պողոսյանը, որի համար սա երրորդ մեկնարկն էր մեծահասակների հետ պայքարում, ինքնավստահություն է ձեռք բերել եւ մտադիր է արդեն հաջորդ տարի Եվրոպայի բրոնզը փոխարինել ոսկով:
Անդրանիկ Կարապետյանն էլ հանգիստ ու ըմբռնմամբ է վերաբերվում, որ նախորդ տարի Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո այս անգամ հանգամանքների բերումով ստիպված էր հանդես գալ իր համար անսովոր «B» խմբում: Բայց կարեւորն այն է, որ նա վերադարձավ մեծ սպորտ ու կարողացավ անգամ մեկ աստիճան բարձր քաշային կարգում բավականին լուրջ կիլոգրամներ բարձրացնել: Մարզիկը վերագտել է հավատը եւ վստահ է, որ կվերադարձնի իրեն պատկանող բոլոր տիտղոսները:
Փաշիկ Ալավերդյանը դժգոհ էր միայն Իզաբելլա Յայլյանից, որը պոկում վարժությունում ձախողվեց: «Սպորտում հաջողությունն ու անհաջողությունը քայլում են զուգահեռ: Բայց Իզաբելլայի հետ կապված հարցեր կան, որոնք պետք է քննարկենք ֆեդերացիայում», – ասաց մասնագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ