Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ իշխանությունները Երեւանի ավագանու ընտրություններում ունեն իրենց պլանը եւ այդ պլանում տեղավորվում են այն ընդդիմադիրները, որոնք առաջադրվել են: Այսօր լրագրողների հետ զրույցում այդ առնչությամբ մեր հարցին «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Գործող այս ապօրինի իշխանությունն ունի իր ծրագիրը եւ պլանը, բայց դու պետք է այդ ծրագիրը եւ պլանը խախտես եւ գործես դրանից դուրս եւ անակնկալներ մատուցես ու գրավես քաղաքապետարանը»:
Մենք ճշտեցինք՝ Դուք խոստանում եք նման անակնկալնե՞ր՝ նա պատասխանեց. «Ես փորձելու եմ անակնկալներ մատուցել, տեսնենք ինչպիսի ապագա կխոստանա դա մեզ»:
Լրագրողների հարցին՝ քանի որ նորաստեղծ կուսակցություն եք, ձեր շանսերն ինչպես եք գնահատում Երեւանի ավագանու ընտրություններում՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ դա ցույց կտա ժամանակը. «Կապ չունի նորաստեղծ է, թե հին է, կարեւոր է, թե ինչպիսի ծրագիր կներկայացվի այդ քաղաքական ուժի կողմից եւ որն է նրա կարճաժամկետ եւ երկարաժամկետ տեսլականը: Մենք այս ընտրությունները դիտարկում ենք՝ որպես քաղաք-պետության ընտրություններ: Սրանք քաղաքական ընտրություններ են: Սա քաղաքական լուրջ գործընթաց է»:
Լրագրողների դիտարկմանը՝ ձեր ցուցակի առաջին տասնյակին ծանոթացանք, կան անուններ, որոնք հանրության լայն շրջանակներին ծանոթ չեն՝ Զարուհի Փոստանջյանն արձագանքեց, որ նրանք իրենց ոլորտում կայացած անձինք են. «Չեմ կարծում, որ նրանք հանրությանը ծանոթ չեն: Իհարկե, քաղաքական տեսանկյունից միգուցե անծանոթ են, բայց իրենց ոլորտի լավագույն մասնագետներն են: Դուք տեսել եք, թե ովքեր են այնտեղ ներգրաված, մեր ազգի լավագույն մասնագետներն են: Եթե դու քո ոլորտում կայացած ես, ճանաչված ես եւ հարգված եք քո ոլորտում, ապա քաղաքականության մեջ կարող է եւ ունենաս հաջողություն եւ ունենալ նաեւ հաղթանակ: Այս թիմը հաղթող թիմ է եւ հաղթանակ է բերելու մեր հանրությանը»:
Կարդացեք նաև
Թե ընտրությունների համար ֆինանսները որտեղի՞ց են բերելու՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ ստանալու են աջակցություն մեր հայրենակիցներից, որոնք ունեն երկքաղաքացիություն եւ պատրաստ են աջակցել ՀՀ քաղաքական այն ուժին, որը կներկայացնի ողջ հայության քաղաքական օրակարգը. «Մեր թիմի կազմում ներգրաված են երկքաղաքացիներ, եւ մենք սա խրախուսում ենք եւ քարոզում ենք, որ մեր հայրենակիցները, ովքեր բնակվում են սփյուռքում, նախ ձեռք բերեն ՀՀ քաղաքացիություն եւ ներգրավեն ՀՀ քաղաքական կյանքին, մասնակցեն որոշումների ընդունմանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
նկատի ունենալով այս Տիկնոջ մօտեցումներն ու վարքագիծը, շփոթ է գոյանալու իր խմբակի անունին եւ Ոսկէ Ծիրան Կինոյի փառատօնի միջեւ…