Այսօր «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք Երեւանի ավագանու ընտրություններից, երբ գնահատականներ են հնչում, որ մեր երկրում ընտրություններ չեն լինում, սա համակենտրոնացման ճամբար է եւ ճամբարի ընտրություն է:
Նա պատասխանեց. «Միանշանակ է, որ երբ մենք դասական տրամաբանության մեջ ենք դիտարկում ընտրություն դասական իմաստով ոչ այս 25 տարիների ընթացքում, ոչ էլ այս նախորդ ընտրությունները, որ տեղի ունեցան, իբր թե ընտրություններ էին, բայց իրականում տեղի չունեցան դրանք ազատ, արդար եւ հավասար պայմաններում, մենք սա հասկանում ենք: Բայց սա դիտարկում ենք՝ որպես քաղաքական գործընթաց եւ քաղաքական պայքարի միջոց եւ այդ քաղաքական պայքարի միջոցով մենք պատրաստվում ենք նաեւ գրավել Երեւանի քաղաքապետարանը»:
Լրագրողները հարցրեցին՝ տեսակետ կար, որ «Ելքն» ու «Երկիր ծիրանին» պետք է միասին մասնակցեին Երեւանի ավագանու ընտրություններին, որպեսզի ընդդիմության կոնսոլիդացիա լիներ, ինչո՞ւ չեղավ՝ Զարուհի Փոստանջյանն ի պատասխան նախ հիշեցրեց, որ երկու ամիս առաջ էլ ինքը մերժել էր դաշինքների գաղափարը, որովհետեւ դրանք ձեւավորվում էին արհեստական, ոչ գաղափարի ու ծրագրերի շուրջ. «Իսկ եթե չկա գաղափարախոսություն, դա չի կարող լինել արդյունավետ միավորում եւ ժամանակի ընթացքում եւ շատ կարճ ժամանակում այդ միավորումը ձախողում է ունենում: Դա ցույց է տվել իմ ոչ միայն շուրջ 10 տարվա փորձը քաղաքականության մեջ, այլ նաեւ այս 25 տարիների մեր քաղաքական փորձը, որ այսպիսի միավորումները արդյունավետ չեն: Ամենակարեւորը՝ եթե չկան նույնատիպ ծրագիր, նույնանման գաղափարախոսություն եւ սկզբունքներ, ապա ո՞ւմ հետ ես դու միավորվում: Ես գտնում եմ, որ պետք է լինի հստակ ծրագիր, գաղափարախոսություն եւ սկզբունքներ եւ դու պետք է այդ գաղափարախոսությունը, ծրագիրը եւ սկզբունքը առաջ մղես»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ