«Ժամանակ է մեզ պետք, որ հասկանանք ինչ նոր քաղաքական իրավիճակում ենք հայտնվել՝ ինչ վերադասավորումներով, վերախմբավորումներով եւ վերաիմաստավորումներով: Պետք է շարունակել պայքարը ՀՀ-ում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Մեր հարցին՝ արտախորհրդարանական պայքարը դուք շարունակելո՞ւ եք՝ նա պատասխանեց. «Պայքարը չի լինում խորհրդարանային կամ արտախորհրդարանային, լինում է քաղաքական: Հատկապես, երբ խորհրդարանը լեգիտիմ չի եւ չի արտահայտում հայ ժողովրդի ընտրությունը, խոսել արտախորհրդարանական կամ խորհրդարանական ընդդիմության կամ քաղաքական պայքարի մասին՝ ավելորդ է: Իրականում հաճախ շատ ավելի լեգիտիմ է լինում այն ընդդիմությունը, որը խորհրդարանից դուրս է, այն քաղաքական ուժերը, որ խորհրդարանից դուրս են, քան այն ուժերը, որ այնտեղ ներկայացված են: Իսկ դա այդպես է լինում հենց այսպիսի դեպքերում, երբ տոտալ ընտրակեղծարարությամբ աղավաղվում է ժողովրդի կամքը»:
Լրագրողները հարցրեցին՝ ճի՞շտ է, որ ձեր վարկանիշի վրա վատ անդրադարձան Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցները, դրա համար չանցաք խորհրդարան՝ Լեւոն Զուրաբյանը չհամաձայնեց: Նա վստահեցրեց, որ իշխանական քարոզչամեքենան է աշխատել իրենց դեմ. «Մինչեւ մարտի 21-ը ոչ ոք մեզ չէր անվանում դավաճան, հող հանձնող, հետո 21-ից հետո պետական պրոպագանդայի մակարդակի դա բարձրացվեց, սկսեցին այն ըմբոստ ընդդիմադիր հասարակական կարծիքը մեզնից ուղղորդել դեպի իրենց պրոյեկտները, այդքան բան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ