Ապրիլի 10-ին Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ուսանողական աշխատաժողով: Այս միջոցառումով տրվեց ESPAQ Tempus (Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության բարձրացումը Որակի ապահովման (ՈԱ) գործընթացներում) ծրագրի մեկնարկը: Ծրագրի շրջանակում Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիան (ՀՈՒԱԱ) Հայաստանում կհյուրընկալի ԵՄ երկրներից 16 ուսանողի:
Միջոցառումը սկսվեց ՀՈՒԱԱ միջազգային կապերի պատասխանատու Գոհար Հովհաննիսյանի խոսքով: Նա ասաց, որ ուրախ են հյուրընկալել ուսանողների Իռլանդիայից, Լիտվայից, Լեհաստանից և Շոտլանդիայից: Նա հույս հայտնեց, որ ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվող իրենց օրերը ակտիվ կլինեն:
Եվրոպական ուսանողական միության գործադիր հանձնաժողովի անդամ Ադամ Գայեքը նույնպես ներկա էր միջոցառմանը: Նա արդեն 7-րդ անգամ է, որ այս ծրագրի շրջանակում լինում է Հայաստանում: Նրա հավաստմամբ՝ ուսանողների հետ կունենան քառօրյա ինտենսիվ թրեյնինգներ: «Մենք շատ բաներ կսովորենք, բայց միևնույն ժամանակ կթողնենք շատ նոր գաղափարներ և զգացողություններ այստեղ»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Ուսանողներին իր խոսքը ուղղեց Լանա Կառլովան, որը ներկայացնում է Հայաստանում Էրասմուս+ ծրագրի ազգային գրասենյակը:
«Մեր թիրախը ուսանողներն են: Մենք ցանկանում ենք ունենալ իսկապես լավ և շատ էնտուզիաստիկ ուսանողների բանակ, որը իրոք կհասկանա, որ կարող է ազդեցություն ունենալ երկրի բարեփոխումների վրա»,- նշեց Լանա Կառլովան:
Իսկ Էրիկ Վարդանյանը ներկայացրեց Հայաստանում ուսանողների ներգրավվածությունը կրթության որակի ապահովման գործընթացում: Գոհար Հովհաննիսյանը ընդհանուր պատմեց ESPAQ ծրագրի և նրա նպատակների մասին:
Ռոզա ԾԱՂԻԿՅԱՆ