Մեր նախկին հրապարակումներում նշել էինք, որ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում՝ Ազատամարտիկների թաղամասում, կառուցվում են նոր առանձնատներ՝ «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի կողմից:
Անցած տարի այս թաղամասում, չնայած ապրիլյան պատերազմական իրադարձություններին, շահագործման հանձնվեցին 10 առանձնատուն և 8 բնակարանով մեկ շենք: Բնակարանները հատկացվեցին բազմազավակ ընտանիքների, նորապսակների, զինվորականների: Բնակարանամուտին ներկա էր նաև ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը:
Արդեն մեկ ամիս է, ինչ թաղամասում 11 նոր առանձնատուն է կառուցվում: Վերջերս շրջվարչակազմի ղեկավարի խորհրդական Սեյրան Պողոսյանի հետ այցելեցի Իշխանաձոր, ծանոթացա կատարված աշխատանքներին, զրուցեցի շինարարության պատասխանատուների, շինարարների հետ:
Տարվա սկզբից շրջվարչակազմի ենթակայությամբ գործող «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի կողմից բարեկարգվում են նաև շրջանի ճանապարհները: Այժմ բարեկարգման ընթացքում է Բերձոր-Իշխանաձոր հատվածը: Մինչ Իշխանաձոր հասնելը՝ Ծաղկաբերդ-Հակարի գյուղերի մոտ հանդիպեցինք ճանապարհաշինարարներին:
Կարդացեք նաև
Աշխատանքների պատասխանատու Արամայիս Խաչատրյանը տեղեկացրեց, որ 1 ամսվա ընթացքում բարեկարգվել է մոտ 30կմ ճանապարհ: Բացի միջհամայնքային ճանապարհներից, աշխատանքներ են իրականացվել նաև Վուրգավան, Ուռեկան, Հակարի և այլ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհներում: Վերանորոգվել է նաև Հակարի գետի՝ դեպի Ծաղկաբերդ տանող կամուրջը:
Ա. Խաչատրյանը հավելեց, որ մոտ 1 շաբաթից կավարտեն տվյալ հատվածի ճանապարհների բարեկարգումը, և աշխատանքը կշարունակեն նոր հատվածներում:
Հարթեցնող տեխնիկայի վարորդ Ռադիկ Մեսրոպյանն անցած տարվա նոյեմբերից է այս հատվածում, Սյունիքի մարզի Քարահունջ գյուղից է: Կարևորում է իր աշխատանքը, ձգտում հնարավորինս որակյալ աշխատանք իրականացնել: Գոհ է, որ ունի աշխատանք և կշարունակի վարել իր հզոր մեքենան ու հարթեցնել Քաշաթաղի գլխավոր ճանապարհահատվածները:
Երբ անցնում էինք շրջանի հարավային թևի բնակավայրերով, մեր բնակիչները այգիներն էին մշակում, գարնանային այլ աշխատանքներ կատարում: Հավատում են հայ զինվորին՝ նա մշտապես անառիկ է պահելու հայրենի սահմանը, և վերահայացած մեր հայրենիքը գնալով ավելի է շենանալու, ծաղկելու:
Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանն Իշխանաձորում էր, գոհ է շինարարական աշխատանքներից: Շինհրապարակում եռուզեռ է, 11 առանձնատան պատերն արդեն կանգուն են: Շինարարները սկսել են կտուրները կապել:
Որմնադիր-վարպետներ Սլավիկ Թևանյանն ու Արևշատ Խարատրյանն այս ընթացքում 2 տունն են կառուցել: Թաղամասի շինարարությունը ղեկավարում է Իշխանաձորի գյուղական համայնքի ղեկավար Արսեն Թելունցը: Տեղեկացրեց, որ այս պահին աշխատում է 8 բրիգադ. մեկը՝ ՀՀ Արտաշատ քաղաքից, մնացածը Իշխանաձորից ու մոտակա բնակավայրերից են:
Կարևորեց շինարարությունը նաև այն առումով, որ աշխատատեղ է, մոտ 100 մասնագետ ստիպված չեն եղել մեկնել արտերկիր, այլ աշխատում են տանը, և ժամանակին վարձատրվում:
Թաղամասում «Հայրենասեր» բարեգործական կազմակերպության կողմից խաղահրապարակ է կառուցվում: Մոտ 1 ամսից տները պատրաստ կլինեն, և հնարավոր է ևս 10 կամ ավելի նման տներ կառուցվեն: Բացի բնակելի տներից, թաղամասում նաև ժամանցի կենտրոն է կառուցվում:
Արտուշ Արզանյանը, որը ղեկավարում է կառուցման աշխատանքները, ասաց՝ նախատեսված է կենտրոնը շահագործման հանձնել հացահատիկի բերքահավաքի ժամանակ:
Ա. Թելունցի հետ շրջեցինք շինհրապարակում. 10-ամյա Անդրանիկ Այվազյանն օգնում էր պապին, ով նորակառույցների համար հեծանների ամրաններ է գործում: Լավ է սովորում Անդրանիկը, որոշել է շինարար դառնալ և ազատ ժամերին պապի հետ մետաղյա ամրանների համար օղակներ է պատրաստում:
Վերադարձին Տիգրանավան գյուղի մոտ՝ Հակարի գետի ափին, հարևան մի քանի բնակավայրերի երիտասարդները ֆուտբոլ էին խաղում: Զրուցում եմ տղաների հետ. 3 հոգի զինվորականներ են, արձակուրդ են եկել մի քանի օրով: Վստահեցրին՝ Հայոց սահմանն անառիկ է, իսկ խաղաղությունը կհաստատվի ոչ թե Հակարին ու Ողջին թշնամուն փոխզիջելով, այլ դրանց ափերին գտնվող բնակավայրերում արարելով, այստեղ բնակվող մեր ժողովրդի անդորրը պաշտպանելով:
Զոհրաբ Ըռքոյան